30 Դեկտեմբեր, Բշ, Սուրբ Ծննդյան պահքի Ա օր

Գլխաշոր գործածելու խորհրդաբանութիւնը

Մաս 8-րդ 

«Եւ դուք ինքնե՛րդ դատեցէք. վայե՞լ է կին արարածին գլխաբաց աղօթքի կանգնել Աստծու առաջ։ Եւ բնութիւնն իսկ չի՞ ուսուցանում ձեզ, որ, եթէ մարդը երկար մազերով է, դա անարգանք է իրեն. բայց կինը, եթէ երկար մազերով է, դա պատիւ է իրեն, որովհետեւ մազերը քօղի փոխարէն են տրուած նրան» (Ա. Կորն. 11, 13-15)

Պօղոս առաքեալը կոչ է անում կորնթացիներին խորհել այս թեմայի մասին՝ ոչ միայն զուտ հոգեւոր ու պատմական դիրքերից ելնելով, այլեւ բնութեանն իսկ առաւել ակնյայտ դրսեւորումներից ելնելով: Սա այն փաստարկներից մէկն է, որ առաքեալը մէջ է բերում որպէս աջակցութիւն այն հրահանգի, որ կինը պարտաւոր է քօղով գլուխը ծածկել: Ի՞նչ է մեզ սովորեցնում մազերի մասին բնութիւնն իսկ: Որոշ մշակոյթներում երկար մազերը համարւում են կանացիութեան նշան։ Այնպէս որ, եթէ տղամարդը երկար մազեր է աճեցնում, այդ մշակոյթների համաձայն, նա կանացի տեսք է ստանում, եւ դա անարգանք է իրեն: Ըստ բնութեան՝ գիտենք, թէ եթէ տղամարդն իր մազերը չի կտրում, նրանք չեն աճում միեւնոյն արագութեամբ ու չեն հասնում նոյն երկարութեանը, ինչպէս որ կանանց մազերի դէպքում է: Սա հնուց հաստատուած, փորձով եւ գիտականօրէն ապացուցուած ճշմարտութիւն է, թէեւ ունի բացառութիւններ: Կան նաեւ կանայք՝ դանդաղ աճող մազերով ու շատ սահմանափակ երկարութեամբ, եւ հակառակը, կան տղամարդիկ, որոնց մազերը աճում են շատ արագ ու հասնում բաւական մեծ երկարութեան: Սակայն ընդհանուր առմամբ հաստատուած նշանակալից փաստ է, ինչպէս ասում է Պօղոս առաքեալը, որ բնութիւնն արդէն ինքն է յուշում կանանց մազերի աճի տեմպը, շքեղութիւնն ու երկարութիւնը, որ նման է բնական ծածկոյթի, ինչպէս նաեւ անհրաժեշտութիւնը քօղով գլուխը ծածկելու: Իսկ տղամարդուն, ընդհակառակը, նախատեսուած չէ երկար մազեր, բնութիւնն ինքն է թելադրում, որ իրենց գլուխները պէտք է բաց լինեն. «Եւ բնութիւնն իսկ չի՞ ուսուցանում ձեզ, որ, եթէ մարդը երկար մազերով է, դա անարգանք է իրեն. բայց կինը, եթէ երկար մազերով է, դա պատիւ է իրեն, որովհետեւ մազերը քօղի փոխարէն են տրուած նրան» (Ա. Կորն. 11, 13-15):

Սբ. Գրիգոր Տաթեւացին իր «Երգ Երգոցի մեկնութիւնը» գրքում մազերի մասին հետեւեալ համեմատութիւնն է անում՝ ասելով. «Իսկ վարսերը բազում յատկութիւններ ունեն: Նախ, «փառք են կնոջ համար», ինչպէս ասում է առաքեալը: Երկրորդ, ծածկոյթ է գլխի համար: Երրորդ, դէմքի պատկառանք է: Չորրորդ, երեսի պարկեշտութիւն է: Սա՝ ըստ գործի: Հինգերորդ, վարսը մեռած է եւ անզգայ: Վեցերորդ, օծուած է ու չի հեշտանում: Եօթներորդ, անխնամ թողնուելով չի տրտմում: Ութերորդ, այրուելուց ու կտրուելուց չի ցաւում: Իններորդ, դէպի վայր է իջնում: Տասներորդ, միշտ աճում է: Սրանք, ըստ նիւթի, եւ ովքեր որ այս յատկութիւններն ունեն, նրանք են եկեղեցու վարսերը, որ մեռնում են ախտերի նկատմամբ, գովեստից չեն հեշտանում եւ ոչ էլ պարսաւանքից տրտմում, եւ թէպէտ Քրիստոսի համար չարչարուի, չի ցաւում: Եւ միշտ խոնարհ է եւ հանապազ աճում է առաքինութեամբ՝ բարիքների մէջ: Նրանք են եկեղեցու փառքը, ծածկոյթը, պատկառանքը եւ պարկեշտութիւնը»[1]:

Բնականաբար, կանանց երկար մազերը, հաշուի առնելով, որ դրանք տրուած է իրենց որպէս բնական ծածկոյթ, չեն ժխտում լրացուցիչ ծածկոյթի անհրաժեշտութիւնը: Սա յստակ է այն փաստից, որ Պօղոս առաքեալը չէր կարող իր նամակի նոյն էջում ինքն իրեն հակասել: Եթէ նա հաւատում է, թէ մազերը կանանց տրուած են որպէս ծածկոյթ, ապա ինչո՞ւ է աւելի քան տասներկու տարբեր համարներում խօսում գլուխը ծածկելու անհրաժեշտութեան ու պատճառների մասին: Ենթադրելով, թէ կանանց կամքից եւ ցանկութիւնից անկախ, նրանք մազերի բնական ձեւով իրենց գլխին արդէն իսկ կրում էին ծածկոյթը, ասում է. «Եւ ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը» (Ա. Կորն. 11, 5): Պօղոս առաքեալն այստեղ բաւական յստակ ուզում է ցոյց տալ, թէ բնութիւնն է ինքն է յայտնում կանանց՝ որպէս աւելի թոյլ էակների, որ պահանջւում է պաշտպանութիւն, թէ պէտք է գլուխը ծածկել: Պարզ է, թէ գլուխը ծածկելը բնութեան ստիպողական երեւոյթ չէ, այլ կամաւոր գործողութիւն: Այսպիսով, կանայք եկեղեցում ամօթահար են անում չար հրեշտակներին: Հետեւաբար, կանայք կամաւոր կերպով, հաւասար լինելով տղամարդկանց, Աստծու շնորհի առընչութեամբ, հնազանդութեամբ ենթարկւում են իրենց ամուսիններին եւ դրանով իսկ ցոյց են տալիս իրենց հնազանդութիւնը Աստծու հրամաններին:

Այսօր մենք բոլորս ապրում ենք կա՛մ հոգեւոր Կորնթոսում, կա՛մ էլ մեծն Բաբելոնում, որին Աստուածաշունչը կոչում է «մա՛յր երկրի պոռնիկների եւ գարշելիների» (Յայտ. 17, 5): Այս պոռնիկների մայրը, որի «մարմինը ծածկուած էր հայհոյալից գրութիւններով…, որը լի էր իր գարշելի եւ անմաքուր պոռնկութեամբ», նստած է բազմաթիւ ջրերի վրայ: Առաքեալն ասում է, թէ այս ջրերը ժողովուրդներ են, ցեղեր, բազմութիւններ, ազգեր ու լեզուներ (Յայտ. 17, 15): Մենք ապրում ենք երկրի ազգերի, ցեղերի եւ լեզուների մէջ, որոնց այս մեծ պոռնիկների մայրը պարտադրում է իր մշակոյթը: Գրուած է, թէ «նրա կատաղի պոռնկութեան գինուց հարբեցին բոլոր ազգերն ու երկրի թագաւորները, որոնք պոռնկութիւն արեցին նրա հետ» (Յայտ. 18, 2): Իսկ եթէ մէկն ընդունի այդ մշակոյթը, ապա այդ պոռնիկի հետ մէկ մարմին կը լինի, քանի որ գրուած է. «Չգիտէ՞ք, թէ, ով մերձենում է պոռնիկին, նրա հետ մէկ մարմին է դառնում» (Ա. Կորն. 6, 16): Աստուածաշունչը մեզ յորդորում է. «Ելէ՛ք դրա միջից, ժողովո՛ւրդ իմ, որպէսզի մասնակից չլինէք դրա մեղքերին եւ չընդունէք դրա պատուհասները» (Յայտ. 18, 4): Պարզ է, որ մենք ֆիզիկապէս չենք կարող դուրս գալ այդ պոռնկութեան քաղաքից, բայց կարող ենք հոգեւոր կերպով, երբ մերժենք պոռնիկների ու գարշելիների մշակոյթը՝ մերձենալով մեր Տէր Յիսուս Քրիստոսի մշակոյթին, քանի որ «ո՛վ մերձենում է Տիրոջը, մէ՛կ հոգի է դառնում Նրա հետ»։ Այնպէս որ, ինքներդ դատեցէք, թէ արդեօ՞ք մեր վիճակը աւելի լաւ է, քան երբ Պօղոս առաքեալը եկաւ Կորնթոս ու ցնցուեց՝ տեսնելով տիրող անբարոյականութեան գերակշռող մթնոլորտը: Պօղոս առաքեալն ասում է. «Փախէ՛ք պոռնկութիւնից… Չգիտէ՞ք, թէ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մէջ է… Փառաւորեցէ՛ք Աստծուն ձեր մարմինների մէջ» (Ա. Կորն. 6, 17-20): Ինչպէս մեր դարաւոր ձեռագործ տաճարներն են փառաւորում Աստծուն՝ լինելով ճշգրիտ նմանութիւնը մեր երեւելի բանական բնութեան, համաձայն որի՝ նրա վրայ երեւացող իմանալի մասը նշանակ է մեր հոգու եւ շօշափելի մասը պատկերն է մեր մարմնի, այդպէս էլ մենք, դառնալով Սուրբ Հոգու տաճարը, մեր մարմիններում փառաբանում ենք Աստծուն։ Կինն իր մարմնաւոր տաճարի ու հոգու գմբէթը ծածկում է երկնքի խորհրդանիշով եւ հոգեւոր իշխանութեան տակ գտնուող խորհրդապատկեր քօղով: Աբեղաների յատուկ ծածկհանդերձանքն էլ՝ վեղարը, եկեղեցու գմբէթի նմանութիւնն ունի, որն ունի դէպի կատարելութեան ձգտման խորհուրդը ու ներկայացնում է Յիսուս Քրիստոսի «խոնարհութեան հագուստը», «փշէ պսակը» (Յովհ. 19, 2), «փրկութեան սաղաւարտը» (Ա. Թես. 5, 8: Եփես. 6, 17), «հաւատի վահանը» (Եփես. 6, 16), որ հանգցնում է չարի բոլոր մխացող նետերը: Եկեղեցու գմբէթները բազմանիստ են, բայց այն սիւները, որոնք դուրս են գալիս այդ կէտերից, հատւում են մէկ կէտում, որն էլ խորհրդաբար համարւում է կատարելութեան կէտը: Հէնց այդտեղ էլ դրուած է եկեղեցու խաչը: Իսկ լուսեղէն խաչը մեծ քահանայապետութիւնն է ժողովրդի մէջ եւ օրինակն է Քրիստոսի մարմնացեալ պատկերի՝ Աստուածորդու քահանայապետութեան: Յովհաննէս վարդապետ Արճիշեցին ասում է. «Իսկ ով չի ընդունում գլխաբաց լինելը, նա Պօղոսից թող սովորի նոյնի հարկաւորութիւնը, քանի որ նա ոչ միայն օրինադրում է բանալը, այլեւ չբացողներին սաստում է՝ ասելով. «Ամէն տղամարդ, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ եւ գլուխը ծածկած պահի, անպատւում է իր գլուխը» (Ա. Կորն. 11, 4): Ի՞նչն է սրանից աւելի մեծ յանցանք, երբ չնչին բաների համար անպատւում ենք մեր փառքը հանդիսացող Քրիստոսին: Ուրեմն այսպիսին է սրա խորհուրդը, որ մեր ամէն ինչը յայտնի եւ բաց է ծածկագէտ Աստծուն: Դարձեալ՝ այսպէս էր Քրիստոս խաչի վրայ, եւ մենք էլ բաց գլխով, մեր ձեռքերը տարածելով՝ Նրան ենք նմանւում: Բայց կինը պէտք չէ բանայ իր գլուխը, այլ ծածկի, յատկապէս եկեղեցում: Իսկ որ այժմ աբեղաներն իրենց բոլոր աղօթքների ընթացքում չեն բացում իրենց գլուխները, պատճառը հետեւեալն է: Որովհետեւ աբեղայութիւնը կրօնաւորութիւն է, իսկ կրօնաւորը պէտք է իր բոլոր զգայարանները ծածուկ պահի: Բայց պատարագի ընթացքում, ով էլ լինի պատարագիչը՝ թէ՛ քահանայ, թէ՛ եպիսկոպոս եւ թէ՛ մէկ ուրիշը, պարտաւոր է բանալ գլուխը: Նախ բնութիւնն է սովորեցնում քեզ այս բանը, քանզի սա բնական է, որովհետեւ բոլոր ազգերն էլ, ոչ միայն քրիստոնեաները, նոյնիսկ անհաւատները[2] բաց գլխով են կանգնում աղօթքի»[3]:

Հաւատացեալ մի կին այսպէս էր խրատում եկեղեցու երիտասարդ աղջիկներին, երբ խօսում էր գլխաշոր գործածելու մասին. «Որպէս ուղղափառ քրիստոնեայ, ես միացել եմ հաւատացեալների թագաւորական քահանայութեանը եւ իմ գլխի ծածկոցով ինձ զգում եմ որպէս կանացի խորհրդանիշը թագաւորութեան ու քահանայութեան (հմմտ. Ա. Պետր. 2, 10), որ ուղեկցում է ինձ իմ հոգեւոր ճամբորդութեան ընթացքում: Եթէ կնոջ գլխի ծածկոցը միայն նրա մազերն են, ապա ինչո՞ւ են սրբապատկերների վրայ բոլոր սուրբ կանայք պատկերուած գլխաշորով: Ուրախ եմ, որ Սուրբ Պատարագի ընթացքում երկնքի արքայութեանը խորհրդանշականօրէն մասնակից եմ դառնում իմ գլխի ծածկոցով: Եպիսկոպոսներն ունեն իրենց յատուկ զգեստները, քահանան հագնում է իր զգեստները, սարկաւագներն ունեն իրենց ծիսական զգեստները, խորանի սպասաւորները, դպիրները, երգչախումբը կրում են իրենց զգեստները. այնպէս որ, ըստ էութեան, բոլորը եկեղեցում ունեն ինչ-որ իւրայատուկ բան՝ Տիրոջը երկրպագելու ու ծառայելու համար: Ես էլ մասնակից եմ սուրբ Խորհուրդին իմ պատարագային ծիսական հագուստով»:

Բայց ոմանք հակառակւում են եւ աւելորդ ու անօգուտ համարում գլխաշոր դնելու բարի սովորութիւնը, քանի որ ասում են, թէ Աստուած միայն սրտի սրբութիւնն է պահանջում, ոչ թէ արտաքին ձեւերի տեսքը։ Ասում են, թէ իրենք Աստծուն երկրպագում են հոգով, եւ ոչ մի արտաքին, նիւթական պայման կամ միջոց չեն կարող իրենց արգելք հանդիսանալ, քանի որ աղօթքի իսկութիւնն առընչուած չէ արտաքին ու նիւթական դրսեւորումներին։ Այսպիսիններին պատասխանում ենք։ Նախ, ուղղափառ վարդապետները սովորեցնում են, թէ աստուածապաշտութեան մէջ ամէն ինչ, ըստ էութեան ու նշանակութեան, միջոց են լինում ոչ թէ լոկ նիւթի կամ ձեւի արտաքին արտայայտութեամբ, քանի որ մենք հոգի ու մարմին ենք, եւ այդ իսկ մարմնաւոր բնութեամբ սահմանափակ ենք։ Ու որպէսզի մեր հաւատը լինի լիակատար, անհրաժեշտ են նաեւ հոգեւոր երեւոյթների տեսանելի, նիւթական ու մարմնաւոր այն խորհրդաւոր վկայութիւնները, որոնք յիշեցնում են այն ամէնը, ինչը կարելի է տեսնել միմիայն հոգեւոր աչքերով եւ որոնցից մեր զգայարանները բարեպաշտութեան զգացմունքներ են ստանում, որոնք հոգեւորապէս արտայայտւում են աստուածապաշտութեան մէջ: Աստուած նիւթական առարկաներով ամէն ժամ մեզ խորհրդաւոր կերպով մօտեցնում է Իր անտեսանելի գիտութեանն ու աստուածային զօրութեանը։ Նա տեսանելի ձեւերի միջոցով մեր մտքերում սերմանում է Իր հոգատարութեան մասին յիշողութիւնը եւ մեզ կապում է Իր սիրոյ նուիրական գաղտնիքներին: Եկեղեցու հաւատացեալները, որպէսզի կարողանան լիակատար կերպով հաղորդակցութիւն ունենալ Աստծու հետ, անշուշտ պէտք է ունենան նաեւ արտաքին պարագայական միջոցներ՝ ծիսական առարկաներ,  սպասաւորների զգեստներ ու զանազան այլ նշաններ, որոնցից, օրինակ, կնոջ գլխի քօղը հանդիսանում է հանդիսաւոր ծիսական զգեստ ու հնազանդութեան խորհրդանիշ, քանի որ աստուածապաշտական որոշ խորհուրդ է արտայայտում։ Սա եկեղեցում անհրաժեշտ պարագաներից մէկն է, որ բխում է առաքելական ճշմարիտ վարդապետութեան սկզբունքներից։ Որքան ժամանակ այստեղ՝ այս մարմնի մէջ ենք, առանց մարմնական նիւթերի եւ զգալի նշանների, անհնար է մեզ մօտենալ աննիւթ Աստծուն, ինչպէս եւ հնարաւոր չէ առանց ջրի մկրտութեան՝ մաքրութիւն, առանց միւռոնի՝ Սուրբ Հոգի ստանալ կամ առանց Եկեղեցու սուրբ սեղանի, հացի ու բաժակի՝ Սուրբ Պատարագ մատուցել: Եթէ այս բոլորը զգալի նիւթեր են՝ հարկաւոր ու պիտանի, եւ ոչ միայն սրանք, այլեւ խնկարկութիւնը, սպասաւորների աստուածաստեղծ զգեստները եւ այլն, ուրեմն նմանապէս նաեւ կնոջ գլխի քօղը՝ որպէս հանդիսաւոր ծիսական զգեստաւորում Սուրբ Հաղորդութեան տըւչութեան ժամանակ, ինչպէս ասացինք, հարկաւոր են ու խորհրդին պիտանի:

Սուրբ Յովհան Օձնեցին ասում է. «Եկեղեցում ամէն բան երկնայինների օրինակն է ցոյց տալիս»: Եկեղեցու բոլոր ծիսական նշանները հաւատացեալի հոգեւոր կեանքում կարեւորագոյն տեղն են գրաւում, որովհետեւ մարդ միաժամանակ մարմնեղէն ու հոգեղէն արարած է. հոգեւոր իրականութիւնները արտայայտում է եւ ընկալում նիւթեղէն նշաններով: Նիւթական տիեզերքը ներկայանում է մարդու բանականութեանը, որպէսզի նրա մէջ տեսնի իր Արարչի հետքերը (Իմաս. Սող. 13, 1: Հռոմ. 1, 19-20: Գործ. 14, 14-17): Քրիստոս Իր քարոզչութեան ժամանակ յաճախ օգտագործում էր նիւթեղէն նշաններ՝ հասկացնելու համար Աստծու Արքայութեան խորհուրդները (Ղուկ. 8, 10): Յիսուս նիւթեղէն նշաններով կամ պատկերաւոր արարքներով կատարում էր բժշկումներ եւ ակնարկում Իր վարդապետութեան կարեւորութեանը (Յովհ. 9, 6: Մարկ. 7, 33-35: 8, 22-35): Աստուածաշնչում կարդում ենք, թէ հրաշքներ ու բուժումներ էին կատարւում այն ժամանակ, երբ մարդիկ, հնազանդուելով Տիրոջը, գործում էին պարզ ֆիզիկական գործեր կամ օգտագործում էին որեւէ ֆիզիկական նիւթ՝ ինչպէս, օրինակ, գետնի կաւը դնելով աչքերի վրայ, լողաւազան մտնելով, մահիճը կրելով կամ երաժշտական գործիքներով քայլելով պարիսպների շուրջը (Երիքովի ճակատամարտը): Պէտք չէ կարծել, թէ գլխաշորի գործածումը չնչին բան է: Հնարաւոր է, որ գլխաշոր կրելն էլ կարող է ինչ-որ կերպ օգնել հոգու բժշկութեանը: Տէրն իմաստաւորում է նշաններն ու իրադարձութիւնները, քանի որ ճիշտ Ինքն է այդ բոլորի իմաստը: Ուստի եւ մարդու սրբացումը իմաստաւորւում է այսպիսի զգալի նշանների միջոցով, որոնց գոյութեան իմաստը նրա մէջ է, թէ Աստուած մարդուն փրկելու համար կամեցաւ յայտնուել մարդկային բնութեանը յարմար եղանակով: Մարդը բաղկացած է հոգու եւ մարմնի միութիւնից եւ ամէն բան ճանաչում ու ընկալում է իր զգայարաններով: Այս իսկ պատճառով Աստուած մարդկանց հետ հաղորդակցութեան մէջ է մտնում տեսանելի եւ զգալի իրերի միջոցով: Բոլոր նշաններն ինքնանպատակ չեն, ոչ էլ պատահական են, եւ չեն կարող հասկացուել որպէս զուտ արտաքին նշան կամ երեւոյթ, այլ որպէս ներքին իրականութեան արտայայտութիւն, խորհրդանշան:           

Երանելի Օգոստինոսն ասում է. «Ա՛յլ բան է այն, ինչ տեսնւում է, ա՛յլ բան է այն, ինչ հարկ է հասկանալ»: Հետեւաբար, մենք զգալի նշաններով, ըստ կարողութեան, մեր միտքը դէպի աստուածայինն ենք ուղղում: Մենք չենք կարող անմիջականօրէն ամբառնալ դէպի հոգեւոր էութիւնների ճանաչումը. մենք կարիք ունենք մեր բնութեանը յատուկ ու համապատասխան միջոցների, որոնք մեզ համար հասկանալի նշաններով երեւան են հանում անտեսանելին ու գերզգայականը, որպէսզի մենք զգայականի միջոցով բարձրանանք դէպի հոգեւորը եւ ըմբռնենք Աստծու կամքը, իշխանական տնօրինութիւնն ու օրէնքները: Հետեւաբար, եկեղեցու մէջ բոլոր խորհրդաւոր նշանները, սրբապատկերները, ծիսական բոլոր նիւթեղէն սրբութիւնները, անօթները, սպասաւորների հանդերձները եւ նոյնիսկ գլխի քօղը կամուրջ են տեսանելի-զգալի եւ անտեսանելի-հոգեւոր աշխարհների միջեւ:

Աստուած կնոջ գլուխը ծածկեց բնական մազերով։ Հետեւաբար, եթէ նա ընդունում է Աստծու իշխանութիւնը, պէտք է ծածկի մազերը, այլապէս թող կտրի իր բնական մազերը, որոնք Աստուած է տուել իրեն: Աստուածաշունչը ցոյց է տալիս, թէ երկար մազերն ինքնին բաւարար չեն ու մէկ այլ ծածկոց է պէտք: Աստուած ծածկում է գլուխը բնական մազերով, իսկ քրիստոնեայ կինը պարտաւոր է իր բնական մազերը ծածկել հնազանդութեան խորհրդանիշ քօղով: Բայց շատ կանայք ո՛չ ածիլում են իրենց մազերը, ո՛չ էլ քօղով ծածկում։ Ուրեմն, կա՛մ պէտք է ածիլուել, կա՛մ քօղ դնել գլխին: Այսօր ոմանք չեն պահում Աստուծաշնչի այս երկու հրահանգները: Սա կրկնակի անհնազանդութիւն է: Բայց ածիլուելն էլ ամօթ չէ մեր ժամանակներում, քանի որ կան մերկ գլխով կանայք, որոնք յետեւում են այս անամօթ նորաձեւութեանը, եւ որոնց համար ածիլուած լինելը նոյնիսկ պատիւ է։       

Աստուած յատուկ արտօնութիւն տուեց կնոջը, որ իր հնազանդութեամբ Աստծու առջեւ Քրիստոսի եւ բոլոր մարդկանց ներկայացուցիչը լինի։ Առաքեալը՝ դիմելով բոլոր կանանց՝ ասում է. «Դուք ինքնե՛րդ դատեցէք...»: Իմանալով, թէ Աստծու տնօրինութեան իշխանական դասակարգութեան մէջ ամէն մարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ մարդը եւ Քրիստոսի գլուխը՝ Աստուած, եւ որ Աստուած կնոջը նշանակել է ներկայացնելու իւրաքանչիւր մարդու Աստծու առջեւ, ինչպէս նաեւ ներկայացնելու Քրիստոսին՝ արդեօք ճի՞շդ է, եթէ այս ամէնն իմանալով հանդերձ՝ կինը գլխաբաց աղօթքի կանգնի Աստծու առաջ։ Պօղոս առաքեալը բացատրում է, թէ քանի որ Աստուած կնոջը երկար մազեր տուեց իր իսկ պատուի համար քօղի փոխարէն, ուրեմն, կինը եւս, բացի բնական ծածկոյթից, պէտք է կամաւոր մի այլ ծածկոց աւելացնի իր գլխին։

Իհարկէ, եթէ կինը ծածկում է իր գլուխը, բայց միեւնոյն ժամանակ արտայայտում է հպարտութիւն եւ իշխող ոգի, անարգում է Աստծուն եւ Եկեղեցուն: Սրանով փորձւում է կանանց խոնարհութիւնը: Չէ՞ որ ընդունելով ամուսնու հեղինակութիւնը՝ ընդունում ենք նաեւ, թէ շատ անգամ կինը կարող է գերազանցել ե՛ւ մտքով, ե՛ւ ոգեկանութեամբ: Բայց մարմինն ապստամբում է, ուզում է «հաւասարութիւն», իսկ Քրիստոս ասում է. «Ձեր մէջ եւս պէտք չէ այդպէս լինի. այլ ձեզնից ով կը կամենայ մեծ լինել, ձեր ծառան պիտի լինի. եւ ձեզնից ով կը կամենայ առաջինը լինել, ձեր ծառան պիտի լինի» (Մատթ. 20, 26--27). Սա՛ է Աստծու ցոյց տուած ճանապարհը կանանց եւ բովանդակ մարդկութեան ինքնահաստատման համար: Ոմանք ցանկանում են լինել առաջինը, բայց Աստծու համար առաջնութեան բաղադրատոմս են, սէրն ու խոնարհութիւնը: Ի՞նչը կարող է սրանցից աւելի բարձր լինել:

Սբ. Յովհան Ոսկեբերան հայրապետն ասում է. «Եւ դուք ինքնե՛րդ դատեցէք. վայե՞լ է կին արարածին գլխաբաց աղօթքի կանգնել Աստծու առաջ» (Ա. Կորն. 11, 13)։ Նորից առաքեալը կանանց առաջարկում է, որ իրենք դատեն, նման այն ասուածի, որ արդէն քարոզել էր կռապաշտութեան մասին իր քարոզում։ Այնտեղ ասում էր. «Ինքնե՛րդ դատեցէք, ինչ ասում եմ» (Ա. Կորն. 10, 15)։ Այստեղ էլ ասում է. «Դատեցէք ինքներդ», ու դրանով ներշնչում է մի ահաւոր բան։ Այստեղ վիրաւորանքը վերաբերում է Աստծուն, սակայն դա ասում է ոչ ուղիղ կերպով, այլ արտայայտում է ներողամտութեամբ ու ծածկաբար. «Վայե՞լ է կին արարածին գլխաբաց աղօթքի կանգնել Աստծու առաջ։ Եւ բնութիւնն իսկ չի՞ ուսուցանում ձեզ, որ, եթէ մարդը երկար մազերով է, դա անարգանք է իրեն. բայց կինը եթէ երկար մազերով է, դա պատիւ է իրեն, որովհետեւ մազերը քօղի փոխարէն են տրուած նրան» (Ա. Կորն. 11, 13-15)։ Ինչպէս այլ տեղերում, առաքեալը միշտ օգտագործում է յայտնի ապացոյցներ, այդպէս էլ այստեղ դիմում է յայտնի սովորութեանը եւ շատ է ամաչեցնում իր ունկնդիրներին, որոնք իրենից սպասում են այն յորդորները, որ կարող էին նրանք արդէն իմանալ ընդհանուր սովորութիւնից, իսկ դա անյայտ չէ նաեւ բարբարոսներին։ Եւ տե՛ս, թէ ինչ ուժեղ արտայայտութիւններ է նա օգտագործում ամենուրեք. «Ամէն տղամարդ, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ եւ գլուխը ծածկած պահի, անպատւում է իր գլուխը»,- ու նորից ասում է. «Իսկ եթէ ամօթ է կնոջ համար մազը կտրել կամ ածիլել, թող քօղով ծածկուի», եւ դարձեալ. «Եթէ մարդը երկար մազերով է, դա անարգանք է իրեն. բայց կինը, եթէ երկար մազերով է, դա պատիւ է իրեն. որովհետեւ մազերը քօղի փոխարէն են տրուած նրան» (Ա. Կորն. 11, 4. 6։ 14-15)։ Սակայն, ասում ես, եթէ մազերը քօղի փոխարէն են տրուած, ուրեմն ինչո՞ւ աւելացնել ուրիշ ծածկոց։ Որպէսզի ցոյց տայ ենթակայութիւնը ոչ միայն բնութեան, այլ նաեւ բարի կամեցողութեամբ։ Բնութիւնը հաստատել է նախապէս, որ դու լինես գլխածածկ, իսկ դու ինչ որ բան քեզանից աւելացրու, որպէսզի չերեւայ, թէ դու խախտում ես բնութեան օրէնքները։ Դիմակայել ոչ միայն մեզ, այլ նաեւ բնութեանը՝ նշան է մեծ անամօթութեան։ Դրա համար Աստուած, սաստելով հրեաներին, ասաց. «Տղաներիդ ու դուստրերիդ… դու զոհ մատուցեցիր …իսկ դա աւելի սաստիկ մի բան է, քան քո բոլոր պոռնկութիւններն ու պղծութիւնները» (Եզեկ. 16, 20.  22)։ Նաեւ Պօղոսը հռոմէացիներին ուղղուած իր նամակում, սաստելով անարգ կրքերի տրուողներին, նոյնպէս ուժեղացնում է այդ սաստումը՝ տեսնելով, որ իրենց յանցագործութիւնը գարշելի է ոչ միայն Աստծու օրէնքին, այլ նաեւ բնութեանը. «Բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով» (Հռոմ. 1, 26)։ Այստեղ էլ նա ներշնչում է նոյն բանը, ու նաեւ այն, որ նա չի նախատեսում ոչ մի նոր բան, եւ որ բոլոր հեթանոսական նորարարութիւնները հակասում են բնութեանը։ Նոյնն է արտայայտում նաեւ Քրիստոս, երբ ասում է. «Այն ամէնը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց» (Մատթ. 7, 12)՝ ներշնչելով, թէ Ինքը չի ներկայացնում ոչ մի նոր բան»[4]։

Սբ. Կղեմես Աղեքսանդրացին իր բազմահատոր աշխատութիւններում նոյնպէս նշում էր կնոջ գլխի քօղը, երբ խօսում էր կնոջ պարկեշտութեան ու համեստութեան մասին. «Պէտք է բոլորովին հրաժարուել ուրիշի մազերը գլխին դնելուց..., որովհետեւ այն ժամանակ քահանան ո՞ւմ վրայ ձեռքերը դնի, ո՞ւմ օրհնի. ոչ թէ զարդարուած կնոջը, այլ ուրիշի մազերին, եւ ուրեմն՝ ուրիշի գլխին։ Եթէ ամուսնու գլուխը Քրիստոսն է, ու կնոջ գլուխը՝ ամուսինը, ուրեմն անօրէնութիւն չէ՞ արդեօք այդ դէպքում կրկնակի մեղքի մէջ ընկնել։ Այդպիսի կանայք խաբում են ամուսիններին՝ փոխարինելով մազերը, ու պատուազրկում Տիրոջը, որքան որ կարող են՝ զարդարուելով հետերաների[5] նման, որպէսզի մոլորեցնեն եւ այդպիսով աղաւաղեն գլխի ճշմարիտ գեղեցկութիւնը»[6]։ Նաեւ ասում է. «Կինը եւ իր ամուսինը պէտք է եկեղեցի գնան պարկեշտ զգեստներով... Թող կինը հեռատես լինի։ Թող նա ամբողջութեամբ ծածկուած լինի... Այդ ոճի հագուստը ծանր է, բայց պաշտպանում է աւելորդ հայեացքներից։ : Նա, ով իր աչքերի առաջ դնում է համեստութիւնը եւ իր գլխին՝ քօղը, երբէք չի ընկնի. ոչ էլ նա մէկ ուրիշի կը հրաւիրի ընկնելու մեղքի մէջ։ Որովհետեւ սա է Խօսքի ցանկութիւնը, որ առաջնորդում է նրան քօղով ծածկուած աղօթելու»[7]:

 

 

[1]     Սբ. Գրիգոր Տաթեւացի, «Երգ Երգոցի մեկնութիւնը», Անկիւնաքար, Երեւան 2007, էջ 52-53։

[2]     Այստեղ «անհաւատներ» ասելով՝ Տաթեւացին նկատի ունի այլակրօններին, ինչպէս մահմեդականներին, քանի որ նրանք չունեն ուղղափառ հաւատք։

[3]     Յովհաննէս վարդապետ Արճիշեցի, «Պատարագի Մեկնութիւնը», Էջմիածին, 1999, էջ 57։

[4]     Свт. Иоанн Златоуст, Толкования на 1 Кор. 11:13-15.

      Տե՛ս http://bible.optina.ru/new:1kor:11:13 (առ 21/03/2017)։

[5]     Հետերաները հին Յունաստանում ազատ կեանք վարող թեթեւաբարոյ կանայք էին։

[6]      Свт. Климент Александрийский, Толкования на 1 Кор. 11:15.

      հttp://bible.optina.ru/new:1kor:11:15 (առ 22/03/2017)։

[7]      St. Clement of Alexandria, The Instructor, Book III, "Going to Church."

        http://www.newadvent.org/fathers/02093.htm  (առ 22/03/2017)։

 

 

Գևորգ սրկ․ Գևորգյան

«Կինը Նոր Ուխտի Եկեղեցում» գրքից

 

01.10.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․