4.16 Ուրեմն, համարձակութեամբ մօտենանք նրա շնորհի աթոռին, որպէսզի ողորմութիւն ստանանք եւ շնորհ գտնենք այն ժամանակ, երբ օգնութեան կարիք ունենք:
5.1 Ամէն մի քահանայապետ, մարդկանց միջից ընտրուելով, պաշտօն ունի մարդկանց կողմից Աստծոյ հետ յարաբերութեան մէջ լինելու, որպէսզի ընծաներ եւ զոհեր մատուցի մեղքերի համար: 2 Նա որոշ չափով միայն կարող է չարչարակից լինել տգէտներին եւ մոլորուածներին, քանի որ ինքն էլ տկարութեամբ պատած մարդ է. 3 դրա համար պէտք է, որ նա ինչպէս ժողովրդի, այնպէս էլ իր համար ընծաներ մատուցի մեղքերի համար: 4 Եւ որեւէ մէկը ոչ թէ ինքն իրենից է առնում այս պատիւը, այլ առնում է նա, ով Աստծուց է կանչուած, ինչպէս որ Ահարոնը: 5 Նոյնպէս եւ Քրիստոս ոչ թէ ինքն իրեն մեծարեց քահանայապետ դառնալու համար, այլ՝ նա, ով նրան ասաց. «Դու ես իմ Որդին, ես այսօր ծնեցի քեզ»: 6 Ինչպէս որ մի ուրիշ տեղ էլ ասում է. «Դու յաւիտեան Քահանայ ես՝ ըստ Մելքիսեդեկի կարգի»: 7 Նա էր, որ մարմնի մէջ եղած իր օրերում աղօթքներ եւ պաղատանքներ էր մատուցում ուժգին գոչումով եւ արտասուքներով նրան, ով կարող էր փրկել իրեն մահուանից: Եւ նա լսելի եղաւ իր բարեպաշտութեան համար: 8 Թէպէտ եւ Որդի էր, բայց իր չարչարանքների միջոցով հնազանդութիւն սովորեց. 9 եւ կատարեալ դառնալով՝ բոլոր իրեն հնազանդուողներին յաւիտենական փրկութեան պատճառ դարձաւ 10 եւ Աստծուց անուանուեց յաւիտեանների Քահանայապետ՝ ըստ Մելքիսեդեկի կարգի: