Երկնքի Արքայության դուռը բացող առաքինությունը

Աստվածային սերը մարդու մեջ գործում է ողորմածությամբ, իսկ սերը դեպի այս առաքինությունը, անկասկածելիորեն, մարդու առջև բացում է Երկնքի Արքայության դուռը՝ հիշեցնելով երանիներից հինգերորդը՝ երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք Աստծուց ողորմություն պիտի գտնեն (Մատթեոս 5:7):

Հուլիսի 15-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Էջմիածնի Առատաշեն գյուղի Սայաթ-Նովա 21 հասցեում բնակվող բազմազավակ կարիքավոր ընտանիքին: Ութ հոգուց բաղկացած ընտանիքի կարիքները փորձում է հոգալ ընտանիքի որդին, ով ծառայում է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում: Սահակյան Մանուկը (53 տ.) նշեց, որ առողջական խնդիրների պատճառով ինքն այս տարի ի վիճակի չի եղել աշխատելու, այլևս ընտանեկան նպաստ չեն ստանում, իսկ որդու աշխատավարձը չի բավարարում իր, կնոջ, հարսի և չորս անչափահաս թոռնիկների կարիքները հոգալու համար, այդ պատճառով կինը ժամանակավոր աշխատանքի է անցել դաշտում, թեև սրտի հետ կապված խնդիրներ ունի:

Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդալուց հետո ընտանիքին հանձնեց ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի աջակցությամբ գնված սննդի փաթեթներ և հիգիենիկ պարագաներ:

Ներող, ողորմած, համբերող և խնամող է Աստվածային Սերը: Այդ անհուն Սերը, որ սավառնում է մեզ վրա, ոչ թե պարտավորության զգացման, այլ բնական ձգտման է տանում մեզ սիրելու Նրան՝ Ով մեզ նախ սիրեց և սիրելու մեր նմանին: Սիրելու կարողությունը բնածին է յուրաքանչյուր կենդանի արարածի, հատկապես մարդկանց մեջ: Եթե Աստծուն և մեր նմանին չսիրենք անհատույց սիրով, ապա սերը մեր մեջ կկորցնի իր աստվածային բնույթը և կվերածվի անձնասիրության:

 

 

Կարինե Սուգիկյան

15.07.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․