Հաղորդակից լինելով Սուրբ Անանիայի Աջին

«Սուրբ, անբիծ, սքանչելագործ առաքյալ և վկա Քրիստոսի` Անանիա, որ չարչարանքներ և մահ հանձն առար, և արդարների անմահական բնակարաններին արժանի եղար, աղաչի՛ր Աստծուն մեր՝ քո տոնը կատարողներիս համար քավություն և թողություն մեղքերի և կյանք անվախճան»:

Սուրբ Անանիայի հիշատակության օրը՝ այս տարի հոկտեմբերի 14-ին, Սուրբ և Անմահ Պատարագին մասնակցելու, նրա բարեխոսությունը խնդրելու, նրա Սուրբ Աջին խոնարհվելու և օրհնություն ստանալու փափագով բազմաթիվ ուխտավորներ էին եկել Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցի:

Արդեն երկրորդ տարին է, որ Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում Սուրբ Անանիայի հիշատակության օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձատնից բերվում է սրբի 17-րդ դարի մասունքակիր աջը:

Մինչ Սուրբ Անանիայի Աջը բերելը, ուխտավորները մասնակցեցին առավոտյան ժամերգությանը Սուրբ Անանիայի մատուռ դամբարանում, ապա թափորը հոգևոր հովիվ՝ Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի գլխավորությամբ, Սուրբ Աջը բերելու հատուկ արարողակարգով, Քրիստոսի 72 աշակերտներին ուղղված «Իմաստութիւն երկնային» շարականի երգեցողությամբ, սրբազան մասունքով իր խոնարհումը բերեց Սուրբ Անանիայի մասունքներին մատուռ դամբարանում: Արդեն եկեղեցում, շարունակելով արարողակարգը, ընթերցվեց Գործք Առաքելոցից այն հատվածը, որտեղ պատմվում է, թե ինչպես քրիստոնյաների հալածիչ Սողոսը, ճանապարհին հանդիպելով Քրիստոսին, կուրանում է: Տիրոջ տեսիլքին անսալով՝ Քրիստոսի 72 աշակերտներից՝ Սուրբ Անանիան, Դամասկոսում բուժում և մկրտում է նրան: Երկնային տեսիլքով Սուրբ Անանիային Տերն ասել էր. «Դու գնա՛, որովհետև Ես նրան ընտրել եմ իբրև ընտրյալ անոթ, որպեսզի Իմ անունը ճանաչել տա հեթանոսներին, թագավորներին և Իսրայելի ժողովրդին: Ես Ինքս եմ ցույց տալու նրան, թե ինչքան չարչարանք պիտի կրի Իմ անվան համար»: Սուրբ Անանիան Տիրոջ բարեհաճությամբ մկրտեց Սողոսին՝ ապագա Պողոս առաքյալին՝ հեթանոսների առաքյալին:

Արարողակարգն ավարտելով՝ Սուրբ Անանիայի Աջը դրվեց եկեղեցու Սուրբ Սեղանին: Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Սուրբ Պատարագ մատուցվեց:

Պատարագիչը՝ Տեր Զգոն քհն. Աբրահամյանը, շնորհավորեց ներկաներին օրվա կապակցությամբ՝ նշելով, որ այս օրը համայն եկեղեցու և համայն հայության բերկրալի տոնն է: Սուրբ Անանիայի Աջը բերելու հետ կապված Տեր Հայրը շնորհակալություն հայտնեց Սրբազան Հորը և անդրադարձավ Սուրբ Անանիայի վարքին: «Սուրբ Անանիայի մասունքների առկայությունը Հայաստանում Աստվածային սիրո վառ ապացույցն է: Սրբի բարեխոսությունը դարձավ մեզ համար օրհնության, զորության և բժշկության աղբյուր, ինչի համար գոհություն Տիրոջը Իր անսահման սիրո և նման նվիրյալ անձի համար»,- ասաց Տեր Զգոնը:

Ուխտավորներից Հրանուշը մանրամասնորեն գիտեր Սուրբ Անանիայի վարքը, դեռ մանկուց նա իր ծնողների շնորհիվ հաղորդակից է եղել Սուրբ Անանիայի մասունքների օրհնությանը: Սուրբը իր համար հավատքի մեջ ամուր և կայուն մնալու լավագույն օրինակն է, վկան:

Սուրբ Պատարագի ավարտին Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Սուրբ Անանիայի Աջով կատարեց անդաստանի կարգ՝ Սուրբ Երրորդության անունով օրհնելով արևելքը, արևմուտքը, հյուսիսը և հարավը: Սրբազան Հայրը մաղթեց, որ Աստված օրհնի բոլորի ուխտը. «Դարեր շարունակ Տիրոջ զորությունը պարունակող Սուրբ Անանիայի մասունքին հաղորդակցվելը շատ կարևոր է: Այս կերպ, մոտենալով մասունքին, կզորացնենք և կդարմանենք մեր հոգին»:

Այդ պահից սկսյալ մինչ երեկոյան ժամերգությունը դեպի եկեղեցու ատյան ձգվող ուխտավորների շարքը, Սուրբ Անանիայի բարեխոսությունը հայցելով, հաղորդակից էին լինում Սուրբ Անանիայի Աջի օրհնությանն ու զորությանը:

Կարինե Սուգիկյան

 

14.10.14
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․