- Հա՛յր, հոգին ինչպե՞ս է մաքրվում:
- Եթե մարդ ջանք է թափում Աստծո պատվիրանները պահելու ու կատարելու համար, եթե նա իր վրա աշխատում է, եթե մաքրվում է կրքերից, ապա նրա միտքը լուսավորվում է: Նա մտահայեցության բարձունքին է հասնում և նրա հոգին այնպիսին է դառնում, ինչպիսին նախաստեղծ մարդկանց անկումից առաջ էր: Մարդն այդպիսի վիճակում է գտնվելու մեռելների հարությունից հետո: Սակայն, կրքերից լիովին ազատվելով, մարդը կարող է իր հոգու հարությունն ընդհանուր հարությունից առաջ տեսնել: Եթե դա տեղի ունենա, ապա նրա մարմինը հրեշտակային, անմարմին կլինի և նյութական սնունդն այլևս չի մտահոգի նրան:
- Հա՛յր, իսկ Ահեղ Դատաստանն ինչպե՞ս է լինելու:
- Ահեղ Դատաստանի ժամանակ, մի ակնթարթում հայտնի կդառնա, թե ամեն մեկն ինչ վիճակում է գտնվում: Յուրաքանչյուրն ինքը կգնա այնտեղ, որին արժանի է: Յուրաքանչյուրն, ինչպես հեռուստացույցի մեջ, կտեսնի իր սեփական անպիտանությունը և ուրիշի հոգևոր վիճակը: Մարդն իր մերձավորին կնայի ինչպես հայելու մեջ և գլուխը կախ իր տեղը կգնա: Օրինակ՝ երկրային կյանքում հարսը, ոտքը ոտքին գցած, նստել է սկեսրոջ առաջ, իսկ սկեսուրը, կոտրված ոտքով, հոգ է տարել իր թոռան՝ հարսի որդու մասին: Եթե Ահեղ Դատաստանի ժամանակ հարսը տեսնի, որ Քրիստոս իր սկեսրոջը Դրախտ է տանում, իսկ իրեն այնտեղ չեն թողնում, ապա նա չի կարող առարկել ու Քրիստոսին հարցնել, թե ինչու է այդպես վարվում: Որովհետև երկրային այն տեսարանն աչքի առաջ է լինելու: Նա հիշելու է, թե ինչպես էր սկեսուրը, կոտրած ոտքով, խնամում իր թոռանը, և հանդգնություն չի ունենա Դրախտ գնալու: Նա չի էլ կարողանա Դրախտում տեղավորվել: Իսկ վանականներն, օրինակ, տեսնելու են այն դժվարությունները, այն փորձությունները, որ աշխարիկ մարդիկ ունեին, տեսնելու են, թե նրանք ինչպես են դրանք հաղթահարել: Եթե վանականները ճիշտ չեն ապրել, ապա գլուխները կախ, կգնան այնտեղ, որին արժանի են: Աստծուն ոչ հաճո միանձնուհիները Ահեղ Դատաստանի ժամանակ կտեսնեն հերոսուհի մայրերին, ովքեր միանձնուհու ուխտ չեն արել, այն օրհնություններն ու բարենպաստ հնարավորությունները չեն ունեցել, որ միանձնուհիներն ունեն, և չնայած դրան, ճիգ են թափել ու հասել հոգևոր բարձունքների: Միանձնուհիներն, այս ամենը տեսնելով, պիտի ամաչեն այն մանրոգության ու անազնվության համար, որ գործել են ու իրենք էլ տառապել դրա պատճառով: Միտքս ասում է, որ Ահեղ Դատաստանն այսպես է լինելու: Այսինքն, Ահեղ Դատաստանի ժամանակ Քրիստոս չի ասելու. «Հապա այստե՛ղ արի, ինչե՞ր ես գործել» կամ «Դու դժոխք կգնաս, դու էլ՝ Դրախտ»: Ո՛չ, ամեն մարդ, իրեն մյուսի հետ համեմատելով, կգնա այնտեղ, որին արժանի է:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի