Երկրորդ Ծաղկազարդ

Երկրորդ Ծաղկազարդ | Erkrord Tsaghkazard

Ո՛չ զի մեք սիրեցաք զԱստուած, այլ զի Նա՛ սիրեաց զմեզ, և առաքեաց զՈրդին Իւր ի քաւութիւն մեղաց մերոց։

Մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ Նա՛ սիրեց մեզ և ուղարկեց Իր Որդուն մերմեղքերի քավության համար (Ա Հովհ 4։10)։

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ.

Այսօրվա կիրակին մեր եկեղեցու հայրերը կոչել են Երկրորդ Ծաղկազարդ, քանի որ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի՝ երկինք համբարձումից հետո Նրա մուտքը Վերին Երուսաղեմ ցնծությամբ ու փառաբանությամբ տոնախմբում էին հրեշտակների ինը դասերը, որովհետև Աստծուն տեսնում էին մարդացած։ Ինն օր շարունակ Քրիստոս հրեշտակների ինը դասերում եղավ և ամեն օր մի դասում հանգստացավ։ Չորրորդ օրը Նա հանգստացավ չորրորդ դասում։ Ամեն տարի հրեշտակները տոնում էին այդ օրը, այդ իսկ պատճառով չորրորդ դասի հրեշտակները, որ Աստծու կողմից կարգվել էին սուրբ Գրիգոր Լուսավորչին վիրապում մխիթարելու, բացակայեցին այդ օրը, քանի որ տոնախմբում էին։

Եթե առաջին Ծաղկազարդի ժամանակ «հիշատակվում էր Տիրոջ գալուստը մեզ մոտ՝ երկրային Երուսաղեմ, ապա այսօր՝ Նրա գալը հրեշտակների մոտ՝ Վերին Երուսաղեմ։ Այն օրը Տերը փառաբանվում էր ինչպես Դավթի Որդի, իսկ այսօր՝ ինչպես Աստծո Որդի։ Այն օրը Տերը բազում ժողովրդի ուղեկցությամբ մտավ ներքին Երուսաղեմ, իսկ այսօր հրեշտակների բյուրավոր բանակներով ու մարդկանց հոգիներով մտավ Վերին Երուսաղեմ» («Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները (տոնախոսական բացատրությամբ). Տերունական տոներ», աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի, Էջմիածին, 2006, էջ 397)։

Ուրեմն եկեք այսօր մենք էլ խնդրենք Տիրոջից, որ մեզ պարգևի մանուկների մաքուր սիրտն ու անկեղծ ուրախությունը, խնդրենք, որ մեզ շնորհի հրեշտակների հնազանդությունն ու երկյուղածությունը, որպեսզի մենք էլ կարողանանք երեխաների ու հրեշտակների պարզությամբ մեր սրտերում ընդունել Աստծուն։ Քանի որ Քրիստոս ասում է. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, Երկնքի Արքայությունը չեք մտնի» (Մատթեոս 18։3)։

Եկեք մենք էլ մանուկների պես փառաբանենք Նրան ու խոնարհվենք Նրա առաջ։ Փնտրենք մեր Երկնավոր Ծնողին, մանուկների պես համոզված լինենք, որ միայն մեր Ծնողի գրկում է ապահովությունը։ Աստված ավելի քան ծնող է մեզ համար, որովհետև երբեք չի լքում մեզ, հոգում է մեր կարիքները, սիրում է մեզ անշահախնդրորեն, չի ցանկանում մեր կործանումը։ Եթե շատ դեպքերում, օրինակ՝ մեղանչումների ժամանակ մեր ծնողը կարող է չհասկանալ ու չներել մեզ, ապա Տերը ոչ միայն գրկաբաց սպասում է մեզ, այլև մեր մեղքերի թողության համար Իր Միածին Որդուն է զոհում, որպեսզի Նրան հավատալով կարողանանք փրկվել։

Երբ խնամում ենք մեր այգին, ուշիուշով հետևում ենք մեր մշակած բույսերին, ծառերին, սպասում ենք պտուղները քաղելուն։ Երբ եղանակի պատճառով վնասվում  են պտուղները, մենք ցավ ենք ապրում, ափսոսում ենք թե՛ մեր տանջանքը, թե՛ մեր շահույթի համար ցավում։ Այդպես էլ Տերն է ցավ ապրում, երբ որոմ է աճում մեր սրտում, երբ սպասված պտուղները չենք տալիս։ Նա ցավում է մեր հոգիների կորստյան համար։ Աստված ծնող է, որ ուզում է տեսնել իր զավակների բարի պտուղները, բարի գործերը։ Աստված նաև բժիշկ է, որ բժշկական նշտարով ուզում է մաքրել մեր մեղքերի թարախը, ցանկանում է մեր օրգանիզմից հեռացնել բանսարկուի ներարկած մեղքերի թույնը, ցանկանում է մեր հոգու ցորենի արտից վերացնել թշնամու ցանած որոմը և Իր հրեշտակներին է ուղարկում մեզ պահպանելու։ Եթե նույնիսկ Տերը խրատում ու հանդիմանում է, ապա ծնողի նման բարին է ցանկանում իր զավակների համար։ Առակաց գրքում ասվում է. «Որդյա՛կ, մի՛ անարգիր Տիրոջ խրատը և մի՛ դժգոհիր Նրա հանդիմանությունից, քանզի Տերը ում սիրում, նրան խրատում է և պատժում նրան, ում ընդունում է որպես որդի» (Առակներ 3։11, 12)։     

Հիսուս Քրիստոս այնքան է սիրում մարդկանց, որ երբեք չզղջաց Իր խաչելության համար՝ ի տարբերություն մարդկանց, որ երբեմն զղջում են իրենց կատարած բարեգործության համար՝ անարժան համարելով նրանց, ում համար բարիք են գործել։ Սուրբ Գրիգոր Նարեկացին ասում է, որ Աստված նախապես իմանալով մեր մեղքերը, այդուհանդերձ մեզ կյանք է պարգևում։

Ուստի Աստծու Որդու մարդացմամբ, գալստյամբ, հարությամբ ու համբարձմամբ պետք է ուրախանալ ու ցնծալ և ոչ թե խաչողների նման համառորեն անհավատ լինել և փակել մեր սրտերի դռները Աստծու առաջ։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մարդացումը, գալուստը, մուտքը Երուսաղեմ ավետում են սպասվելիք նոր կյանքը Քրիստոսով, մարդկանց վերածնունդը, բժշկությունը, փրկությունը, մահվան պարտությունն ու կյանքի հաղթանակը։ Նրա համբարձումը ավետում է Սուրբ Հոգու՝ Մխիթարիչի էջքը։ Նրա աշակերտների ու առաքյալների քարոզչությունը ավետում է Աստծու Որդու խոստացած հավիտենական կյանքը։

Հետևաբար թող այսօրվա պատգամը մեզ լինի մանուկների ու հրեշտակների ուրախությամբ ու ցնծությամբ ընդունել Հիսուս Քրիստոսին։ Որքան էլ մարդիկ այսօր զբաղված լինեն, եթե ցանկանան՝ Աստծու համար ժամանակ կգտնվի։ Իրականում օրվա ընթացքում հնարավորություններ են ստեղծվում մարդու համար՝ Աստծուն հիշելու, մի աղոթք մրմնջալու և մի փառաբանության խոսք երկինք ուղղելու համար։ Ահա թե ինչու մեր մաղթանքն է, որ մեր թվացյալ արթմնի կյանքը Աստծու նկատմամբ անտարբեր չանցնի, այլ, ընդհակառակը, մենք արթուն լինենք հավատքի կյանքում։ Թող մեր իմաստությունը չծառայի միմիայն կյանքի զանազան խնդիրների լուծման համար, սակայն Աստվածահաճո գործերի հարցում բարիք արարած չլինի և Աստծուն ներկայացնելու ոչինչ չունենա։ Թող մեր աշխատասիրությունը չհեռացնի մեզ աղոթքից ու եկեղեցական արարողություններից։ Թող մեր գերազանց վարքն ու պարտաճանաչությունը հպարտություն չծնեն մեր սրտերում և Աստծու փոխարեն մեր սրտերում բազմեցնեն մեր անձերին։ Թող մեր կյանքը ունայն չանցնի, այլ լցվի Աստվածահաճո պտուղներով։ Թող մեր կյանքը ընթանա Աստծու ներկայությամբ, այլ ոչ թե բազմազբաղ, բայց իրականում առանց հավատքի ու առանց Աստծու։ 

Սիրելինե՛ր, երբ մենք գնում ենք եկեղեցի, մեր առջև բացվում են Աստծու տան դռները։ Եկեք այսօր խնդրենք Աստծուն, որ մեր սրտերն էլ արժանավորապես բացվեն Սուրբ Երրորդության առջև։ Երբ մեր շուրթերը աղոթք մրմնջան, թող մեր մտքերն էլ տարվեն երկնայինի խորհրդածությամբ՝ մի պահ կտրվելով աշխարհի անցուդարձերից ու խնդիրներից։ Մանուկների ու հրեշտակների փառաբանությանը միանանք և երջանիկ լինենք Աստծուն ընդառաջ գնալով, Աստծուն երկրպագելով, Աստծու առաջ խոնարհեցնելով մեր անձերը։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․ ամեն։   

 

Տեր Վահան քհն․ Առաքելյան

 

29.05.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․