13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Երկինք աթոռ Իմ են՝ եւ երկիր պատուանդան ոտից Իմոց. որպիսի՞ տուն շինիցէք Ինձ... եւ Ես յո՞ հայեցայց, եթէ ոչ ի հեզս եւ ի խոնարհս» (Եսայի ԿԶ 1-2):
Սիրելի հավատացյալներ, այս խոսքերը, որոնք այսօր ընթերցվեցին Սուրբ Գրքից, Եսայի մարգարեի միջոցով մարդկությանը, այն ժամանակվա մարդկությանը դիմելով ասում է Աստված, թե երկինքը Իմ աթոռն է, իսկ երկիրը՝ Իմ ոտքերի պատվանդանը, ինչպիսի տուն դուք կարող եք պատրաստել Ինձ համար, ինչպիսի փառավոր ու մեծ տաճար կարող եք պատրաստել Ինձ համար, որ Ես տեղավորվեմ այդ տաճարի մեջ:
Աստված սակայն նաև ասում է, որ եթե Ես ցանկանամ, կարող եմ տեղավորվել ամենաաղքատ, ամենահեզ, ամենախոնարհ մարդկանց մեջ անգամ:
Այսօր Մեծ Պահքի վեցերորդ կիրակին է, և մեր Եկեղեցու հայրերն այսօրվա կիրակին կոչել են Գալստյան կիրակի: Հավանաբար այդ անունը նրանք վերցրել են այն ընթերցանությունների խորհրդից, որ ընթերցվեց այսօր Հին Կտակարանից, Նոր Կտակարանից և հատկապես Ավետարանից: Ճաշոցում այսօրվա առաջին ընթերցվածը Ղուկասու Ավետարանից է, որտեղ ասվում է, թե Քրիստոս ամեն օր, առավոտյան, իջնում էր տաճար, ուսուցանում էր ժողովրդին և երեկոյան առանձնանում և բարձրանում էր Ձիթենյաց լեռը: Այդ ժամանակ մարդիկ, որոնք հավաքված էին այնտեղ, ավետարանիչը չի ասում, թե ովքեր էին նրանք, սակայն հավանաբար այն ժամանակվա հրեա ժողովրդի մեջ աչքի ընկնող փարիսեցիները, դպիրները, օրենքի մարդիկ, Քրիստոսին ասում են, թե տես՝ ինչպիսի փառավոր տաճար ենք մենք կառուցել Աստծո համար: Տաճար, որի նմանը չկա իրենց երկրում:
Քրիստոս սակայն ասում է՝ կգա ժամանակը, երբ այս փառավոր և շքեղ տաճարի ոչ մի քարը մյուս քարի վրա չի մնա, և խորհրդանշական է, որ այսօր մեր Եկեղեցու հայրերն այս Ավետարանի ընթերցման կողքին դրել են նաև Եսայի մարգարեից Աստծո այն խոսքը, թե դուք՝ մարդիկ, ինչպիսի տաճար էլ որ կառուցեք Ինձ համար, միևնույն է, դա փոքր է Ինձ համար, և Ես այնտեղ չեմ կարող բնակվել, եթե ձեր սրտերի մեջ Ինձ համար տեղ չկա:
Այսօր Գալստյան կիրակին է, այսինքն մենք բոլորս սպասում ենք Քրիստոսի Երկրորդ գալստյանը: Գալստյան կիրակին է, որովհետև մենք փնտրում ենք ճանապարհը, որ տանում է դեպի Աստծո արքայություն, և սպասում ենք, որպեսզի գա Աստծո արքայությունը, և մենք, եթե Աստված շնորհ անի, արժանանանք այդ արքայությանը: Սակայն պիտի իմանանք, որ Աստծո արքայությունն ապագա չէ միայն: Աստված Իր Որդուն ուղարկեց աշխարհ, որպեսզի Նա վերահաստատի Աստծո արքայությունը երկրի վրա: Վերահաստատի, որովհետև համոզված եմ, որ Աստծո արքայությունը հաստատվեց այս երկրի վրա այն պահին, երբ Աստված ավարտեց Իր արարչագործությունը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, արևն ու լուսինը, աստղերն ու ծովը, բնությունը, կենդանական աշխարհը և, ի վերջո, մարդուն:
Սուրբ Գրքի առաջին էջերը երբ բացում ենք, այնտեղ խոսվում է դրախտի մասին, և մեր պատկերացման մեջ դրախտն այն տեղն է, ուր մեր մահվանից հետո արդարները պիտի գնան, և որ այնտեղ արդեն ապրում են սրբերը: Դրախտը սակայն կար, դրախտը ստեղծվել էր և դրախտն այս երկրի վրա էր: Մեր մեղքերի պատճառով մենք մեզ դուրս դրեցինք Աստծո արքայությունից: Քրիստոս եկավ ճանապարհը ցույց տալու, թե ինչպես մենք կարող ենք նորից դեպի այդ արքայությունը գնալ: Երբ նայում ենք Հին և Նոր Կտակարանները և համեմատում, ընդհանրապես այն տպավորությունն է ստեղծվում, և շատերն են այդ մասին խոսում, թե Հին Կտակարանում ուրիշ Աստված էր, Նոր Կտակարանում՝ ուրիշ Աստված, թե Հին Կտակարանի Աստվածը խիստ Աստված է, պատժող Աստված է, արգելող Աստված է, իսկ Նոր Կտակարանի Աստվածը բարի է, ներողամիտ է և թույլատու:
Ավետարանը, որ ընթերցվեց այստեղ, դուք լսեցիք, թե ինչպես նույն դպիրները և փարիսեցիները փորձում են Քրիստոսին և ասում. «Վարդապետ, պատվիրաններից ո՞ր մեկն է ավելի կարևորը»: Դուք հիշում եք տասը պատվիրանները, որ Աստված Մովսես մարգարեի միջոցով տվեց մարդկությանը՝ քարե տախտակների վրա աստվածային գրերով դրոշմված. մ՛ի գողանար, մ՛ի սպանիր, մ՛ի շնար և այլն, և այլն: Քրիստոս դրանցից ոչ մեկը չհիշատակեց, Նա ասաց, որ ամենամեծ պատվիրանը՝ սիրիր քո Աստծուն, և երկրոդ պատվիրանը՝ սիրիր քո հարազատին, քո կողքի կանգնած մարդուն:
Աստված երբ ստեղծեց աշխարհը և ստեղծեց դրախտը, Նա ոչինչ չարգելեց և Ադամին ու Եվային ասաց՝ վայելեք, տիրեցեք: Միայն մի արգելք դրեց Աստված, որ այս գիտության ծառից չուտեք, սակայն մարդը փոխանակ վայելելու այն ամեն պարգևները, որ տրված էին իրեն, կատարեց այն, ինչ որ իրեն արգելված էր. ուստի ոչ թե Հին Կտակարանի Աստվածն է տարբեր, այլ Աստծո վերաբերմունքը փոխվեց մարդկանց նկատմամբ, մեղավոր մարդկանց նկատմամբ, և Աստված սկսեց արգելքներով խոսել. մի՛ արա այս, մի՛ արա այն: Քրիստոս եկավ մարդկանց կոչ անելու, փոխելու և ասելու. երբ դուք սիրեք Աստծուն, երբ դուք սիրեք ձեր նմանին, դուք այլևս չեք կարող այդ վատ բաները անել, և ձեր ամբողջ գործողությունները պիտի լինեն դրական և ոչ թե ժխտական, և այս խոսքերը այժմեական են, հավիտենական են այս խոսքերը, դրանք ժամանակի համար չեն ասված:
Երբ հարցրեցին Քրիստոսին, թե ե՞րբ նորից պիտի գաս, ե՞րբ պիտի լինի Քո Երկրորդ գալուստը, Քրիստոս զգուշացրեց, որ շատ ժամանակներ կանցնեն, պատերազմներ կլինեն, ջրհեղեղներ, երկրաշարժեր, այդ բոլորից հետո կգան մարդիկ, որոնք կասեն, թե ես եմ Քրիստոսը և եկել եմ, սակայն նրանք սուտ մարգարեներ են և չպետք է նրանց հավատալ, և նորից կլինեն պատերազմներ և երկրաշարժեր, և մի օր կգա Աստծո Որդին ամպերի վրա նստած:
Այս խոսքերը մեզ չպետք է շփոթության մեջ գցեն և ասեն, թե հենց այդ պատերազմները եղավ, ուրեմն Քրիստոս պիտի գա, որովհետև Նոր Կտակարանի մեջ բազմաթիվ տեղեր հստակորեն նշված է, որ ոչ ոք չպետք է իմանա և ոչ ոք չգիտե, թե երբ պիտի գա Քրիստոս: Բազմաթիվ առակներ և պատմություններ կան այդ մասին: Սակայն Քրիստոս կարող է գալ հենց այսօր, կարող է գալ և բնակվել մեր սրտի մեջ: Դա կնշանակի, որ Աստծո արքայությունը մեզ համար արդեն եկել է, և մեր կոչն է, Եկեղեցու կոչը, այսօրվա կիրակի օրվա խորհուրդի կոչը, սիրելի հավատացյալներ. չսպասենք այն օրվան, երբ Քրիստոս պիտի գա և հաստատի Աստծո արքայությունը, այլ այսօրվանից փորձենք բերել Աստծո արքայությունը, վերահաստատել Աստծո արքայությունն այս երկրի վրա, վերահաստատել մեր հոգիներում, մեր սրտերում, որովհետև Աստված ասաց. «Ամենափառավոր տաճարների մեջ Ես կարող է չբնակվեմ, եթե դա ազնիվ նպատակով չի կառուցված, այլ կբնակվեմ ամենաաղքատ մարդու մեջ»:
Քրիստոնեության պատմության ընթացքում հաճախ շատերը մոռացել են իսկական իմաստը Քրիստոսի խոսքերի և փարիսեցիների նման գնացել տառի հետևից: Երբ մենք բացում ենք մեր սրբերի վարքերը և ընթերցում, այնտեղ բազմաթիվ պատմություններ կան, որոնք այժմեական են և որոնք այսօր դաս կարող են տալ մեզ: Ես ցանկանում եմ իմ քարոզն ավարտել նման մի պատմությամբ: Ալեքսանդրիայում մի մեծահարուստ ընտանիք է լինում, ուր ծնողները մահանում են: Երկու զավակներ են մնում՝ մի տղա և մի աղջիկ: Երկուսն էլ քրիստոնյա են լինում: Տղան հայրական ժառանգության իրեն հասանելիք մասը բաժանում է աղքատներին և գնում Թեբայի անապատները՝ ճգնելու, աղոթքով, ծոմապահությամբ արժանանալու Աստծո արքայությանը: Աղջիկը մնում է մենակ և խաբվում է աշխարհիկ կյանքից, խաբվում է երիտասարդների հմայքներից և սկսում է անառակ կյանք վարել: Եվ մի գիշեր Աստծո հրեշտակը գալիս է այդ տղայի մոտ և ասում՝ ինձ պետք չեն քո աղոթքները, ինձ պետք չեն քո ճգնությունները, եթե քո քույրը սատանայի բաժին է դառնում, և դու ոչինչ չես անում նրան փրկելու համար:
Սիրելի հավատացյալներ, ես կարծում եմ, բավարար են այս պատմությունները, որպեսզի մենք անդրադառնանք, թե ինչ է ցանկանում մեզանից Աստված, որպեսզի մենք բացենք մեր սրտերը ոչ միայն Աստծո նկատմամբ, այլ նաև մեր դրացու նկատմամբ, մեր եղբոր, մեր հարևանի, մեր թշնամու: Թշնամու հետ կարելի է հարատև թշնամություն անել, սակայն թշնամուն կարելի է բարեկամ դարձնել, և քրիստոնյան գիտի, որ այդ բարեկամ դարձնելու բանալին մեր ձեռքում է գտնվում, պարզապես մնում է, որ մենք վերցնենք, այդ բանալիով բացենք դուռը, և մեր առջև կբացվի այն ճանապարհը, որ տանում է դեպի Աստծո արքայություն:
«Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ. Ամէն»:
Տ. Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյան
(Քարոզը խոսվել է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում Գալստյան կիրակիին մատուցված Ս. Պատարագին, 13 մարտի 2005 թ.)