Գրքեր

«Եթե Ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն»

«Երանի՜ նրանց, որոնք հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է Երկնքի արքայությունը» (Մատթեոս 5:10): Ինչպես մյուս, այնպես էլ այս երանին բոլոր ժամանակների համար մնում է այժմեական: Բնականաբար, ամեն հալածվող չէ, որ երանելի է, քանզի գողերին ու մարդասպաններին նույնպես հալածում են, բայց նրանք երանելի չեն: Երանելի են արդարության համար հալածվողները: Ի՞նչ արդարության մասին է խոսքը: Շատ անգամ մարդիկ իրենց ցանկացածն են արդարություն համարում: Քրիստոնյայի համար արդարությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, ուրեմն, եթե ասում են «Երանի՜ նրանց, որոնք հալածվում են արդարության համար», նույնն է, թե ասեն՝ երանի նրանց, որ կհալածվեն Հիսուսի անվան համար, այլ խոսքով, հալածվում են, քանի որ քրիստոնյա են: Երանելի են նրանք, ովքեր նեղություն ու զրկանքներ են կրում իրենց աստվածպաշտության, ուղղամտության, ճշմարտախոսության համար, ովքեր հալածվում են իրենց հավատքի և բարեպաշտության, իրենց բարի գործերի և հավատքի անսասանության համար: Նախ Ինքը՝ Քրիստոս հալածվեց և զգուշացրեց Իր հետևորդներին. «Եթե Ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն» (Հովհաննես 15:20): Համաձայն առաքյալի խոսքի՝ «Նույնպես բոլոր նրանք, որ ուզում են աստվածպաշտությամբ ապրել Հիսուս Քրիստոսին միացած, անպայման կենթարկվեն հալածանքների» (Բ Տիմոթեոս 3:12): Կարևոր է, որ քրիստոնյան հետամուտ լինի արդարություն, անգամ, եթե այդ արդարության համար չարչարվի (Ա Պետրոս 3:14) և նախատվի Քրիստոսի անվան համար (Ա Պետրոս 4:14), քանի որ այդպիսիններն են երանելի: Եկեղեցու հայրերը հորդորում են, որ ցանկալի խաղաղությունը բոլոր մարդկանց հետ պահպանելու համար ոչ միշտ է պետք զիջել, առավել ևս, եթե մարդիկ պահանջում են գործել Աստծո արդարության, խղճի և Աստծո օրենքի դեմ, եթե անգամ այդ պատճառով մարդիկ կթշնամանան քեզ հետ:

Ս. Ներսես Շնորհալին այս մասին գրել է. «Հիրավի՛ երանելի են արդարության համար հալածվողները, որովհետև չարից հալածվելով՝ հասան բարուն, ինչպես որ Հովսեփի հանդեպ նրա եղբայրների դավաճանությունը նրա թագավորելու պատճառը դարձավ: Ինչպես որ դառը դեղերը խմում ենք, որպեսզի մաղձերի ախտահարույց պատճառները հեռացնենք մեր մարմնից, այդպես էլ թշնամուց հալածվողը հարվածներն ընդունում է իբրև աշխարհային հաճույքի բոցը մարող միջոց: Ուրեմն չնեղվե՛նք, երբ երկրավոր բաներից զրկվում ենք, որովհետև եթե այստեղից հալածվում ենք, տեղափոխվելով՝ երկնքում ենք բնակվելու: Արքայության պտղի ծաղիկը նեղությունն է. եթե կամենում ենք պտուղը քաղել, նախ ծաղիկը հավաքենք, որպեսզի հասնենք վերին կոչմանը: Այս երանությունը միայն հավատքի համար հալածվողներին չի վերաբերում, այլ այս երանությանը մասնակից են և նրանք, ովքեր հալածվում են հոգևոր խրատական խոսքի պատճառով, ինչպես Հովհաննես Մկրտիչը: Կամ էլ՝ երանելի կլինեն նաև նրանք, ովքեր զրպարտվում են որևէ այլ արդար գործի համար և գոհությամբ համբերում»:

Արդարության համար հալածվում են, քանի որ մարդիկ բարությունից ավելի չարությունն են  սիրում և արդար խոսքից ավելի՝ անօրենությունը (Սաղմոս 51:5): Միշտ էլ չար մարդիկ ատել և հալածել են արդարներին և, կատեն ու կհալածեն: Ատում էր Կայենն Աբելին, նրա ատելությունը նրան դարձրեց եղբայրասպան, ատում էր Եսավն իր եղբայր Հակոբին և հալածում՝ սպառնալով սպանել նրան, ատում էին Հովսեփին իր եղբայրները և վաճառեցին որպես ստրուկ, ատում էին մարգարեներին, որոշներին ծեծում էին, մյուսներին՝ սպանում, իսկ երրորդներին՝ քարկոծում, և վերջապես հալածեցին ու սպանեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Պողոս առաքյալը եբրայեցիներին ուղղած իր նամակում թվարկում է տարբեր հալածանքներ, որոնց ենթարկվել են արդարները. «Շատերը տանջանքի մեջ մեռան՝ մերժելով ազատությունը, որպեսզի հարություն առնեն լավագույն մի կյանքի համար: Ուրիշները ենթարկվեցին նախատինքների ու ծեծի, շղթաների ու բանտերի համն առան: Քարկոծվեցին, սղոցվեցին, փորձությունների մատնվեցին, սպանվեցին սրով, շրջեցին ոչխարի կամ այծի մորթիներով՝ զրկանք, հալածանք ու չարչարանք կրելով, թափառական կյանքով ապրելով անապատում կամ լեռների վրա, քարայրներում կամ խոռոչներում» (Եբր. 11:35-38): Ահա այսպիսի հալածանքների էին ենթարկվում քրիստոնյաները: Առանց Աստծո անհնար է դիմանալ այդպիսի հալածանքներին: Աստված զորացնում է, որ համբերությամբ կարողանանք տանել չարչարանքները (Բ Կորնթ. 1:6): «Նա իր ժողովրդին հաստատ զորություն պիտի տա» (Սաղմոս 67:36): Քրիստոս այդպիսիններին խոստանում է երկնային պարգև՝ Երկնային հավիտենական թագավորությունը:

Հանուն Քրիստոսի, հանուն Նրա սիրո են հալածվում այս երանին իրագործողները, նման երանելի Պողոսի, ում ո՛չ նեղությունը, ո՛չ անձկությունը, ո՛չ հալածանքը, ո՛չ սովը, ո՛չ մերկությունը, ո՛չ վտանգը կամ սուրը չկարողացան բաժանել Քրիստոսի սիրուց: Մեր Տերը Իր կենարար խոսքով ամրացնում է արդարության համար հալածվողներին՝ ասելով. «Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթ. 10:28): 

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

03.08.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․