Գիտելիքն աղետ է առանց աստվածային լույսի լուսավորման

Եթե մարդիկ «արգելակեին» իրենց բանականությունը, ապա ոչ միայն գլուխները թարմ կլինեին, այլև Աստծո շնորհն էլ կկարողանար հեշտությամբ մոտենալ նրանց: Գիտելիքն աղետ է առանց լուսավորության: Հոգևոր առումով իր վրա աշխատելով ու ճգնելով՝ մարդը լուսավորվում է Աստծուց: Նա աստվածային լույսի լուսավորումն ունի, Աստծո մեջ ապրելու փորձ, այլ ոչ թե իր սեփական մտքերը: Այդ պատճառով էլ նա հեռուն է տեսնում: Կարճատես մարդը մոտը լավ է տեսնում, բայց հեռվում գտնվող առարկաները չի տեսնում: Չնայած նա էլ, ով կարճատեսություն չունի, եթե նույնիսկ մի փոքր հեռու գտնվող առարկաները տեսնի, հո մեծ նվաճում չէ՞: Մարդը միայն երկու մարմնավոր աչք ունի, իսկ հոգու աչքերը բազմաթիվ են:

Այն մարդիկ, ովքեր հեռանում են Քրիստոսից, իրենց զրկում են աստվածային լույսից, որովհետև անմիտների պես իրենք են արևի լույսից հեռանում և այնպիսի տեղ գնում, որտեղ արևի ճառագայթները չեն ընկնում: Արդյունքում՝ հոգևոր առումով մրսած ու հիվանդ են: Եթե մարդը չմաքրվի, եթե աստվածային լուսավորումը չայցելի նրան, ապա նրա [մարդկային] գիտելիքը, որքան էլ որ այն ճիշտ լինի, ընդամենը ռացիոնալիզմ է և ոչ այլ ինչ: Ահա՛ այսպիսի եզրակացության եմ հանգում: Իսկ եթե աստվածային լուսավորումն անհետանա, ապա մարդկանց ասածից ու գրածից օգուտ չի լինի: Սաղմոսները աստվածային լույսի օգնությամբ են գրվել և միայն տեսեք, թե որքա՜ն խորն են դրանց իմաստները: [Այժմյան} թեկուզ բոլոր աստվածաբաններին ու լեզվաբաններին հավաքիր և կտեսնես՝ նրանք նման խորության նույնիսկ մեն-մի հատիկ սաղմոս չեն կարողանա հորինել: Դավիթ թագավորը գիտուն մարդ չէր, բայց հստակ երևում է, թե ինչպես էր Աստծո Հոգին ղեկավարում նրան:

Եկեղեցին էլ է այսօր տենդի մեջ գտնվում, որովհետև աստվածային լուսավորում չկա, և յուրաքանչյուրը դատում ու դատապարտում է, ինչպես որ խելքին է փչում: Իսկ հետո «մարդկային գործոնն» է խառնվում, կրքեր են առաջանում և սատանան այստեղ արդեն ծավալվելու տեղ ունի: Այդ պատճառով էլ այն մարդիկ, ովքեր սեփական կրքերի իշխանության տակ են գտնվում, չպետք է իշխանության ձգտեն:

- Այսինքն, մարդիկ պետք է համառորեն աստվածային լույսը խնդրե՞ն, Հա՛յր:

- Այո՛, այլապես նրանց կողմից առաջարկվող լուծումները նրանց բանականության ծնունդն են լոկ: Իսկ այնուհետև շփոթմունք է առաջանում: Կոնֆերանսներ, խորհրդակցություններ… Եվ վատ է, որ նրանք, ովքեր զբաղվում են դրանով, նախ իրենք իրենց չեն ճանաչել: Քանի որ ինքն իրեն ճանաչելն ավելին արժե, քան աշխարհի բոլոր գիտելիքները: Ուրիշներն էլ են ընդունում այն մարդուն, ով խոնարհաբար ճանաչում է իրեն:

Եթե որոշ [շատախոսներ] ճանաչեին իրենք իրենց, ապա իրենց ողբալի վիճակը տեսնելով՝ չէին համարձակվի նույնիսկ իրենց բերանները բաց անել:

Մի անգամ մի մարդ բողոքում էր, թե իբր գեթ մի ուղղափառ չկա, որպեսզի Ուղղափառությունը ներկայացնի արտասահմանում տեղի ունեցող տարբեր կոնֆերասների և այլ միջոցառումների ժամանակ: Անդադար խոսեց, խոսեց, խոսեց, գույներն այնքան խտացրեց, որ ուղղակի մնաց պառկես ու մեռնես: Նրան ասացի. «Երբ Աստված Եղիա մարգարեին հարցրեց. «Ի՞նչ ես այստեղ, Քորեբ լեռան վրա փնտրում, Եղիա՛» (հմմտ. Գ Թագ. 19:13-18), ապա մարգարեն պատասխանեց, որ մենակ է մնացել: Այնժամ Աստված նրան ասաց. «Յոթ հազար մարդ չծնրադրեցին Բահաղին»: Յոթ հազար մարդ պահպանեցին հավատը, իսկ Եղիա մարգարեն ասում էր. «Մենակ մնացի»: Այժմ էլ դու ես գույները խտացնում, երբ այնքան հավատացյալներ կան: Մի՞թե մեր Ամենակալը նման է այն Ամենակալին, որ եկեղեցու գմբեթի տակ է նկարված, որը կարող է ճաքել երկրաշարժից, և այնժամ մենք մտածում ենք, թե ինչ անել, որպեսզի այն չթափվի, վերականգնիչների ենք հրավիրում, որպեսզի ամրացնեն այն»: «Այնտեղ՝ Ամերիկայում,- պատասխանեց նա,- լրիվ դատարկություն է, ոչ ոք չկա»: «Ինչպե՞ս չկա,- առարկեցի ես,- երբ ես այնքան հավատացյալների եմ ճանաչում Ամերիկայից»: «Այո,- ասում է,- այդպես է: Բայց ախր կաթոլիկներն այնպիսի խարդախներ են: Ամեն ինչ անում են մեզ ապակողմնորոշելու համար»: «Կաթոլիկներն իրենք են արդեն զզվում պապական իշխանությունից և այժմ վերադառնում են Ուղղափառությանը: Երբ Դիմիտրիոս պատրիարքը* այցով Ամերիկայում էր, մի՞թե կաթոլիկները չէին բացականչում. «Պատրիարքը ճշմարիտ քրիստոնյա է, իսկ Պապը՝ առևտրական»: Մի՞թե կաթոլիկները դա զայրույթով չէին ասում: Իսկ դու պնդում ես, որ կաթոլիկները ձգտում են խորամանկությամբ թափանցել Ուղղափառության մեջ, որպեսզի քայքայեն այն և նման այլ բաներ: Այդ դեպքում Աստված որտե՞ղ է ըստ քեզ: Մի՞թե սատանան կարող է խելքին փչածն անել»:

Դժբախտաբար, արևմտյան ռացիոնալիզմն ազդել է նաև արևելյան ուղղափառ հայրապետների վրա: Եվ ահա նրանք միայն մարմնով են գտնվում Արևելյան Ուղղափառ Եկեղեցում, իսկ իրենց ողջ էությամբ Արևմուտքում են, և նրանց թվում է, թե այն է թագավորում աշխարհում: Իսկ եթե նրանք հոգևոր կերպով, Արևելքի լույսի, Քրիստոսի լույսի օգնությամբ նայեին Արևմուտքին, ապա կտեսնեին դրա հոգևոր մայրամուտը, որն աստիճանաբար կորցնում է Իմաստուն Արեգակի՝ Քրիստոսի լույսն ու անթափանց խավարի մեջ սուզվում: Բայց դրա փոխարեն նրանք կոնֆերանսների են հավաքվում և անվերջ քննարկում թեմաներ, որ իսկի քննարկելու ենթակա էլ չեն, որոնք այսքան ժամանակ նույնիսկ Սուրբ Հայրերը չեն քննարկել**: Այդ բոլոր գործողությունները բանսարկուից են: Դրանք ուղղված են հավատացյալներին շփոթության ու գայթակղության մեջ գցելու, որպեսզի ոմանց հերետիկոսության մղեն, իսկ մյուսներին՝ պառակտման: Սատանան այդ եղանակով նոր ռազմահենադաշտեր է գրավում: Ա՜խ, ա՜խ, ա՜խ, այդ մարդիկ տանջում են ժողովրդին ու թյուրիմացության մեջ գցում:

Իսկ ինչի՞ց է սկսում այդ ամենը: Նրանից, որ մարդը, հոգևոր առումով չաշխատելով, մտածում է, թե ինքը հոգևոր մարդ է, և դրանից հետո հիմարություններ է դուրս տալիս: Մտքի բնական անաղարտություն և քիչ գիտելիք ունեցող երեխան քեզ խելամիտ բաներ կասի: Եվ ընդհակառակը՝ հրաշալի կրթություն ունեցող, բայց ընդունած դիվական ներգործությունից մրոտված ուղեղով մարդն ամենագարշելի աստվածանարգությունները կասի:

Նա, ով իր միտքը մշտապես զարգացնում է գիտելիքներով և միևնույն ժամանակ Աստծուց հեռացած է ապրում, ի վերջո այն երկսայրի է դարձնում: Եվ այնժամ դրա մի սայրով ինքն իրեն է խոցում, իսկ մյուսով՝ իր սոսկ խոհական, հակաճառություններ չընդունող մարդկային որոշումներով՝ մարդկանց է վիրավորում: Մարդկային գիտելիքն այն ժամանակ է օգտակար լինում, երբ լուսավորվում է, դառնում՝ աստվածային: Հակառակ դեպքում՝ դա մարդկային խորամանկություն է, դատողականություն, աշխարհիկ տրամաբանություն: Շնորհազուրկ միտքն ինքն իրենով ոչ մագնիսականացված երկաթե ձող է, որը մետաղե առարկաներին է հարվածում՝ կամենալով, որպեսզի դրանք իրեն կպչեն: Բայց դրանք չեն կպչում, այլ միայն ծռմռվում են դրա հարվածներից:

Այդպիսին են այժմյան մարդիկ: Ամեն ինչ չոր դատողականության տեսակետից են ընկալում: Այդ դատողականությունն իսկական աղետ է, քանի որ ասված է «գիտությունը հպարտացնում է» (Ա Կորնթ. 8:1): Եթե մարդու մեջ աստվածային լույսը չկա, ապա գիտելիքն անպետք է, այն կործանում է բերում:

 

* Դիմիտրիոս՝ Տիեզերական Պատրիարք 1972-1991թթ.-ին:

** Հայր Պաիսիոսը նկատի ունի այն աստվածաբանական կոնֆերանսները, որոնց ժամանակ այնպիսի հարցեր են քննարկվում, որոնց մասին Եկեղեցին որոշակի հայրաբանական կարծիք ունի, նաև այնպիսի հարցեր, որոնք ընդհանրապես քննարկման կարիք չունեն:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

10.08.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․