Մի կին գալիս է ծեր վանականի մոտ, նստում աթոռին, նյարդային շարժումներով հանում ծխախոտը, վառում այն և ծխելով ասում.
- Ձեր մասին շատ եմ լսել, որ կարողանում եք կանխատեսել մարդկանց կյանքի ընթացքը, լուսաբանել այնպիսի խնդիրներ, որոնք սովորական մարդիկ անզոր են լուծել: Եկել եմ հասկանալու, թե ինչու չեմ կարողանում սրտի մխիթարություն ունենալ, թեև ավարտել եմ մի քանի համալսարան, ձեռբերել շատ գիտելիքներ ու մի քանի մասնագիտություն, նաև հավատում եմ Աստծուն և քաջատեղյակ եմ ձեր աստվածաբանությանը..
Ծեր վանականն այդժամ մտահոգ խրատում է.
- Նա, ով չի ձգտում առաքինություններին, սրբությանը, սրբակենցաղ կյանքին, իր ձեռքբերած գիտելիքներով մոտենում և նմանվում է սատանային, այլ ոչ թե Աստծուն... Գիտելիքն առանց բարոյականության՝ չարիք է դառնում, այլ ոչ թե բարիք: Այժմ, հանգցրո՛ւ ծխախոտը և լսի՛ր ինձ...
Պետրոս առաքյալը շեշտում է. «Իբրև հնազանդ որդիներ, մի՛ կերպարանվեք նախկին, ձեր անգիտության ժամանակվա ցանկություններով. այլ, նման այն Սրբին, որ ձեզ կանչեց, դուք էլ ձեր ամբողջ կյանքով սո՛ւրբ եղեք. քանի որ գրված է. Սուրբ եղեք, որովհետև սուրբ եմ ես» (Ա Պետր 1.14-16)
Հովհաննես Մանուկյան