26 Նոյեմբեր, Գշ
- Հա՛յր, դժվարանում եմ երկրպագություններ անել, ինձ դուր չի գալիս:
- Երկրպագություն անելիս մտածիր, որ կանգնած ես Աստծու առջև և երկրպագում ես Նրան, և այնժամ կսիրես երկրպագությունները:
Քեզ և քո մերձավորների համար արված երկրպագություններն ամենագլխավոր ձեռագործն է, անվերջ ձեռագործ, և կարևոր է, որ մարդը նախանձախնդրություն և ջանք թափելու ցանկություն ունենա: Երկրպագությունները դրա համար էլ երկրպագություն են կոչվում. դրանցով խոնարհություն ենք ձեռք բերում և Աստծուց ներում հայցում այնպես, ինչպես, երբ մարդու առջև մեղանչում ենք, խոնարհվում ենք ու ասում. «Օրհնի՛ր»: Երբ սկսում են երկրպագություն անել, օգտակար է, որ խոնարհությամբ ասենք. «Մեղա՜ Քեզ, Տե՛ր, ների՛ր ինձ»:
- Հա՛յր, հոգևոր և մարմնական կրքերից ապաքինվել եմ, այժմ երախտագիտությունս ինչպե՞ս հայտնեմ Աստծուն:
- Իսկապե՞ս երախտագիտության զգացում ունես: Եթե իսկապես զգում ես, նշանակում է՝ արդեն հայտնել ես: Գլխավորը հոգում երախտագիտություն ունենալն է: Այնուհետ ինչպես ասես կարող ես այն հայտնել՝ սխրանքներով, երկրպագություններով և այլն: Օրինակ՝ իմ խցի մոտ երբեմն անտուն կատվի ձագեր են հավաքվում և ես նրանց կերակրում եմ: Իսկ երեկոյան, երբ գնում եմ թերթիկներն արկղից հանելու, նրանք չգիտեն, թե իրենց երախտագիտությունն ինչպես հայտնեն. վազքով մոտ են գալիս, քսմսվում ոտքերիս, առաջ են վազում, բարձրանում նոճու վրա, կրկին ցած իջնում, թռչկոտում, պտտվում, նորից ոտքերիս փաթաթվում: Յուրաքանչյուրն իր ձևով է արտահայտում ուրախությունը: Մի՞թե ես նրանց երախտագիտության կարիքն ունեմ: Իհարկե ոչ, սակայն, չնայած որ նրանք ընդամենը կենդանիներ են, դա նրանք ակամայից են արտահայտում: Ուզում եմ ասել, որ գլխավորն այն է, որ մարդը երախտագիտություն զգա, իսկ արտահայտել կարող է ցանկացած եղանակով: Երբ մարդը երախտագիտության մթնոլորտում է շարժվում, ապա երկրպագություններն անում է նախանձախնդրությամբ, ուրախությամբ, Քրիստոսի սիրուց մղված: Այնժամ նա հոգնություն չի զգում, ինչպես երեխաները չեն հոգում, երբ հորը տեսնելով՝ սկսում են ուրախությունից թռչկոտել:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը