Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի հիշատակության օր

Եզեկիելը Երուսաղեմի տաճարի ղևտացի քահանաներից էր և Աստվածաշնչյան գիրք ունեցող չորս գլխավոր մարգարեներից մեկը: Նա ժամանակակիցն է Երեմիա մարգարեի: Ապրել է Ք. ա. 6-րդ դարում: Երբ 597թ-ին (Ք. ա.) Երուսաղեմի արքա Հովաքինը հազարավոր հրեաների հետ գերեվարվում է Բաբելոն, այդ գերիների թվում է լինում նաև Եզեկիելը: Իր մարգարեական կոչումը ստանում է 30 տարեկան հասակում՝ Բաբելոնում: Եզեկիելը մարգարեանում է և նախազգուշացումներ անում ինչպես Բաբելոն գերի տարված հրեաներին, այնպես էլ Երուսաղեմում մնացածներին: Նա մարգարեանում է Իսրայելի ժողովրդի հասանելիք դժբախտությունների մասին՝ Աստծո հանդեպ նրա անհավատարմության և անօրինությունների պատճառով: Սակայն այդ նախազգուշացումներին Եզեկիելը ավելացնում է մխիթարական և հուսադրիչ խոսքեր. հրեաների վերադարձը իրենց երկիր և Երուսաղեմի տաճարի վերակառուցումը: Եզեկիելի տեսիլքներից մեկը մարգարեանում է գալիք համընդհանուր հարության մասին: Նա մարգարեանում է Փրկչի գալստյան և աշխարհի վախճանի մասին: Մի ուրիշ մարգարեությամբ, Սբ. Տիրամորը կոչում է փակված դուռ, որով որ ոք չմտավ Իսրայելի Տիրոջից բացի, որով, ըստ եկեղեցու մեկնիչ հայրերի, ցույց է տալիս Տիրամոր մշտակուսությունը: Նրա գրքում նկարագրված առաջին տեսիլքում խոսվում է չորս զարմանահրաշ, իմանալի կենդանիների մասին, որոնք հետագայում դարձան չորս ավետարանիչների խորհրդանիշերը: Նրա գրքում կան այլ կարևոր մարգարեություններ և հորդորներ: Նա հայտարարում է, որ յուրաքանչյուր անհատ ինքն է լինելու պատասխանատու իր սեփական արարքների համար և հրաժարվում է իսրայելական այն ավանդությունից, որը կապված էր հավաքական պատասխանատվության գաղափարի հետ: Հետևաբար, Եզեկիելը վճռականորեն կանգ է առնում անձնական կյանքի վերանորոգման գաղափարի վրա, սակայն հայտնելով, որ իսրայելացիները, հավաքաբար վերանորոգված պիտի վերադառնան իրենց նախնիների երկիրը: Եզեկիել մարգարեն հորդորում է իր հայրենակիցներին դեն նետել բոլոր մեղքերը և ստեղծել նոր սիրտ, նոր հոգի: «Ինչո՞ւ դու մեռնես, տո՛ւն Իսրայելի,- նրա միջոցով ասում էր Տերը հրեաներին:-Ես մեղանչողի մահը չեմ ուզում: Ուրեմն դարձի՛ եկեք, որ ապրեք»:

Սուրբ Եզեկիել մարգարեն ունեցել է նաև հրաշագործության շնորհ: Նրա աղոթքով Քոբար գետի ջրերը երկու մասի են բաժանվում և հրեաներն անցնում են գետի մյուս ափ: Իսկ սովի ժամանակ Աստծուց խնդրում է քաղցածների կերակուրը շատացնել և այլն: Ըստ եկեղեցու ավանդության՝ Եզեկիել մարգարեի կյանքն ավարտվում է նահատակությամբ: Դանի ցեղի առաջնորդ իշխանին կռապաշտության համար հանդիմանելու պատճառով նրան կապում են վայրի ձիերից և այսպիսով նրա մարմինը կտոր-կտոր անում: Նրան թաղում են Բաբելոնում: Եզեկիելի գերեզմանը առ այսօր ուխտատեղի և սրբավայր է հանդիսանում արևելյան հրեաների և նույնիսկ մահմեդականների համար:

Եզեկիել մարգարեին՝ իբրև հինկտակարանյան քահանայի, Հայոց եկեղեցին հիշատակում է ևս երկու հրեա քահանաների՝ Եզրի և Հովհաննես Մկրտչի հոր՝ Զաքարիայի հետ:

Եզրը կամ Եզրասը Ահարոնի ցեղից քահանա և օրենսգետ էր: Ապրել է Ք. ա. 5-րդ դարում: Պարսից Արտաշես թագավորի իշխանության օրոք Ք. ա. 459թ-ին Եզրը առաջնորդում է շուրջ 5000 աքսորյալներ հրեաների վերադարձը Բաբելոնից իրենց հայրենիք: Աստվածաշնչյան երկու գրքի՝ Եզրասի և Ա Մնացորդաց գրքերի հեղինակն է: Եզր մարգարեի ժամանակ Բաբելոնը պարսիկների իշխանության տակ էր, ովքեր առավել լավ վերաբերմունք ունեին հրեաների հանդեպ: Պարսից Արտաշես արքան հատուկ հրովարտակով Եզրին ուղարկում է Իսրայելի երկիր՝ հրամայելով օգնել նրան նրա բոլոր ձեռնարկումներում: Եզրի գլխավոր բարեկարգությունը եղավ ջնջել և չեղյալ համարել բոլոր այն ամուսնությունները, որոնք հրեաները կնքել էին օտարազգիների հետ և այդուհետ խստիվ արգելում է նման ամուսնություններ կնքել: Նա հետամուտ էր փնտրել Տիրոջ օրենքներն ու կատարել դրանք, և սովորեցնել Աստծո հրամաննները և դատաստանները: Ըստ հրեաների ավանդության՝ Եզրն է համադրողը Հին Կտակարանի կանոնի գրքերի՝ լինելով Սուրբ Գրքին հմուտ անձնավորություն: Եզրի վախճանի մասին ոչինչ հայտնի չէ:

Զաքարիան և նրա կինը՝ Եղիսաբեթը, պատկանում էին Ահարոնի ցեղին: Զաքարիան քահանա էր և ծառայում էր Երուսաղեմի տաճարում, թեև ապրում էր Երուսաղեմից դուրս՝ Հուդա քաղաքում: Իսկ Եղիսաբեթը Սբ. Մարիամ Աստվածածնի մոր՝ Աննայի քույրն էր: Այդ ազգակցական կապի մասին Ավետարանում նշված չէ, իսկ որտեղ որ Ավետարանը լռում է, լրացնում է սրբազան ավանդությունը: Զաքարիան և նրա կինը, երկուսն էլ արդար էին, աստվածավախ, մեծ նախանձախնդրությամբ պահում էին Տիրոջ պատվիրանները: Դժբախտաբար, նրանք զուրկ էին զավակի մխիթարությունից, որովհետև, ինչպես ասում է Ավետարանը. «Եղիսաբեթն ամուլ էր», իսկ ամլությունը մեծ անարգանք էր համարվում հրեական միջավայրում: Մի անգամ ծերունի Զաքարիան, տաճարում նվիրական իր պարտականությունը սպասավորելիս, Գաբրիել հրեշտակապետից արժանանում է տեսիլքի: Նրան հրեշտակապետը ավետում է, որ ինքը զավակ է ունենալու: Իր և կնոջ ծեր տարիքի պատճառով չի հավատում այդ ավետիսին, ուստի հրեշտակի խոսքով համրանում է, և նրա լեզուն բացվում է միայն այն ժամանակ, երբ ծնվում է Հովհաննես Մկրտիչը: Եկեղեցական ավանդությունն ասում է, որ, երբ Հերովդես Մեծը հրամայում է Բեթղեհեմում և նրա բոլոր սահմաններում գտնվող մինչև երկու տարեկան մանուկներին սպանել, Զաքարիան նույնպես սպանվում է տաճարում՝ չկամենալով հայտնել իր մանկան տեղը: Իսկ Հովհաննեսին Եղիսաբեթը փախցնում, տանում է լեռները և Զաքարիայից 40 օր հետո, ինքը ևս վախճանվում:

Հայ եկեղեցին Զաքարիային հիշատակում է Եզեկիելի և Եզրի հետ, Վերափոխմանը հաջորդող երրորդ շաբաթվա երեքշաբթի օրը:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

28.08.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․