25 Նոյեմբեր, Բշ
Ճամփաբաժանին երկու ճանապարհ հանդիպեցին՝ լայնն ու նեղը:
- Քեզ ամբողջովին աչքաթող ես արել, քարերով ու մացառներով ես լցվել,- սկսեց նեղ ճանապարհին նախատել լայնը,- քո ճամփորդները, մեկ էլ տեսար, քաղցից ու հոգնությունից կմեռնեն: Իսկ ես հարթ ու գեղեցիկ եմ: Ճամփեզրերիս սրճարաններ, ռեստորաններ ու տներ են՝ իրենց բոլոր հարմարություններով: Ապրիր և ուրախացիր...
- Ինչո՞ւ հանկարծ լռեցիր: Խոսքերիցդ ելնելով լավ ես ապրում,- զարմացավ նեղ ճանապարհը:
- Լավը լավ է…,- հոգոց հանեց լայնը,- բայց իմ վերջում անդունդ է: Անհատակ, սև ու մռայլ: Այնպիսին, որ նույնիսկ նկարագրել չեմ կարող: Շատ մարդիկ չեն էլ կասկածում դրա մասին: Իսկ նրանք ովքեր գիտեն՝ հեռու են վանում իրենցից այդ միտքը: Երևում է ողջ ճշմարտությունը չգիտեն: Իսկ ես այնքան եմ այդ անդունդին նայել, որ աշխարհում ամեն ինչից շատ, վախենում եմ մի օր դրա մեջ սահել: Իսկ դա արդեն մեկ ընդմիշտ կլինի: Էհ, իսկ դու ինչպե՞ս ես ապրում:
- Դժվար է,- հոգոց հանեց նեղ ճանապարհը,- և նրանց համար էլ, ովքեր անցնում են ինձնով, հեշտ չէ: Բայց, փոխարենն, իմ վերջում մի սար է: Եվ դրա վրա բարձրացածներն այնքան լուսավոր են, ուրախ ու երջանիկ, որ քեզ նույնիսկ նկարագրել չեմ կարող: Եվ ես էլ ամենից շատ ուզում եմ այնտեղ հայտնվել, որովհետև հույս ունեմ, որ դա ընդմիշտ է:
Այսպես խոսեցին ճանապարհներն ու տարբեր կողմեր գնացին: Իսկ ճամփաբաժանին մնաց այն մարդն, ով լսեց այս ամենը: Եվ ահա թե ինչն է տարօրինակ՝ նա մինչ այժմ կանգնել է այնտեղ ու դեռ մտածում է, թե որ ճանապարհով գնա:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի