Հարցազրույց Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ, surbzoravor.am կայքի խմբագիր, թարգմանիչ և ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի ծրագրի համակարգող՝ Էմիլիա Ապիցարյանի հետ:
Ուխտագնացության պատմությունը վկայում է, որ աշխարհի տարբեր երկրներից բազմահազար ուխտավորների համար դարեր շարունակ բաղձալի մի ճանապարհ է եղել դեպի Սուրբ Երկիր՝ Երուսաղեմ, ուխտի մեկնելը: Այսօր էլ դեպի Սուրբ քաղաք ուխտավորների հոսքը չի դադարում: Ուխտի այս բաղձալի ուղին, Էմիլիա, Ձեզ էլ է առաջնորդել դեպի բաղձալի քաղաք: Ի՞նչ ընթացք էր Ձեզ համար այս ուղին և ո՞ւր էր այն Ձեզ տանում:
Առաջին անգամ երուսաղեմյան ուխտագնացության մասին լսեցի մի քանի տարի առաջ, երբ դեռևս եկեղեցու համայնքի անդամ չէի, ուստի այն անհասկանալի ու շատ հեռավոր մի բան թվաց ինձ: Իսկ երբ Աստծո կամոք հանգամանքներն ինձ Երուսաղեմ տարան՝ «խենթացա» բառիս լավ իմաստով: Պատկերացում անգամ չունեի, որ այդ աստիճան եմ մոտենալու Սրբությանն ու այդքան ուժգին ու մոտ եմ զգալու Տիրոջ կենդանի շունչը: Սա աննկարագրելի բացահայտումների մի հոգևոր ուղի է, որ մարդ արարածին տանում է դեպի իր Արարչի մարդեղության ժամանակների վայրերը, այն վայրերը որտեղ մարդացյալ Աստված ոտք դրեց, քարոզեց, բժշկեց, հրաշքներ գործեց և Իր սրբազան արյունը հեղեց մեզանից յուրաքանչյուրի համար:
Երկրորդ անգամ է, որ ուխտավորաբար Երուսաղեմում էիք, կայի՞ն զգացողությունների տարբերություններ առաջին և երկրորդ ուխտագնացությունների միջև, Դո՞ւք էլ եք ապրել այն զգացումը, որ կարծես չեք էլ հեռացել Սուրբ քաղաքից:
Ի տարբերություն առաջին ուխտագնացության, այս անգամ շատ լավ էի պատկերացնում, թե ուր եմ գնում և գնում էի կարոտս առնելու: Հայաստանում այդ սրբավայրերը սրտումս էի կրում և Երուսաղեմում դրանք իրենց նյութական ուրվագծերն ու երանգները ստացան, ուստի, այո՛, կար զգացում, որ չեմ հեռացել Սուրբ քաղաքից:
Քրիստոսի հետքերով քայլելը և Երուսաղեմյան սրբություններին հաղորդակից լինելը տեղափոխե՞լ էր Ձեզ Քրիստոսի ժամանակաշրջան: Եթե այո, կպատմեք ի՞նչ տպավորություններով եք վերադարձել այդ ժամանակաշրջանից:
Այո՛, յուրաքանչյուր սրբավայրում մտովի տեղափոխվում ես Քրիստոսի ժամանակաշրջանն ու աչքիդ առաջ են հառնում նորկտակարանյան ծանոթ տեսարանները: Գալիլեայի լճակի վրա նավով շրջելիս փորձում ես պատկերացնել, թե լճակի անհանգիստ ալիքների վրայով քայլելով, որ կողմից էր դեպի իր վախեցած աշակերտները շտապում Տերը: Կանայի հարսանիքի վայրում, որտեղ Հիսուս Իր առաջին հրաշքը գործեց՝ ջուրը գինու վերածելով, տեսնում ես հարսանեկան ուրախ եռուզեռի մեջ համեստորեն մի կողմում կանգնած Քրիստոսին ու Սուրբ Աստվածամորը: Իսկ հատկապես Սուրբ Հարության տաճարում գտնվող Տիրոջ պատանաքարը վայրկենապես քեզ տեղափոխում է մարդկության պատմության ուղին փոխած այն օրը, երբ Գողգոթայից իջեցրեցին խաչյալ Քրիստոսի մարմինը, դրեցին այդ քարին, անուշահոտ յուղերով օծեցին ու պատանեցին, որպեսզի գերեզման տեղափոխեն: Այդ քարին խոնարհվելիս ինձ թվաց, թե Տիրոջ սուրբ մարմնի վերքերն եմ համբուրում…
Ունեի՞ք հարցեր, որոնք բացահայտեցիք խաղաղության քաղաքում կամ ճշմարտություններ, որոնք նորովի ընկալեցիք այնտեղ:
Ոչ միայն խաղաղության քաղաքում, այլև Սուրբ երկրում ընդհանրապես, երբ այդքան մոտ ես գտնվում քրիստոնեական մեծագույն սրբություններին՝ արժեքների ամբողջական վերարժևորում է տեղի ունենում հոգումդ: Ես կասեի, որ ճշմարտությունները ոչ թե նորովի ես ընկալում, այլ ընկալումդ սրվում է, խորանում, ավելի հաստատվում: Մի յուրատեսակ կնիք է դրվում գիտելիքներիդ ու զգացմունքներիդ վրա, որը, վստահ եմ, յուրաքանչյուր ուխտավորի ուղեկցելու է իր ընտրած ճանապարհի ողջ ընթացքում:
Նյութական աշխարհն իր սահմաններն ունի, արդյո՞ք այդ սահմաններն ունի նաև Երուսաղեմը:
Երուսաղեմը ոչ միայն նյութական սահմաններ չունի, այլև Սուրբ քաղաքում բացակայում է ժամանակի ընկալումը: Սա մի անկրկնելի զգացողությունն է, որ ուրիշ որևէ տեղ չես ունենում: Հատկապես հին քաղաքում ժամանակն ուղղակի անհետանում է: Եթե փորձես ժամանակակից փոխադրամիջոցները չնկատել, ապա կհայտնվես Քրիստոսի ժամանակաշրջանում, քանի որ հնության դրոշմը կրող շինությունները, բազմալեզու ու աղմկոտ արևելյան շուկաներն ու նույնիսկ այս քաղաքի օդն է դարերի շնչով ներծծված: Եվ ակամայից դու էլ ես ձուլվում ընդհանուր մթնոլորտին, սրտիդ զարկերն սկսում են քաղաքի զարկերակի հետ համահունչ զարկել ու աներևակայելի երջանկության պահեր ես ունենում այդ անսահմանության զգացումից:
Այս տարի Սբ. Զատկական ուրախությանը կրկնակի անգամ մասնակից եղաք՝ Հայաստանում և Երուսաղեմում՝ հարության հրաշքի՝ Քրիստոսի դատարկ գերեզմանի առջև: Ի՞նչ զգացումներ ապրեցիք Սբ. Հարության տոնին Սբ. Հարության տաճարում և ի՞նչ է նշանակում Ձեզ համար հարության հույսով ապրելը:
Զարմանահրաշ զգացում է: Բազմահազար մարդիկ, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր ռասսաներից, սակայն դեմքի միևնույն ոգևորված արտահայտությամբ, կայծկլտացող աչքերով ու հրաշքի սպասումից տրոփող սրտերով, միատեղ հավաքված՝ միևնույն նպատակով՝ վերապրելու այն մեծ ցնծությունը, որ Սուրբ Հարության տոնն է պարգևում: Հաղթանակի մեծ զգացում է, ուրախության աննկարագրելի զգացում: Կարծես վերածնվում ես, բայց այս անգամ արդեն հավիտենական կյանքի հույսով և յուրաքանչյուր քրիստոնյայի համար չկա կյանք, եթե չկա հարության հույսը…
Զրուցեց Կարինե Սուգիկյանը