Երկյուղածություն
Ես ու՞մ եմ նայելու, եթե ոչ` հեզերին ու խոնարհներին և նրանց, ովքեր դողում են Իմ խոսքից (Եսայի ԿԳ 2)։
Մեծ երկյուղով, երբ մտնելու լինենք, երկրպագենք Թագավորին, որ այնտեղ է, քանզի այնտեղից առաջին իսկ հայտնությունը կարող է զարմացնել տեսնողին. փակված են այժմ դռները մեզ համար, իսկ երբ բաց տեսնենք դրանք (որ փնտրողների նպատակն է), պիտի տեսնենք ներսում մեծ լուսավորություն:
Այսուհետև ամբոխով ու խռովությամբ չմտնենք, այլ` խորհրդական լռությամբ, քանզի եթե թատրոններում այն ժամանակ են կարդում թագավորների հրովարտակները, երբ մեծ լռություն է տիրում, ապա որչափ առավել այս քաղաքում է պետք, որ ամենքը խոնարհվեն և ուշադիր լինեն հոգով ու լսելիքով: Եվ եթե այսպես անձներս պատրաստենք, Հոգու շնորհները բազում ճշմարտությամբ կառաջնորդեն մեզ, և այնտեղ արքունական աթոռին կհասնենք: Եվ այնտեղի բոլոր բարիքներին հասնում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհներով ու մարդասիրությամբ (ս. Հովհան Ոսկեբերան):
Հնազանդություն
Լսեցե՛ք, ունկնդի՛ր եղեք և մի՛ հպարտացեք, քանզի Տերը խոսեց (Երեմ. ԺԳ 15)։
Աստծու խոսքին հնազանդվել ցանկացողներին ու բարի պտուղ տվողներին ուղեկցում են հետևյալ հատկությունները` հեծեծանք, խոնարհ հայացք, աղոթք, լռություն, մի տեղում մնալ, ցավագին լաց, բարեպաշտ լինելու սրտացավություն, և գործերը` հսկում, պահք, ժուժկալություն, հեզություն, մեծահոգություն, հարատև աղոթք, Սուրբ Գրքի սերտում, հավատ, խոնարհություն, եղբայրասիրություն, հնազանդություն, աշխատանք, չարչարանք, սեր, բարություն, ազնվություն, և բովանդակ լույսը, որ է Աստված:
Կյանքի պտուղներ չտվողներին ուղեկցում են հետևյալ հատկությունները` հուսահատություն, մեծամտություն, թափառիկ հայացք, մտացրություն, տրտունջ, անհասկացողու-թյուն, և գործերը` շատակերություն, բարկություն, դյուրա-գրգռություն, բամբասասիրություն, ամբարտավանություն, անտեղի խոսասիրություն, անհավատություն, անկայունություն, մոռացկոտություն, հուզմունք, շփոթություն, ագահություն, արծաթասիրություն, նախանձ, խարդախություն, արհամարհանք, դատարկախոսություն, անտեղի ծիծաղ, քմահաճություն և բովանդակ խավարը, որ է սատանան (ս. Մակար Եգիպտացի):
Նա է հոգևոր ճարտարապետ, ով Սուրբ Գրքի հոգևոր ուսմունքներից կառուցում և վեր է խոյացնում մի կոթող, որն իր լսելիքի համար դառնում է պատսպարան` զերծ պահելով նրան մոլորություններից:
Նա կարողանում է վերականգնել համաձայնությունը Ս. Գրքի այն հատվածների միջև, որոնք անմիտ մարդկանց թվում են հակասական. հաշտեցնում է իր խորագիտությամբ` վերացնելով հակասությունները, կապակցում է իր խոհականությամբ` ի չիք դարձնելով տարաձայնությունները. և խաղաղություն է հաստատում բորբոքված ունկնդիրների մեջ, ովքեր իրենք իրենց հետ պայքարի մեջ լինելով` հակասություններ էին գտնում նաև Ս. Գրքի ամենևին էլ իրար չհակասող տեղերում: Եվ երբ հաշտվում են ունկնդիրները` հաշտվում են իրար հետ և Ս. Գրքի տարբեր հատվածներ:
Աստծո խոսքերը նման են բոլոր հիվանդությունների համար պիտանի դեղամիջոցի: Արտաքուստ նրանք տարբեր են թվում, բայց ներքուստ նման են իրենց բուժիչ զորությամբ: Սակայն մեր բանավեճերով մենք աստվածային գիտության մեջ էլ ենք տարաձայնություններ մտցնում, որի հետևանքով մեր բերաններում այն դառնում է ներհակ: Վիճաբանություն սիրողների բերաններում նույնիսկ Աստծո խոսքերն են սկսում իրար հակասել (ս. Եփրեմ Ասորի):
Գրիգոր Դարբինյան
«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից