Գրքեր

Հաջող կողակցի չափանիշները

Սկզբից Աստված մարդուն ստեղծեց արու և էգ. «Եվ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդ. 1:27), օրհնեց և տվեց երկրի վրա շատանալու պատվիրանը. «Եվ օրհնեց նրանց Աստված՝ ասելով. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը...» (Ծննդ. 1:28):

Մարդկության բազմանալը տեղի է ունենում միայն տղամարդու և կնոջ  զուգակցությամբ: Ուստի միասեռական ամուսնությունը՝ մարդկային իրավունքների կամ ազատության անվան տակ, ոչ միայն հակատրամաբանական, հակաառողջապահական, հակադաստիարակչական, հակաբարոյական է, այլ նաև հակաաստվածաշնչական մտածողություն, զգացմունք և արարք է:

Մայիսի 7, 2022 թ․-ին, Herlifeonline.com կայքում նշված է, որ աշխարհում ամեն օր տեղի է ունենում մոտ 115.000 ամուսնություն, այսինքն՝ ամեն տարի շուրջ 42 միլիոն ամուսնություն: Ամուսնության այս մեծ թվի կողքին կա նաև ամուսնալուծության սոսկալի մեծ թիվը, որը կարող է հարց առաջացնել որոշ ընթերցողների մոտ, թե՝ որո՞նք են հաջող կողակցի չափանիշները: Որպեսզի հարցման պատասխանը լավագույն ձևով իմանանք, պետք է հաջող կողակցի չափանիշների թեման քննարկենք մտային, մարմնական և հոգևոր մոտեցումներով, ինչպես նաև Աստվածաշունչ մատյանի մեջ հիշված որոշ կողակիցների կյանքից դասեր քաղենք:

Այս հոդվածի նպատակն է, որ դեպի Սուրբ պսակ գնացող անձինք ճիշտ կողակցի ընտրություն կատարեն, և միաժամանակ յուրաքանչյուր անհաստատուն հայ ընտանիք ամրապնդվի փոխադարձ հասկացողությամբ, սիրով և ծառայությամբ:

Հաջող կողակցի չափանիշը մտային մոտեցումով

Ուղեղը մարմնի այն անդամն է, որի միջոցով կատարում ենք զանազան մտային գործողություններ՝ սովորել, մտածել, վերլուծել, բաղդատել, եզրակացնել և այլն: Ուստի, հաջող կողակիցը պետք է գիտակցի, որ.   

Պսակը սուրբ խորհուրդ է: Պսակը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու յոթ սուրբ խորհուրդներից մեկն է, որի արարողության աստվածաշնչական ընթերցանությունները, հայրերի աղոթքները, հոգեպարար շարականները, Աստծու առջև խոստումը և Աստծու օրհնությունը քահանայի միջոցով առաջնահերթ են ծաղիկների զարդարումներից, նկարահանումից և պսակին հաջորդող ժողովրդական  ավանդույթներից: Հաջող է կողակիցը, եթե նրա համար Սուրբ պսակի խորհրդի արարողությունը առաջնահերթ է: 

Ամուսնական կյանքը հեշտ չէ: Ամուսնական կյանքը կարող է հանդիպել  բազմատեսակ դժվարությունների՝ հիվանդություն, ձախորդություն, աղքատություն, փորձություն և այլն: Աբիգեան հաջող կողակից էր, որովհետև իմաստությամբ կասեցրեց իր ամուսնու՝ Նաբաղի սխալ արարքի ահավոր հետևանքը (Ա Թագ. 25): Դալիլան ձախող կողակից էր, որովհետև արծաթասիրությամբ իր ամուսնու՝ Սամփսոնի ֆիզիկական ուժի գաղտնիքը հայտնեց այլազգիների նախարարներին (Դատ. 16): Հաջող է կողակիցը, եթե դժվարությունների ալիքների դիմաց հաստատուն ժայռի նման կանգնած է կամ մոմի պես հալվելով՝ լուսավորում է իր անմիջական շրջապատը:       

Ամուսնությունը դժվար ժամանակի մեջ է: Այո, որովհետև որքան ընտանիքներ քանդվեցին հեռախոսների չափազանց գործածության, համացանցային կայքերի, սոցցանցի անծանոթ ընկերների և այլ սոցիալական լրատվամիջոցների պատճառով: Հաջող է կողակիցը, եթե այս բոլորին սահման է դնում՝ չափավոր ձևով դրանք  օգտագործելով իր ընտանիքի հարատևման համար:

Հաջող կողակցի չափանիշը մարմնական մոտեցումով

Հաջող կողակցի չափանիշը ըստ մարմնի պիտի քննարկենք ներքին երեք բաժինների մեջ՝ տարիք, աշխատանք և գեղեցկություն:

Տարիք: Աստվածաշունչը չի ասում, թե ինչ տարիքի պետք է լինի տղամարդը և կինը  ամուսնության ժամանակ կամ ինչ տարիքային տարբերություն պետք է լինի նրանց միջև, որպեսզի համարվեն հաջող կողակիցներ: Աստված մարդուն շնորհել է ազատ կամք, և դրանով մարդն ամենայն ազատությամբ հավանում, սիրում և ընտրում է իր ապագա կողակցին: Ղպտի Ուղղափառ Սուրբ Եկեղեցու երջանկահիշատակ Շենուդա Գ Պատրիարքը տղամարդու և կնոջ միջև տարիքային տարբերության մասին խոսելով՝ ասում է. «Լավ կլինի, որ փեսայի և հարսի միջև տարիքային տարբերությունը 6 - 7 տարի լինի, բայց ենթադրենք դրանից պակաս կամ ավել է, խնդիր չկա: Մենք կարող ենք խրատել, եթե տարիքային տարբերությունը շատ լինի, բայց ոչ արգելել: Մենք ունենք մեր սահմանները, որոնք չենք անցնում»: Հայր Աբրահամի և Սառայի միջև կար տասը տարի տարբերություն, սակայն հաջող կողակիցներ էին: Հակառակ որ Սառան հասավ խոր ծերության, Աբրահամը ողբաց և սգաց նրա մահը. «Սառան ապրեց հարյուր քսանյոթ տարի։ Նա մահացավ Արբոկ քաղաքում, որ ձորում է. դա Քեբրոնն է, որ գտնվում է քանանացիների երկրում։ Աբրահամը եկավ, որ ողբա ու սգա Սառայի մահը» (Ծննդ. 23:1-2):

Աշխատանք: Հաջող կողակիցը աշխատասեր անձ է, աշխատանքը նրա համար կյանք է բառի ամբողջական իմաստով: Նա ֆիզիկական հանգիստի ժամանակ նույնիսկ աշխատում է մտքով, թե ինչ աշխատանքներ մնացին կամ ինչ նոր գործեր և  ծրագրեր կարելի է անել: Նա չի սիրում օրը անցկացնել նստելով, հեռուստացույց դիտելով կամ սոցիալական ցանցերում պտտվելով: Ծույլ անձը՝ լինի տղամարդ կամ կին, չի կարող համարվել հաջող կողակից, նույնիսկ եթե ունի ֆիզիկական բացառիկ գեղեցկություն, դրամատան ժառանգած հաշիվ և մարմնային առողջություն: Կողակիցներից մեկի ծուլության պատճառով ի՜նչ հայ ընտանիքներ քանդվեցին իրենց զավակների գլուխների վրա:

Գեղեցկություն: Մարմնի գեղեցկությունը հաջող կողակցի չափանիշներից մեկը չի կարող լինել, որովհետև.

Մարմնի գեղեցկությունը զուտ անձնական համոզմունք է: Առածը ասում է. «Գեղեցիկ է այն, ինչ որ հաճելի է աչքին», և այս իմաստով յուրաքանչյուր գիտակից տղամարդու համար իր կինն աշխարհի ամենագեղեցկուհին է, և նույնպես յուրաքանչյուր գիտակից կնոջ համար իր ամուսինը աշխարհի ամենագեղեցիկն է:

Մարմնի գեղեցկությունը ապահովագրված չէ: Եթե կողակցի ընտրությունը հիմնված է մեծամասամբ արտաքին գեղեցկության վրա, ապա մի լուրջ հիվանդություն կամ պատահար կարող է զույգի ամուսնական կյանքը քայքայել, որովհետև կողակիցը կորցրել է իր նախկին ֆիզիկական գեղեցկությունը:  

Գեղեցկատես զույգեր ևս հասան ամուսնալուծման: Պատմության ամուսնալուծման էջը փաստում է, թե ֆիզիկապես գեղեցիկ որքա՜ն զույգեր կարճ ժամանակ հետո շուտափույթ ամուսնալուծվել են:

Աստծու համար ներքին գեղեցկությունն է էականը և ոչ արտաքինը: Տերը հրամայեց Սամվել մարգարեին, որ թագավոր օծի Դավիթին, հակառակ որ նա փոքր էր մարմնով. «Նրա տեսքին մի՛ նայիր և ոչ էլ հասակի բարձրությանը․... Աստված այնպես չի նկատում, ինչպես նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստված՝ սրտին» (Ա Թագ. 16:7): Հակոբը սիրեց իր երկրորդ կնոջը՝ Ռաքելին,  որովհետև գեղեցիկ տեսք ուներ (Ծննդ. 29:17-18), մինչ նրա առաջին կինը՝ Լիան,  անտեսված էր (Ծննդ. 29:31) աչքերի հիվանդության պատճառով (Ծննդ. 29:17), սակայն Աստված տեսավ Լիայի տառապանքը, և նա ծննդաբերեց վեց տղա և մեկ աղջիկ, մինչ Ռաքելը ծննդաբերեց միայն երկու տղա՝ Հովսեփին և Բենիամինին, և սրանից ավելի կարևորն այն է, որ Քրիստոս եկավ աչքերի հիվանդություն ունեցող Լիայի սերնդից և ոչ գեղեցիկ Ռաքելից: 

Հաջող կողակցի չափանիշներից մեկը մարդու ներքին գեղեցկությունն է և ոչ արտաքինը, այլ խոսքով՝ մտքի, սրտի և հոգու գեղեցկությունը:   

Հաջող կողակցի չափանիշը ըստ հոգու

Քրիստոս ասաց. «Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը վնասի» (Մատթ. 16:26): Ուստի հաջող կողակիցն աստվածասեր անձ է, Աստծու պատվիրանները սիրող և դրանք գործադրող անձ, հոգու փրկության համար  աշխատող անձ:

Ձախող է կողակիցը, որ Աստծուց հեռու կյանք է ապրում, չի մտածում մահից հետո հավիտենական կյանքի մասին, իր ընտանիքի անդամների հոգու փրկության մասին:  Մահից հետո Աստծուց հեռու ապրող մարդիկ փրկվելու հույս չունեն, որովհետև ինչպես դուռը փակվեց և հինգ հիմար կույսերը մնացին դրսում, այնպես էլ նրանք զրկվելու են Աստծու Արքայությունից (Մատթ. 25:10-13):

 

Գևորգ սրկ. Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

 

27.10.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․