18 Հունվար, Շբ
Մեկ ուղի, և մեկ դուռ կա դեպի Արքայություն տանող, այդ ուղին և դուռը Հիսուս Քրիստոսն է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Ինձնով միայն կարելի է գնալ Հոր մոտ» (Հովհաննես 14:5-6) և «Ե՛ս եմ դուռը, ով Իմ միջով անցնելով ներս մտնի, կփրկվի» (Հովհաննես 10:9): Դուռը հնարավորություն է և միջոց՝ մուտք գործելու մեկ ուրիշ տարածք: Քրիստոս՝ որպես կյանքի ճանապարհ և կյանքի դուռ, հնարավորություն տվեց բոլորին մուտք գործելու Երկինք, հավիտենական կյանք:
Մինչև փրկարար և նեղ դռանը հասնելը, քրիստոնյան, Տիրոջ խոսքի համաձայն, պետք է անցնի նեղ և դժվարին ճանապարհով. «Մտե՛ք նեղ դռնով, քանի որ կորստյան տանող դուռը լայն է և ճանապարհը՝ ընդարձակ, և շատ են նրանք, որ մտնում են դրանով: Մինչդեռ դեպի կյանք տանող դուռը նեղ է, և ճանապարհը՝ դժվարին, և քչերն են միայն, որ գտնում են այն» (Մատթեոս 7:13-14): Երբ Հայր Ամոնին հարցրին. «Ո՞րն է նեղություններով լի նեղ ճանապարհը»: Նա պատասխանեց. «Ահա սա է. Աստծո սիրո համար բռնություն գործադրել սեփական մտածումների վրա և արմատախիլ անել սեփական կամեցողությունները: Սա է նաև այս խոսքի նշանակությունը. «Ահավասիկ, մենք թողեցինք ամեն բան և եկանք Քո հետևից» (Մատթեոս 19:27)»:
Նեղ ճանապարհն ու նեղ դուռը ենթադրում են ծառայասիրություն և խոնարհություն: Հնարավոր չէ ընդարձակել ո՛չ այդ ճանապարհի և ո՛չ դռան չափերը, այդ ճանապարհով և դռնով անցնելու համար հարկավոր է հրաժարվել այն «ես»-ից, որ չի ցանկանում խոնարհվել: Ս. Եփրեմ Ասորին նշում է, որ խոնարհությունը Արքայության ուղին է և երկնային դուռը. «Չարի զենքը հպարտությունն է, որով նա սպանեց մեր հորը՝ Ադամին, և շարունակում է սպանել նրա բոլոր որդիներին: Իսկ մեր Արարչի զենքը խոնարհությունն է, որը Նա ուղղել է չարի դեմ, որով Նա երկնքից ցած նետեց նրան: Խոնարհությամբ են զինվել առաքյալները, նրանով են հաղթանակել ճշմարիտ հավատացյալները, նա հաղթանակ է պարգևել բոլոր ժամանակների մարդկանց: Նա, ով ցանկանում է նեղ դռնով մուտք գործել Երկնքի Արքայություն, պետք է զինվի խոնարհության զենքով»:
Թեոփիլոս անունով եպիսկոպոսն իր խրատներից մեկում հորդորում է. «Ջանացեք մտնել նեղ դռնով: Նայեք, օրինակ, ծառերին և խոտերին, որոնք եթե ձյուն և անձրև չտեսնեն, չեն կարող պտղաբերել: Այդպես և մենք, որովհետև այս կյանքը ձմեռ է, եթե ճգնություն և վիշտ չկրենք, չենք կարող մտնել Աստծո Արքայությունը»:
Նեղ ճանապարհին մեր Տերը՝ որպես բարի հովիվ, հովվում է և ուսուցանում՝ գթասրտություն և համբերություն ցուցաբերելով բոլոր նրանց հանդեպ, ովքեր շեղվել են փրկարար ուղուց: Փրկարար ուսուցումներից մեկը, ի լուր ամենքի, ազդարարում է. «Ով հավատա և մկրտվի, կփրկվի, իսկ ով որ չհավատա, կդապարտվի» (Մարկոս 16:16): Մկրտությամբ վերստին ծնված և Աստծո որդեգրությանն արժանացած անձը, Սուրբ Գրքի համաձայն ապրելով, կարժանանա փրկարար ուղին ու երանելի սահմանը Քրիստոսով անցնելու և Նրա ներկայությամբ հավիտենական երանելի կյանքն ապրելու մեծագույն պատվին:
Կընթանանք լայն, թե նեղ ճանապարհով, մուտք կգործենք լայն, թե նեղ դռնով, այսինքն՝ կընտրենք կործանարար, թե փրկարար ճանապարհը, մեր ընտրության հարցն է, ինչն էլ կորոշի մեր ապագան հավիտենության մեջ:
Կարինե Սուգիկյան