Հունիսի 29-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և եկեղեցու սպասավոր Վաչագան սրկ. Դոխոլյանի ուղեկցությամբ, ուխտագնացության մեկնեց Տավուշի թեմի սրբավայրեր: Ուխտավորների աղոթքի ուղին հարստացավ Արևագալի ժամերգության աղոթքներով ու շարականներով, ապա բարեշնորհ սարկավագն ուխտավորների հետ զրուցեց հոգևոր օրենքների մասին՝ թվարկելով դրանցից մի քանիսը, օրինակ՝ երբ մարդը կարողանում է տեսնել իր մեղքերը, երբ գիտակցում է, որ փոքր մեղքը կարող է իրեն գցել մեծ մեղքի մեջ, իսկ փոքր առաքինությունն առաջնորդել մեծ առաքինության, որ մարդ չպետք է իր փառքը փնտրի, քանի որ Աստված շնորհներ է պարգևում յուրաքանչյուրին իր խոնարհության չափով, իսկ խոնարհությունը ձեռք է բերվում՝ առաքինությունների և պատվիրանապահության մեջ հարատևելով:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտավորների աղոթքի և խոկման ուղին կանգ առավ Դիլիջան քաղաքից 4 կմ արևմուտք՝ Շամախյան գյուղից ոչ հեռու գտնվող Մաթոսավանքում (1247 թ.), որ բաղկացած է միմյանց կից երեք կառույցներից՝ եկեղեցուց, գավթից և գրատնից: Սրբավայրի ներսի պատերին կան բազմաթիվ բարձրաոճ խաչքարեր, իսկ հյուսիսային պատի տակ կանգնած է հարուստ հարդարանքով խաչքար` 1251 թ.-ի արձանագրությամբ: Մաթոսավանքի տարածքով մեկ գտնվող բազմաթիվ խաչքարերը կարծես միաձուլվել էին բնությանը: Սրբավայրում ուխտավորները մասնակցեցին Խաղաղական ժամերգությանը, «Տեր ողորմեա»-ն երգեցին և աղոթք բարձրացրին առ Տեր հիվանդների համար:
Հաջորդ սրբավայրը, որ մոտակայքում էր և սպասում էր ուխտավորներին, Մաթոսավանքի հանդիպակաց լեռնալանջին գտնվող Ջուխտակ վանքն էր, որ բաղկացած է Ս. Աստվածածին (1201 թ.) և Ս. Գրիգոր (11-րդ դար) եկեղեցիներից (այստեղից է «Ջուխտակ» ժողովրդական անվանումը, «ջուխտ» նշանակում է զույգ): Եկեղեցիները կառուցված են գեղատեսիլ բլրի վրա՝ բոլոր կողմերից շրջապատված անտառապատ լանջերով: Սրբավայրի շուրջ տարածված է միջնադարյան գերեզմանոցը իր յուրահատուկ տապանաքարերով։ Ս. Աստվածածին եկեղեցում ուխտավորները մասնակցեցին Հանգստյան ժամերգության և «Տեր ողորմեա»-ն երգեցին ննջեցյալների համար:
Ապա Վաչագան սարկավագն անդրադարձավ օրվա հիշատակելի սրբերի՝ Սուրբ Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի վարքագրությանը, մասնավորապես հայրապետի եկեղեցաշեն և քաղաքական կարևոր գործունեությանը: Ուխտավորները սրբերին ուղղված բարեխոսական աղոթքով Տիրոջից հայցեցին, որ Ամենակարողը զորավիգ լինի հայ ազգին խոնարհված եկեղեցիների վերակագնման մեջ: Եկեղեցու հայրերից Ս. Նեղոս Սինայեցին հորդորում է միշտ լսել ու խոսել սրբերի կատարած գործերի մասին, որովհետև դրանք հոգին մղում են նրանց նմանվելու: Աղոթքի ուղին ուխտավորների համար հիշատակելի սրբերի վարքի մասին խոկման մի առիթ էր ևս. Սուրբ Ներսես Մեծ հայրապետը Աստծո հանդեպ մեծ երկյուղ ուներ, պահում էր Նրա ավանդած պատվիրանները, մարդասեր էր, խաղաղասեր, աղքատասեր, սուրբ, զգաստ, իմաստուն և անաչառ: Կատարյալ էր Աստծո սիրո մեջ, ըստ Տիրոջ պատվիրանի՝ իր ընկերոջն իր անձի չափ սիրում էր: Նախանձախնդիր էր Աստծո փառքի համար և աղոթքից չէր ձանձրանում: Շատ էր սիրում աղքատներին ու տառապածներին և իր հագուստներից ու կերակուրներից բաժին հանելով նրանց համար՝ հոգ էր տանում: Նեղության և տագնապի մեջ գտնվողների համար օգնական և վերակացու էր, զրկվածների իրավունքները ինքն էր պահում: Իսկ Խադ եպիսկոպոսը թե՛ բարեգործական աշխատասիրությամբ, թե՛ վարչական հանճարով իբրև երկրորդ Ներսես է համարվել:
Այնուհետև Ջուխտակ վանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ուխտավորներն ապաշխարության աղոթք ասացին:
Ուխտի հոգենորոգ օրը յուրաքանչյուր ուխտավորի հուշում էր հոգևոր օրենքներով և Աստծո հանդեպ մեծ երկյուղածությամբ ապրել, քանի որ հոգու օրենքներն ու աստվածային երկյուղն առաջնորդում են մարդուն փրկության, այլ ոչ թե հուսալքության կամ մոլորության: Աստծո առջև մշտապես երկյուղի մեջ մնալով՝ մարդն իրեն երջանիկ է զգում: Դա բացատրություն չի պահանջում: Բավական է միայն հայացք նետել և համեմատել այն մարդկանց, ովքեր չունեն Աստծո երկյուղը և այն մարդկանց, ովքեր այն ունեն իրենց սրտում: Առաջինների մոտ անհանգստություն է, իսկ երկրորդների մոտ՝ հանդարտություն: Ականջալուր լինենք Տիրոջ պատգամին՝ Պետրոս առաքյալի շուրթերով ասված. «Եթե «Հայր» եք կոչում Նրան, որ առանց աչառության դատում է յուրաքանչյուրին ըստ գործերի, ապա երկյուղով ապրեցեք այս աշխարհում ձեր պանդխտության ժամանակը» (Ա Պետր. 1:17):
Կարինե Սուգիկյան