Մաս 6-րդ
«Դրա համար կինը պարտաւոր է քօղ դնել գլխին հրեշտակների պատճառով» (Ա. Կորն. 11, 10)։
Պօղոս առաքեալն ասում է, թէ կինը պարտաւոր է իր գլուխը ծածկել Սուրբ Պատարագի ժամանակ հրեշտակների պատճառով: Հրեշտակները մեզ հետ միասին մասնակցում են Սուրբ Պատարագին: Եւ սա հաստատում է Յովհաննէս առաքեալը՝ ասելով. «Եւ մի ուրիշ հրեշտակ եկաւ ու կանգնեց խորանի մօտ. նա ունէր ոսկէ խնկաման. եւ նրան շատ խունկ տրուեց, որպէսզի աղօթք մատուցի բոլոր սուրբերին ոսկէ խորանի վրայ՝ աթոռի առաջ» (Յայտ. 8, 3, Մատթ. 18, 10): Հրեշտակները մշտապէս տեսնում են ամէն ինչ, որ կատարւում է Սուրբ Պատարագի ընթացքում: Նրանք նաեւ քաջատեղեակ են Եկեղեցու բոլոր աւանդոյթներին ու լաւ գիտեն դրանց իմաստն ու նշանակութիւնը: Նաեւ լաւ գիտեն գլխաշոր գործածելու աւանդոյթը: Լոյսի հրեշտակները տրտմում են ու զայրանում, երբ մենք անտեսում կամ հրաժարւում ենք հետեւել որեւէ ծիսական աւանդոյթի: «Դրա համար կինը պարտաւոր է քօղ դնել գլխին հրեշտակների պատճառով»։ Հայկական ուրիշ թարգմանութիւններում գրուած է. «Այս պատճառով պէտք է, որ կինը իր գլխուն շուք դնէ հրեշտակների համար»։ Այստեղ եւ գրաբար թարգմանութիւններում «քօղ» բառի փոխարէն օգտագործւում է «շուք» բառը։ Յունարէն բնագրում «քօղ» կամ «շուք» բառերի փոխարէն գրուած են «իշխանութեան նշան» բառերը։ Այսինքն՝ բառացիօրէն կարդացւում է այսպէս. «Դրա համար կինը պարտաւոր է իշխանութեան նշանը դնել իր գլխին հրեշտակների համար»: Գլխին իշխանութեան նշան դնելը՝ որպէս հնազանդութեան խորհրդանիշ, վկայութիւն է ոչ միայն տեսանելի աշխարհի համար, այլեւ, ինչպէս Պօղոս առաքեալն է նշում, «հրեշտակների համար» (Ա. Կորն. 11, 10)։ Ուրեմն, Աստծու առաջ կնոջ համար այս պատուիրանը կատարելը պարտաւորութիւն է, քանի որ այն վկայութիւն է բոլոր հրեշտակներին, երկնային անտեսանելի իշխանութիւններին եւ ամբողջ հոգեւոր աշխարհին: Ի՞նչ է նշանակում «հրեշտակների պատճառով» կամ «հրեշտակների համար» ասուածը:
Առաջին, գլխին «քօղ դնել»-ը կամ «իշխանութեան նշան»-ի պարտաւորութեան կոչը նշանակում են չզայրացնել ու չվիրաւորել լոյսի հրեշտակներին՝ մեր անհնազանդութեամբ: Սուրբ գրութիւնները յստակօրէն ցոյց են տալիս, թէ կնոջ գլխի քօղը նշան է այն բանի, որ կինն իր ամուսնու իշխանութեան տակ է (Ա. Կորն. 11, 10). այսինքն՝ կինն իր գլխի քօղով ցոյց է տալիս հրեշտակներին իր կամաւոր հնազանդութիւնն իր ամուսնուն: Նա կարծես ասում է. «Ես ծածկել եմ իմ գլուխը, քանի որ չեմ ձգտում գլուխ լինել: Ես ընդունում եմ իմ ամուսնուն որպէս գլուխ, նոյնիսկ եթէ նա արժանի չէ դրան, բայց առաջին հերթին ես հնազանդւում եմ Աստծուն եւ Նրա կողմից հաստատուած նուիրապետական իշխանութեանը»: Հրեշտակները վերակացուներ են՝ նշանակուած եկեղեցիների սպասաւորութեան համար (տե՛ս Յայտ. 1, 20)։ Նրանք գործում են ըստ իրենց պաշտօնի եւ ըստ իրենց ստացած տիեզերական առաքելութեան։ Նրանք, Աստծու տնօրինութեամբ Եկեղեցու պահպանութեան վրայ կարգուած լինելով որպէս վերակացուներ, հսկում են հաւատացեալներից իւրաքանչիւրին ու միասնաբար աղօթում են մեզ հետ։ Եւ, իհարկէ, երբ մեր աղօթքն ասւում է գիտակցութեամբ, մտքով, հաւատքով եւ ամենայն պարկեշտութեամբ այն դառնում է մահացու հարուած թշնամի ուժերին։ Ուրեմն, պէտք է ամէն ոք զգուշանայ, որ անարժան չլինի սուրբ հրեշտակներին եւ Աստծուն՝ իր սխալ վարքով։ Հետեւաբար, Տիրոջ հրեշտակների ուշադրութիւնից չեն վրիպի նրանք, ովքեր ցուցաբերում են հնազանդութիւն Աստծու պատուիրաններին, երբ աղօթքի ժամանակ իրենց ֆիզիկական տեսանելի կեցուածքով արտայայտում են հոգու բոլոր նուիրական տրամադրութիւնները։
Երկրորդ, որպէսզի ճշմարտապէս յայտնի լինի արարչութեան կարգերի՝ Աստծու տիրապետութեան ու տնօրինութեան ճշմարիտ պատկերը եւ «որպէսզի եկեղեցու միջոցով յայտնի լինի այժմ երկնային իշխանութիւններին եւ պետութիւններին Աստծու բազմապատիկ իմաստութիւնը» (Եփես. 3, 10), նաեւ՝ «Աստուած նրանց յայտնեց նաեւ, որ ոչ թէ իրենց համար, այլ մեզ համար էին տրուած այդ պատգամները, որոնք այժմ պատմուեցին ձեզ նրանց միջոցով եւ աւետարանուեցին Սուրբ Հոգով, որն ուղարկուեց երկնքից. մի բան, որ կը ցանկանային հրեշտակները գոնէ աղօտ կերպով տեսնել» (Ա. Պետր. 1, 12)։ Որոգինէսը՝ հին Եկեղեցու ուսուցիչներից մէկը, ասում է. «Իւրաքանչիւր հրեշտակ (նոյնիսկ նրանք, ովքեր փոքր են եկեղեցում) մշտապէս տեսնում է Հօր դէմքը, որ երկնքում է (Մատթ. 18, 10), եւ զմայլանքով դիտում են մեր Արարչի աստուածութիւնը։ Նա աղօթում է մեզ հետ, իր ամբողջ կարողութեամբ գործում է մեզ հետ՝ մեզ համար ստանալու այն, ինչ մենք խնդրում ենք»[1]։ Որոգինէսը շարունակում է. «Աստուածային առանձնայատուկ մի շնորհ եւ օգտակարութիւն կայ աղօթքի վայրում, ուզում եմ ասել՝ հաւատացեալների ժողովատեղում։ Անտարակոյս, հրեշտակների զօրութիւնները մասնակցում են հաւատացեալների հաւաքին։ Այնտեղ ներկայ է մեր Տիրոջ ու Փրկչի սրբութիւնը, ներկայ են սուրբերի հոգիները, կարծում եմ, ներկայ են նաեւ ննջեցեալների հոգիները, որոնք նախորդել են մեզ, եւ, իհարկէ, սուրբերի հոգիները, որոնք ապրում են դեռ, թէեւ հեշտ չէ ասել, թէ ինչպէս են ներկայ։ Ահա թէ ինչ պէտք է մտածել հրեշտակների մասին։ Տիրոջ հրեշտակը պտտւում է իր երկիւղածների շուրջը ու վտանգից փրկում նրանց (Սաղմ. 34, 8)... Ուրեմն, կարող ենք հաստատել հետեւեալը բազմաթիւ եղբայրների ժողովում, որոնք հաւաքւում են Քրիստոսի փառքի համար. իւրաքանչիւրն ունի իր հրեշտակը, որ շրջապատում է իրեն, որոնք երկիւղում են Աստծուց եւ մնում նրա կողքին, ում յանձն է առել պաշտպանել ու պահպանել։ Սուրբերի ժողովում հաւաքւում են երկու եկեղեցիներ՝ մարդկանց ու հրեշտակների... Եւ քանի որ հրեշտակները ներկայ են..., երբ կանայք աղօթում են, հրահանգուած է ունենալ ծածկոց իրենց գլխին այդ հրեշտակների պատճառով։ Նրանք աջակցում են սուրբերին եւ ուրախանում են եկեղեցում»[2]:
Երրորդ, Եսայու մարգարէութեան մէջ կարդում ենք. «Նրա շուրջը սերովբէներ կային, որոնցից իւրաքանչիւրը վեց թեւ ունէր. երկուսով իրենց երեսներն էին ծածկում, երկուսով՝ իրենց ոտքերը եւ երկուսով էլ թռչում էին։ Ձայնակցում էին իրար եւ ասում. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զօրութիւնների Տէրը, եւ ամբողջ երկիրը լի է նրա փառքով» (Ես. 6, 2-3): Եւ եթէ Սուրբ Խորհրդի ժամանակ նոյնիսկ հրեշտակներն իրենց թեւերով ծածկում են իրենց երեսները եւ աղօթում մեզ հետ, որպէսզի ստանանք այն, ինչ խնդրում ենք, ուրեմն ինքներդ դատեցէք, որքա՛ն ամօթ է գլխաբաց աղօթել Սուրբ Հաղորդութեան ներկայութեան առաջ։ Սուրբ Կիւրեղ Աղեքսանդրացին, մեկնաբանելով կորնթացիներին ուղղուած առաջին նամակը, գրում է. «Հրեշտակների համար չափազանց դժուար է հանդուրժել, եթէ այս օրէնքը (որ կինը պարտաւոր է քօղ դնել գլխին) անտեսւում է»[3]: Անտեսանելի նուիրապետութիւնը պէտք է յարգել, քանի որ հրեշտակները ներկայ են Սուրբ Պատարագին՝ մեզ հետ սպասաւորելու եւ երկրպագելու Տիրոջը: Յովհաննէս առաքեալը գրում է. «Եւ մի ուրիշ հրեշտակ եկաւ ու կանգնեց խորանի մօտ. նա ունէր ոսկէ խնկաման, եւ նրան շատ խունկ տրուեց, որպէսզի աղօթք մատուցի բոլոր սուրբերին ոսկէ խորանի վրայ՝ աթոռի առաջ» (Յայտ. 8, 3): Բարի հրեշտակները զայրանում են՝ տեսնելով անհնազանդութիւն Սուրբ Պատարագի ընթացքում. ճիշդ այնպէս, ինչպէս գարշում էին Հերովդէս թագաւորից, երբ նա ընդունում էր Երուսաղէմի ժողովրդի երկրպագութիւնը. «Եւ անմիջապէս հրեշտակը հարուածեց նրան (Հերովդէսին), որովհետեւ Աստծուն փառք չտուեց. եւ որդերի կեր դառնալով՝ մեռաւ» (Գործ. 12, 23): Այն, որ հրեշտակներն անտեսանելիօրէն ներկայ են հաւատացեալների եկեղեցու բոլոր ծէսերին, կարելի է նաեւ եզրակացնել՝ ընթերցելով Պօղոս առաքեալի այլ նամակները (տե՛ս Եփես. 3, 10: Ա. Տիմ. 5, 21: Ա Կորն. 4, 9):
Չորրորդ, որպէսզի չնմանուենք չար հրեշտակներին, որոնք ապստամբելով չպահեցին իրենց իշխանութիւնը եւ յաւիտենական կրակի դատաստանն ընդունելու օրինակ հանդիսացան բոլորին. «Եւ այն հրեշտակներին, որ չպահեցին իրենց իշխանութիւնը, այլ լքեցին իրենց բնակութեան տեղը, յաւիտենական կապանքներով խաւարի մէջ պահեց դատաստանի մեծ օրուայ համար, ինչպէս Սոդոմն ու Գոմորը եւ նրանց շուրջը եղող քաղաքները, որոնք այդ նոյն ձեւով պոռնկացան՝ անբնական կրքերի յետեւից ընկնելով եւ յաւիտենական կրակի դատաստանն ընդունելու օրինակ դարձան բոլորին» (Յուդ. 1, 6): Աստուած Եսայի մարգարէի բերանով նրանց ասում է. «Այն, որ գաք ու կանգնէք իմ առաջ… երբ աղօթքի համար դէպի վեր բարձրացնէք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզանից, եւ եթէ բազմապատկէք ձեր աղօթքները, չեմ լսելու ձեզ» (Ես. 1, 12-15)։ Եթէ Աստծու պատուիրաններն անտեսուեն, ապա սուրբերի ու հրեշտակների ժողովի փոխարէն կը կազմուի չար հրեշտակների մի խառնաժողով՝ ըստ այնմ. «Ունայնամիտների աթոռին ես չեմ նստի եւ անօրէնների մօտ ես չեմ գնայ։ Չարագործների ամբոխը ես ատեցի եւ ամբարիշտների կողքին չեմ բազմի» (Սաղմ. 25, 4-5)։ Նրանք, ովքեր անտեսել են օրէնքը, անտեսուել են Աստծու կողմից, պահապան հրեշտակներից ու սուրբերից, որոնք կարող էին փրկել իրենց։ Այն եկեղեցին, որը եթէ փորձութեան մէջ կորցնի առաքելական աւանդոյթները՝ զրկուելով իր կենսական ուժից, կը նմանուի այն անիծուած թզենուն, որը պտուղ չէր տուել։ Ուրեմն, պէտք է ամէն մարդ զգուշանայ, որ անարժան չլինի իր սուրբ հրեշտակին, եւ Աստծուն դառնացնող սխալ վարքով չյանձնուի խաւարի հրեշտակին։
Հինգերորդ, Մաղաքիա մարգարէն քահանաներին կոչում է «Աստծու հրեշտակներ» (Մաղ. 2, 7)։ Ոմանք կարծում են, թէ Պօղոս առաքեալը խօսում է նրանց մասին: Սբ. Եփրեմ Ասորին գրում է. «Դրա համար կինը պէտք է իր գլխի վրայ պատիւ ունենայ հրեշտակների պատճառով, այսինքն՝ յանուն քահանաների…։ Ամէնուր է ի հնազանդութիւն քահանայապետութեան...»[4]։ Նոյնպէս Սբ. Գրիգոր Տաթեւացին է ասում. «Մկրտութիւնը քահանայի գործ է, որ կատարում է աղօթքով, իսկ կանանց սեռին աղօթելու ընթացքում առաքեալը պատուիրում է գլխին շղարշ դնել հրեշտակների համար, այսինքն՝ քահանաների համար, որոնք սուրբ գրքերում կոչւում են հրեշտակ: Հետեւաբար, որքան ծանր դատապարտութիւն է կանանց համար յանդգնել քահանայական գործ կատարելու: Կան նաեւ այլ բազում վկայութիւններ Սուրբ Գրքերում, որ նման հերձուածները յայտնի են դառնում որպէս սուտ ու կեղծ»[5]:
Կայ նաեւ մի սխալ կարծիք, թէ «հրեշտակների պատճառով» խօսքերը պարզապէս յետագայում են աւելացուել Սուրբ Գրքում, բայց այս տեսակէտը չի կարող ընդունուել, քանի որ այս խօսքերը ներկայ են բոլոր հնագոյն բնագրերում: Բայց ինչո՞ւ է հրեշտակներին հարկաւոր այդ վկայութիւնը: Աստուածաշնչից արդէն գիտենք, թէ հրեշտակները ինը դասերի են բաժանուած, որոնք բնական բարձր կարողութիւններով օժտուած սպասաւոր հոգիներ են եւ ծառայում են Աստծու արքայութեան նպատակներին՝ մշտապէս փառաբանելով Աստծու մեծութիւնը։ Պօղոս առաքեալի՝ եբրայեցիներին ուղղուած նամակից (Եբր. 1, 14) իմանում ենք, թէ հրեշտակները պաշտօնակատար հոգիներ են, որոնք ստեղծուած են սպասաւորելու ու ծառայելու նրանց, ովքեր պիտի ժառանգեն փրկութիւնը: Հրեշտակներից մէկը Յովհաննէս առաքեալին ասում է, թէ ինքը ծառայակից է Յովհաննէսին եւ այն եղբայրներին, որոնք ունեն Յիսուսի վկայութիւնը (տե՛ս Յայտ. 19, 10: 22, 9): Մտնելով մարդկային պատմական կեանքի մէջ՝ նրանք ծառայում են երկրի վրայ Աստծու արքայութիւնը հաստատելուն ու մարդկանց փրկութեան իրականացմանը մասնակցելուն։ Սուրբ Գրքից նաեւ իմանում ենք, թէ մի անգամ երկնային նուիրապետութան մէջ վթար եղաւ. հրեշտակներից մեկը, որ շատ մօտ էր Աստծուն, հրաժարուեց ենթարկուել Նրան: Սատանայ[6] դարձած նախկին հրեշտակն ապստամբեց Աստծու դեմ, քանի որ նա ուզում էր հաւասար լինել Աստծուն։ Հպարտութիւնը[7] նրան մղեց ցանկալու դառնալ Աստծուն հաւասար: Այլ կերպ ասած՝ հաւասար լինելու յարաբերութիւնները գերակշռեցին իր ենթակայութեան յարաբերութիւններին: Ապստամբութեան պատճառով առաջացաւ անհաւասարակշռութիւն՝ հաւասարութեան եւ գերիշխանութեան միջեւ: Այդ երեւակայական հաւասարութիւնը հաստատելու փորձն ու ձգտումը բերեցին սատանայի տապալմանն ու խորն անկմանը: Այլ խօսքով՝ Արուսեակ հրեշտակապետը, իր գլուխը մերկացնելով Աստծու առջեւ, հրաժարուեց հնազանդուել Նրա իշխանութեանը՝ ցանկանալով նմանուել Բարձրեալին ու գահակալ դառնալ, ինչպէս Եսայի մարգարէն է ասում. «Արդ, ինչպէ՛ս երկնքից ընկաւ Արուսեակը, որ ծագում էր առաւօտեան. նա, ով ուղարկւում էր բոլոր ազգերին, ընկաւ գետին ու խորտակուեց։ Մտքիդ մէջ ասում էիր. «Երկինք կը բարձրանամ, իմ գահը կը դնեմ երկնային աստղերից աւելի վեր. կը նստեմ բարձր լերան վրայ, հիւսիսի բարձր լեռների վրայ. կը բարձրանամ ամպերից էլ վեր, կը նմանուեմ Բարձրեալին»» (Ես. 14, 12-14)։ Որպէս հետեւանք այս աղետի՝ անհնազանդ ուրիշ հրեշտակներ էլ ապստամբեցին Աստծու դէմ, ու բոլորն էլ երկնքից ցած նետուեցին՝ դառնալով «երկնքի տակ եղող չար ոգիներ» (Եփես. 6, 12): Այսօր սատանան եւ այդ ընկած չար հրեշտակները՝ դեւերը, հետեւելով երկրի վրայ մարդկանց անցուդարձին, տեսնում են, թէ ինչպէս Աստուած տեսաւ այդ հնազանդութիւնը ոչ միայն Իր Միածին Որդուց, այլեւ թոյլ, տկար եւ անօգնական մարդկանցից: Եւ սա չափազանց հալածում ու ստորացնում է խաւարի հրեշտակներին: Սատանան ոչ միայն ամօթահար է լինում Յիսուս Քրիստոսից՝ Իր Հօրը հնազանդ լինելու համար, այլեւ այն մարդկանցից, ովքեր կամաւոր հնազանդւում են Աստծուն՝ կատարելով Նրա կամքը: Հնազանդութեան այդ դրսեւորումներից է կնոջ հնազանդութիւնը, որի տեսանելի խորհրդանշանն է իր գլխի քօղը: Այսպիսով, գլուխը ծածկելով՝ կինը խայտառակում է սատանային ու բոլոր չար հրեշտակներին, որոնք ապստամբեցին Աստծու դէմ: Նրա գլխի քօղը վկայում է, թէ կինը հնազանդ է իր ամուսնուն եւ Աստծուն՝ ի տարբերութիւն նրանց, որ չկարողացան սովորել հնազանդութեան իմաստութիւնը:
Լոյսի հրեշտակները տեսնում են հնազանդութեան այդ վկայութիւնը, որ հոգեւոր աշխարհում Աստծու յաղթանակի ուրախութիւնն է բերում ընդդէմ անհնազանդութեան: Աստուած ուղարկում է սպասակրող հրեշտակներին, որպէսզի նրանք հնազանդ ու բարեպաշտ կանանց պաշտպանեն եւ ազատեն զանազան փորձութիւններից ու փորձանքներից. «Չէ՞ որ հրեշտակները սպասարկող հոգիներ են, որոնք ուղարկւում են ի սպասաւորութիւն նրանց, որ ժառանգելու են փրկութիւնը» (Եբր. 1, 14): Այսպիսով, պարզ է դառնում, թէ ինչո՞ւ է սատանան անընդհատ բռնի ապստամբութեան ենթարկում քօղով գլուխը ծածկելու գաղափարն ու աւանդոյթը: Ակնյայտ է, թէ քօղի նշանը խորապէս ստորացնում եւ ամօթահար է անում դեւերին, քանի որ եկեղեցու հաւատացեալ կանայք անում են այն, ինչ նրանք չեն արել: Սա է պատճառներից մէկը, որ առաքեալը հրահանգում է. «Դրա համար կինը պարտաւոր է քօղ դնել գլխին հրեշտակների պատճառով» (Ա. Կորն. 11, 10):
Եկեղեցու Հայրերը նշում էին գլխաշոր գործածելու կարեւորութիւնը: Օրինակ՝ Տերտուղիանոսն ասում էր. «Հրեշտակների հետ կապուելու պատճառով կանայք պէտք է ծածկեն իրենց գլուխները, որովհետեւ «մարդկանց դստերի» պատճառով հրեշտակներն ապստամբեցին Աստծու դէմ»: Իսկ հրեշտակներն ամէնուր են, նրանք շրջապատում են մեզ եւ հետեւում են մեզ ուշադիր։ Սբ. Յովհան Ոսկեբերան հայրապետն նշում էր, թէ՝ «Սրա համար ենք մենք ձեզ այստեղ հրաւիրել, որպէսզի այս հանդիպումը լինի առաւել հանդիսաւոր, ու տեսարանը լինի առաւել փայլուն, երբ հաւաքուել են ոչ միայն մարդիկ, այլեւ նահատակները. եւ ոչ միայն նահատակները, այլեւ հրեշտակները: Իսկապէս, այստեղ ներկայ են նաեւ հրեշտակները: Այսօր կազմուել է հրեշտակների ու նահատակների հաւաքը: Եթէ դու ցանկանում ես տեսնել ե՛ւ հրեշտակներին, ե՛ւ նահատակներին, ապա բացի՛ր քո հաւատքի աչքերը ու կը տեսնես այս տեսարանը: Փաստօրէն, եթէ ամբողջ օդը լցուած է հրեշտակներով, ապա որքան առաւել եկեղեցին, եւ եթէ եկեղեցին, ուրեմն յատկապէս այսօր, երբ համբառնում է իրենց Տէրը: Եւ որ ամբողջ օդը լցուած է հրեշտակներով, լսիր, թէ ի՛նչ է ասում առաքեալը, երբ յորդորում է կանանց քօղով ծածկել գլուխները. «Դրա համար կինը պարտաւոր է քօղ դնել գլխին հրեշտակների պատճառով» (Ա. Կորն. 11, 10)»[8]։
Հրեշտակներն իրագործում են պաշտպանական ծառայութիւն: Երանելի Դաւիթն ասում է. «Իր հրեշտակներին հրամայուած է քո մասին, որ պահպանեն քեզ քո բոլոր ճանապարհներին։ Իրենց բազուկների վրայ պիտի վերցնեն քեզ, որ երբէք ոտքդ քարի չխփես։ Դու կը քայլես իժերի ու քարբերի վրայով, ոտքով կը կոխոտես առիւծին ու վիշապին» (Սաղմ. 90, 11-13): Երբ Հերովդէսը ձերբակալեց Պետրոսին (տե՛ս Գործ. 12, 1-11), Տէրը ճիշդ այդպիսի հրեշտակ ուղարկեց ու փրկեց նրան Հերովդէսի ձեռքից: Եւ երբ Պետրոսը եկաւ Մարիամի՝ Մարկոս կոչուած Յովհաննէսի մօր տունը, այնտեղ հաւաքուել էին շատերը եւ աղօթք էին անում։ Տան դուռը բախելիս՝ Ռոդէ անունով մի աղախին, ճանաչելով Պետրոսի ձայնը, ասաց, թէ Պետրոսը դռան մօտ կանգնած է. նրանք ասացին, թէ նրա հրեշտակն է: Զգուշացնելով աշակերտներին այն գայթակղութիւններից, որոնք գործւում են այս աշխարհում, Տէրն ասում է. «Զգո՛յշ եղէք, որ այս փոքրիկներից մէկին չարհամարհէք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապէս տեսնում են երեսն իմ Հօր, որ երկնքում է» (Մատթ. 18, 10): Յիսուս ասում է, թէ պահապան հրեշտակները օգնում են ու պաշտպանում մարդկանց՝ մշտապէս տեսնելով Աստծու երեսը: Հրեշտակների այդ օգնութիւնն այնքա՛ն զօրեղ է, որ Աստծու որդիներն ու դստրերը, առանց որեւէ վնասի, հոգեւոր պատերազմ պիտի մղեն աներեւոյթ թշնամու դէմ եւ ոտքով կոխոտեն առիւծին ու վիշապին՝ հոգեւոր անտեսանելի աշխարհում: Բայց ե՞րբ են իրագործւում Աստծու այս խոստումները: Իհարկէ, երբ մենք հնազանդ լինենք Տիրոջը ամէն ինչում: Իսկ երբ մենք անհնազանդ ենք Տիրոջը, այն ժամանակ չար ուժերը յարձակւում են մեզ վրայ ու վնաս հասցնում: Այս դէպքում ոչ թէ մենք, այլ առիւծն ու վիշապն են ոտնահարում մեզ: Ու բոլոր կողմերից մեզ վրայ են յարձակւում տարբեր որոգայթներ, դիւային յարձակումներ, գայթակղութիւններ, հոգեւոր ու մարմնաւոր հիւանդութիւններ, ֆինանսական ճգնաժամ եւ այլն, ինչպէս գրուած է. «Նրանց դէմ ուղղեց իր սաստիկ բարկութիւնը՝ սրտմտութիւնը, զայրոյթն ու նեղուածութիւնը, չար հրեշտակների ձեռքով տանջանքներ ուղարկեց նրանց վրայ» (Սաղմ. 77, 49): Ինչո՞ւ Տէրն ուղարկեց չար հրեշտակներին: Իհարկէ, նրանց անհնազանդութեան պատճառով: Կնոջ գլխի քօղը խորհրդանիշ է խոնարհութեան, հնազանդութեան, պարկեշտութեան եւ, իհարկէ, պաշտպանութեան, ինչի մասին արդէն նշել էինք: Իսկ երբ Պօղոս առաքեալն ասում է, թէ կնոջ գլխի քօղն իշխանութեան նշան է հրեշտակների համար, ապա խօսքը ի՞նչ իշխանութեան մասին է: Իհարկէ, ամուսնու իշխանութեան տակ գտնուելու նշանն է, ինչպէս Քրիստոսի իշխանութեան խորհրդանիշը՝ Իր Եկեղեցու հանդէպ: Երբ հրեշտակները տեսնում են, թէ կինը հաւատքով կրում է այդ իշխանութեան նշանը, նրանք հասկանում են, թէ հնազանդ է կինն իր ամուսնուն։ Իսկ նա խոնարհութիւն ունի՞ Աստծու առջեւ, թէ՞ ոչ: Եթէ կինը չունի իշխանութեան տակ լինելու խորհրդանիշը, ուրեմն նա անհնազանդ է իր ամուսնուն: Իսկ անհնազանդութիւնն ապստամբութիւն է Աստծու դէմ: Ուր կայ աստուածամարտ ապստամբութիւն, այնտեղ են նենգաւոր սատանան ու դեւերի բանակները: Սակայն, երբ լոյսի հրեշտակները տեսնում են քօղը կնոջ գլխին, նրանք ունենում են ամէն իրաւունք՝ պաշտպանելու դիւական յարձակումներից, թոյլ չտալով, որ չար ոգիները կնոջը շեղեն աղօթքից կամ որեւէ այլ վնաս հասցնեն:
Սողոմոն Իմաստունը «Երգ Երգոց»-ում ներկայացնում է Քրիստոսի եւ Եկեղեցու յարաբերութեան խորհրդապատկերը: Յիշենք, թէ ի՛նչ էր գրուած այնտեղ, երբ քաղաքի պարիսպների պահակները Երուսաղէմի դստեր վրայից հանեցին պաշտպանող քօղը. «Ինձ գտան քաղաքում շրջող պահապանները, խփեցին եւ վիրաւորեցին ինձ, իսկ պարիսպների պահակները քօղս հանեցին իմ վրայից» (Երգ. 5, 8): Այլ կերպ ասած՝ նրա վրայից հանեցին իր պաշտպանութիւնը, քանի որ այդ քօղը պաշտպանում էր քաղաքը: Գուցէ սա էլ պատճառ է, երբ շատ քրիստոնեայ կանայք, ովքեր տարբեր պատճառներով այսօր մերժում են գլխաշոր դնել, անհնազանդ լինելով Աստծու խօսքին եւ օրէնքներին, չեն ստանում լուծումներ իրենց անձնական մտահոգութիւններին: Եւ ինչո՞ւ, որովհետեւ հոգեւոր աշխարհն ունի իր հոգեւոր օրէնքները, որոնց անգիտութիւնը մարդուն չի ազատում այդ օրէնքների գործող հետեւանքներից: Մեզ բոլորիս յայտնի է այն արտայայտութիւնը, թէ «օրէնքի չիմացութիւնը չի ազատում մարդուն քրէական պատասխանատուութիւնից»: Այս յայտարարութիւնը լիովին վերաբերում է եւ հոգեւոր աշխարհին: Օվսէէ մարգարէն ասում էր. «Իմ ժողովուրդը նմանուեց նրան, ով իմացութիւն չունի. քանի որ դու մերժեցիր իմացութիւնը, ես էլ քեզ կը մերժեմ» (Օս. 4, 6): Հայերէն ուրիշ թարգմանութիւններում գրուած է. «Իմ ժողովուրդս գիտութիւն չունենալուն համար բնաջինջ եղաւ։ Որովհետեւ դու գիտութիւնը մերժեցիր, Ես էլ քեզ պիտի մերժեմ»։ Եթէ մենք չգիտենք այն օրէնքները, որոնք կան հոգեւոր աշխարհում, ապա դա չի նշանակում, թէ մենք ազատ ենք նրանցից: Նրանք ազդեցութիւն ունեն մեր կեանքում, քանի դեռ մենք գտնւում ենք այս մարմնի մէջ: Եթէ սատանան չիմանար այդ օրէնքները, ապա ոչ մի խնդիր չէր լինի: Բայց բանն այն է, որ նա լաւ գիտէ հոգեւոր օրէնքները եւ իր գիտելիքներն օգտագործում է Աստծու ժողովրդի դէմ: Իսկ Տէրը ցանկանում է, որ մենք իմաստաւորուենք աստուածային գիտելիքներով ու ձեռք բերենք փրկարար հնազանդութիւն: Յիսուս իզուր չէ, որ ասում է. «Ինչո՞ւ ինձ «Տէ՛ր, Տէ՛ր» էք կոչում, իսկ ինչ ասում եմ՝ չէք անում» (Ղուկ. 6, 49): Հետեւաբար, կինը պէտք է հնազանդուի Աստծու խօսքին ու քօղով ծածկի իր գլուխը, քանի որ գրուած է. «Ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը. որովհետեւ այնպէս է համարւում, թէ իբր գլուխն ածիլուած լինի»:
Վարդապետներից մէկն ասում էր, թէ «կնոջ հաւատի նահանջը սկսւում է գլխաշորի հրաժարումից»: Երբ քրիստոնեայ կինը մերժում է քօղով ծածկուել, այդպիսով նշանաւորում է Տիրոջից նահանջելու իր առաջին քայլը: Գլխի քօղը հանելով՝ կինը մերժում է Աստծու պաշտպանութիւնը: Եթէ կնոջ գլխին չկայ Աստծու պաշտպանութեան ծածկոյթը, ուրեմն դա նշան է, թէ նա բաց է պիղծ ոգիների յարձակումների դիմաց, քանի որ խախտուած է Աստծու հաստատած կարգը: Արդէն նշել էինք, թէ Պօղոս առաքեալի՝ «ածիլուած» բառը հնարաւոր է, որ վերաբերում է մարմնավաճառներին: Եւ եթէ սա չեն հասկանում ժամանակակից որոշ քրիստոնեաներ, ապա յիշեցնենք, որ սատանան շատ լաւ գիտէ, թէ ինչի՛ մասին է խօսում առաքեալը: Այնպէս որ, երբ կինը գլխաբաց աղօթում է եկեղեցում, սատանան ունի ամէն իրաւունք՝ մօտենալու այդ կնոջը՝ որպէս «մարմնավաճառի», ու նրա սրտում ներդնել կեղծ յայտնութիւններ, աղանդաւորական մտածումներ ու չար խորհուրդներ, թէեւ արտաքուստ ամէն բան աննկատելի կարող է թուալ: Աստծու խօսքից արդէն յայտնի է, թէ ամէն պոռնիկ մեղք է գործում իր սեփական մարմնի դէմ. «Ով պոռնկանում է, իր մարմնի դէմ է մեղք գործում» (Ա. Կորն. 6, 18): Եւ երբ նա մեղք է գործում իր մարմնի դէմ, ապա իր սրտում դեւին իրաւական եւ օրինաւոր տեղ է տալիս: Պօղոս առաքեալն ասում է. «Սատանային տեղի մի՛ տուէք» (Եփես. 4, 27): Իսկ Յակոբոս առաքեալն ասում էր. «Հնազանդուեցէ՛ք, ուրեմն, Աստծուն եւ դիմադրեցէ՛ք սատանային, ու նա կը փախչի ձեզանից» (Յակ. 4, 7):
[1] Որոգինէս, «Աղօթքի մասին», Էջմիածին, 2007, էջ 65։
[2] Origen: The Deans of the School of Alexandria, “Philosofy of Creation,” 1995, p. 553.
[3] Orthodox Christian Information Center, "On Account of the Angels: Why I Cover My Head". http://orthodoxinfo.com/praxis/headcoverings.aspx (առ 12/04/2017)։
[4] Прп. Ефрем Сирин, “Толкование на послания божественного Павла”.
http://www.rusbible.ru/books/1kor.es.1.html (առ 24/03/2017)։
[5] Սբ. Գրիգոր Տաթեւացի, «Գիրք Հարցմանց», Կ. Պոլիս, 1729, էջ 590:
[6] «Սատանայ» նշանակում է «ապստամբ», «հակառակորդ»։
[7] «Հպարտութիւն» բառը, ըստ սբ. Գրիգոր Տաթեւացու, նշանակում է հրեշտակի պարտութիւն։ Այստեղ խօսքը Արիւսակ հրեշտակապետի մասին է։
[8] Свт. Иоанн Златоуст, "Беседа на вознесение Господа нашего Иисуса Христа".
Տե՛ս https://www.ccel.org/contrib/ru/Zlat21/Voznes.htm (առ 25/03/2017)։
Գևորգ սրկ․ Գևորգյան
«Կինը Նոր Ուխտի Եկեղեցում» գրքից