Երկնքի արքայություն

Երկնքի արքայություն  | Erknqi Arqayutyun

 «Երկնքի Արքայությունը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ, առնելով, սերմանեց իր արտի մեջ: Այն փոքր է, քան բոլոր սերմերը. սակայն երբ աճում է, բոլոր բանջարներից ավելի է մեծանում ու ծառ է լինում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերի վրա հանգստանում» (Մատթ. 13.31-32):

 

Քրիստոս Երկնքի Արքայությունը մեր հավատքն է կոչում, բայց նաև Երկնքի Արքայությունը մեր Տերը` Հիսուս Քրիստոսն է: Գիտեք, որ մանանեխի հատիկը ամենափոքր սերմն է բոլոր սերմերի մեջ, և եթե անգամ մի փոքրիկ մանանեխի հատիկի չափ հավատք կա և մենք Տիրոջն ենք ապավինում, փնտրում Երկնքի Արքայությունը և փորձում պահել Տիրոջ պատվիրանները, աղոթել, ապա այդ մանանեխի հատիկը մեր հոգու մեջ ընկնելով սկսում է աճել, զարգանալ, տարածվել մեր ողջ էության մեջ, մեր մտքի, մեր սրտի մեջ ճյուղեր է արձակում, կարծես մի ողջ ծառ է դառնում մեր էության մեջ և տիրում է մեզ, որովհետև հավատքից ծնվում է հույսը, և եթե մենք հավատում ենք Տիրոջը, ապա հույս ունենք, որ Տերը մեր հոգուն խաղաղություն պետք է պարգևի, մեզ Երկնքի Արքայությունը պետք է շնորհի: Այսպիսով, հավատքից առաջանում է հույսը, և եթե մեր հույսը մեծանում է և անընդհատ տեսնում ենք Աստծու ողորմությունները մեր հանդեպ, ապա մեր սրտում ծնվում է  սերը և այդ սերն է, որ կարծես դառնում է մի մեծ ծառ, որ տարածվում, իր արմատներն է գցում մեր ողջ էության մեջ, և այլևս Աստծո սերը չի կարող մեզ լքել և մենք Աստծո սիրո մեջ հաստատված առաջնորդվում ենք դեպի Երկնքի Արքայություն: Եվ այդ պատճառով է Քրիստոս ասում, որ «Երկնքի Արքայությունը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ, առնելով, սերմանեց իր արտի մեջ». արտը` մեր հոգին է. և այն (հատիկը) աճելով դառնում է մի մեծ ծառ, աստվածային սեր, որը հենց Երկնքի Արքայությունն է: Եվ գրավելով մեզ, գրավում է նաև թռչուններին, որպեսզի գան և հանգրվանեն մեր վրա, իսկ թռչունները` Տիրոջ հրեշտակներն են, որովհետև եթե մենք Տիրոջ պատվիրաններով ենք ընթանում և Երկնքի Արքայությունն ենք փնտրում, ապա Տիրոջ հրեշտակները միշտ մեր շուրջն են, որովհետև Տիրոջ հրեշտակները բարի գործերի գործակից են և մշտապես բարին են ցանկանում, բարին են խորհում և առաջնորդում մեզ: Եվ այդպես, Տերն ասում է, որ «երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերի վրա հանգստանում». աստվածային Երկնքի Արքայությունն ու սերը, որ մեր մեջ հաստատվի, ապա հրեշտակներն էլ կգան դեպի մեզ և մենք այլևս որևէ վտանգ ու սարսափ չենք ունենա, որովհետև Աստծո սերը մեր մեջ կհաստատվի և հրեշտակները մեզ հետ կլինեն և մենք այլևս ոչնչից չենք վախենա: Այդ մասին ասում է Հովհաննես ավետարանիչը. «Սիրո մեջ երկյուղ չկա. և կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը…» (Ա Հովհ. 4.18): Իրապես, ում մեջ հաստատվել է աստվածային սերը, այլևս վախ, երկյուղ, տագնապ չկա, որովհետև Աստծո սերը ինքնին Հիսուս Քրիստոսն է և Երկնքի Արքայությունն է. և եթե Աստծո սերն է մեր մեջ հաստատվել, ապա մենք ոչնչից չենք վախենում, որովհետև ով Աստծուց է վախենում` ոչնչից չի վախենում, իսկ ով Աստծուց չի վախենում` ամեն ինչից է վախենում:

Այնուհետև Քրիստոս շարունակում է և ասում. «Երկնքի Արքայությունը նման է թթխմորի, որ մի կին, առնելով, դրեց երեք չափ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց» (Մատթ. 13.33): Կրկին նույն քարոզն է անում մեր Տերը. խոսում է մեր հոգու մասին, նրա մեջ Երկնքի Արքայության հաստատման մասին: Թթխմորը մեր հավատքն է. կինը, որ գորովոգութ մայր է կոչվում, Աստվածն է. ինչպես մայրն է սիրում և խնամում իր զավակին, այնպես էլ Աստվածն է սիրում Իր զավակներին և ամեն տեսակի խնամք տանում նրանց հանդեպ: Եվ եթե մեր հայրն ու մայրը մեզ լքեն, ապա Աստված մեզ չի լքելու (հմմտ. Սղմ. 26.10): Եվ Տերն ասում է, որ այդ հավատքը, այդ թթխմորը դրվեց երեք չափ ալյուրի մեջ. երեք չափ ալյուրը խորհրդանշում է մեր միտքը, մեր հոգին և մեր մարմինը: Հավատքը դրվում է մեր մեջ մկրտությամբ, որովհետև մենք հավատքի շնորհը մկրտությամբ ենք ստանում, քանզի երբ Սուրբ Հոգին իջնում է մեր մեջ, կարծես աստվածային մեծ զորություն է իջնում մեր մեջ և սկսում է խմորել մեր ողջ էությունը` մեր միտքը, մեր հոգին, մեր մարմինը. Աստված այնպիսի մեծ շնորհ է տալիս մեզ մկրտությամբ և սուրբ հաղորդությամբ, որ  մենք կարող ենք ամբողջովին խմորվել Աստծո զորությամբ և կարծես ինքներս դառնալ աստվածներ, որովհետև Սուրբ Հոգին է, որ բնակվում է մեր մեջ, Քրիստոսի մարմինն ու արյունն են, որ հաստատվում են մեր մեջ և կարծես խմորում են մեր մարդկային բնությունը և դարձնում աստվածային: Այնուհետև մեր Տերը շարունակում է և մեկ ուրիշ առակ է մեկնում` ասելով. «Երկնքի Արքայությունը նմանվեց մի մարդու, որ իր արտի մեջ բարի սերմ սերմանեց: Եվ երբ մարդիկ քնի մեջ էին, նրա թշնամին եկավ և ցանած ցորենի վրա որոմ ցանեց ու գնաց: Եվ երբ ցորենը բուսավ ու պտուղ տվեց, ապա երևաց և այն որոմը: Տանտիրոջ ծառաները մոտեցան ու ասացին նրան. «Տեր, չէ՞ որ քո արտի մեջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեմն որտեղի՞ց է այդ որոմը»: Եվ տերն ասաց նրանց. «Թշնամի մարդ է արել այդ»: Ծառաները նրան ասացին. «Կամենո՞ւմ ես, որ գնանք ու քաղենք հանենք այն»: Եվ տերը նրանց ասաց. «Ոչ, մի գուցե որոմը քաղելիս, ցորենն էլ նրա հետ արմատախիլ անեք: Թողեք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձը, և հնձի ժամանակ ես հնձողներին կասեմ` նախ այդ որոմը քաղեցեք և դրանից խուրձեր կապեցեք այրելու համար, իսկ ցորենը հավաքեցեք իմ շտեմարանների մեջ» (Մատթ. 13.24-30): Այնուհետև Տերը մեկնաբանում է այս առակը. ագարակն աշխարհն է, մարդու Որդին Հիսուս Քրիստոսն է, Ով ցորեններ է ցանում աշխարհի մեջ. ցորեններն արդարներն են, բարի, խղճով, աղոթասեր, մեղքերից հեռու եղող մարդիկ, իսկ թշնամին սատանան է, որն իր որոմներն է ցանում աշխարհում. որոմները չար մարդիկ են, ովքեր չեն ընդունում Քրիստոսին, բարի ընթացք չունեն և հավատքով չեն ապրում: Եվ գաղտնի, գիշերով է սատանան, չարը սերմանում իր չար որոմները, որովհետև ամեն տեսակի չար մարդ գիշերով և ստվերի, խավարի մեջ է գործում իր չար գործերը, երբեք չի կարող դեպի լույսը գալ, քանզի սատանան չի սիրում լույսը, և մեղավորները չեն սիրում լույսը, չեն սիրում Քրիստոսի լույսը, այլ մշտապես թաքնվում են խավարի մեջ, որովհետև մտածում են, որ իրենց մեղքերը կարող են ծածկել, բայց ոչ մի մեղք չի կարող ծածկվել: Իսկ Տիրոջ ծառաները հրեշտակներն են, ովքեր գալիս են, աշխարհի մեջ փնտրում և ասում են Տիրոջը, թե` չէ՞ որ Նա բարի սերմեր սերմանեց, որտեղի՞ց հայտնվեց որոմը, ինչո՞ւ ծլարձակեց ամեն տեղ չարը և կարծես խեղդում է բարուն, չի թողնում, որ ցորենն աճի. ասում են, որ Տերը թույլ տա կտրեն որոմները, վերացնեն աշխարհից չարը: Այսպես են մտածում հրեշտակները, այսպես ենք մտածում նաև մենք. ուզում ենք չարը մշտապես վերացնել, չենք ուզում հանդուրժել, չենք ուզում մեղավորի դարձին սպասել, երկայնամիտ չենք, բայց Աստված մեր պես չի մտածում, Աստված երկայնամիտ է, սպասում է յուրաքանչյուր մեղավորի դարձի գալուն, որ միգուցե մեղավորը կզղջա, միգուցե կփոխվի, նոր մարդ կդառնա. հրեշտակներին թույլ չի տալիս, քանզի միգուցե որոմի հետ ցորենն էլ հանեին, այսինքն` միգուցե մեղավոր մարդուն մենք  պատժենք, վերացնենք, սպանենք, նրան զրկենք փրկվելու և դարձի գալու հնարավորությունից: Ուստի, Աստված երկայնամիտ է, մշտապես սպասում է մեղավորի դարձի գալուն և երբեք չի ուզում, որ մեղավորը կորստյան մատնվի: Բայց դա կլինի մինչև հունձը, մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը, մինչև աշխարհի վախճանը: Աստված երկայնամիտ է, սպասում է, բայց ոչ անվերջ, այլ մինչև մեր այս աշխարհից հեռանալը և մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը: Այն ժամանակ որոմները կկտրվեն, խուրձ-խուրձ կարվեն և կգցվեն կրակի մեջ. այնտեղ կլինի աչքերի լաց և ատամների կրճտոց: Եկեղեցու սուրբ հայրերն ասում են, որ դժոխքի տանջանքներում մարդիկ անընդհատ ծխի մեջ կլինեն և այդ ծխից նրանց աչքերը արտասուքներով կլցվեն. և այնպիսի սառնամանիք կլինի, որ ատամներով անընդհատ կկրճտացնեն, ինչպես մարդ ցրտից է ատամները կրճտացնում: Իսկ արդարները կփայլեն Երկնքի Արքայության մեջ, ինչպես արեգակը, որովհետև արդարները, ովքեր արժանի կլինեն փրկվելու և Երկնքի Արքայությունը ժառանգելու, լույսի նման կլինեն: Ինչպես արեգակն է ամեն առավոտ մեզ ուրախացնում, այնպես էլ արդարները մշտապես ուրախ պետք է լինեն Երկնքի Արքայության մեջ. և այնտեղ չի լինի ցավ, նեղություն և տրտմություն, այլ հարազվարճ, մշտական ուրախություն և երջանկություն: Ուրեմն, գիտակցենք, թե Քրիստոս մեզ ինչի է կոչում. ընտրում ենք Երկնքի Արքայությո՞ւնը, արդարների հետ ուրախությունը, թե՞ ընտրում ենք դժոխքի տանջանքները, աչքերի լացն ու ատամների կրճտոցը: Մեր առջև է դրված ընտրությունը. Աստված արդար է, բայց նաև ողորմած, սպասում է մեղավորի դարձին, չի ուզում նրա կորուստը: Ուստի գիտակցենք և ճիշտ ընթանանք մեր կյանքը, որպեսզի Երկնքի Արքայությանն արժանանանք արդարների և սուրբերի հետ, որտեղ չկա ցավ, հեծություն ու տրտմություն: Ամեն:

 

Տեր Միքայել վարդապետ Գևորգյան

07.12.14
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․