23 Դեկտեմբեր, Բշ
12. Յառաջ քան զամենայն ինչ, եղբա՛րք իմ, մի՛ երդնուցուք, մի՛ յերկինս, մի՛ յերկիր, մի՛ յայլ ինչ երդումն, այլ եղիցի ձեր բան՝ այո՛ն՝ այո՛, և ո՛չն՝ ո՛չ, զի մի՛ ի կեղծաւորութիւն ինչ անկանիցիք:
Ամեն բանից առաջ, եղբայրնե՛ր իմ, մի՛ երդվեք ո՛չ երկնքով, ո՛չ երկրով, ո՛չ էլ այլ երդումով. այլ ձեր այոն թող լինի՝ այո, և ոչը՝ ոչ, որպեսզի կեղծավորության պատճառով չընկնեք:
Երբ հերթականությամբ մեր առջև խրատներ դրեց և զգուշացրեց ու հավաստի օրինակներ բերեց, ապա այն, ինչ կարևոր է և մեծ, հետո դրեց: Դրա համար է ասում. ամեն բանից առաջ, եղբայրնե՛ր իմ, մի՛ երդվեք: Այսինքն՝ ամեն տեսակի այլ առաքինություններ կատարելուց և Աստծու պատվիրանները պահելուց առաջ, ասում է՝ մի՛ երդվեք: Ինչո՞ւ է երդումը ուրացության շարքին դասում, իսկ ուրացությունը հեռացնում է Աստծուց: Այս պատվիրանը պահում է տերունական շնորհի կարգը, և նույնն էլ տերունական պատգամն է ասում, քանզի Տերն էլ այս նույն բանն ավելիով հաստատեց՝ երբեմն ասելով. «Լսել եք դարձյալ, թե ինչ ասվեց նախնիներին. «Երդմնազանց մի՛ եղիր, այլ արա՛ Տիրոջն այն, ինչ երդվել ես»…այլ ձեր խոսքը լինի՝ այոն՝ այո, և ոչը՝ ոչ, որովհետև դրանից ավելին չարից է» (Մատթ. 5:33, 37): Եվ երբեմն էլ նորից ասում է. «Ամենևին մի երդվեք ոչ երկնքի վրա, որովհետև Աստծու աթոռն է, ոչ երկրի վրա, որովհետև նրա ոտքերի պատվանդանն է, և ոչ Երուսաղեմի վրա, որովհետև մեծ արքայի քաղաքն է: Եվ քո գլխով էլ չերդվես, որովհետև չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սև դարձնել» (Մատթ, 5:34-36):
Տեսնո՞ւմ ես Տիրոջ պատվիրանը, թե ինչպես է արգելում ամենևին չերդվել, և իրապես սովորեցնում է, թե քրիստոնյային ինչպես է արժան խոսել՝ խոսքի ճշմարտացիությունը հաստատելու համար, իսկ եթե մեկը համարձակվի ավելին ասել, ապա դրանից ավելին չարիք է: Ըստ այս օրինակի էլ, այս երանելին է պատվիրում՝ ասելով. մի՛ երդվեք ոչ երկնքով, ոչ երկրով, ոչ էլ այլ երդումով: Համառոտ խոսելով երդման մասին, լսողներին կարծես ուղղորդում է քննելու տերունական խոսքերը, և այնտեղից վերցնելու այս դատաստանի օրինակը, թե որքա՞ն դատապարտության տակ է դնում նրանց, ովքեր կհամարձակվեն ավելին երդվել քան այոն ու ոչն է:
Որպեսզի կեղծավորության պատճառով չընկնեք: Կեղծավորը Սուրբ Գրքի և հատկապես՝ տերունական խոսքի մասին չարախոսողն է, ինչպես որ գերանի մասին առակում է կեղծավոր կոչում նրան, ով իր ընկերոջ աչքի շյուղն է տեսնում՝ ասելով. «Կեղծավո՛ր, նախ քո աչքից գերանը հանի՛ր և ապա լավ կտեսնես՝ քո եղբոր աչքից շյուղը հանելու համար» (Ղուկ. 6:42), նույնպես նաև պահքի մասին ճառում է պատվիրում չնմանվել կեղծավորներին: Իսկ այստեղ երդման մասին ճառում է այդ բառն օգտագործում՝ լռեցնելու նրանց, ովքեր անխտիր կերպով երդվում են և դա մեղք չեն համարում, ապա ցույց է տալիս, թե մեծագույն մեղադրանքի տակ են և նման՝ կեղծավորներին: Ուստի և կեղծավորաբար երդվում են, որպեսզի անիրավ լինելով՝ մարդկանց առջև արդար երևան, և կամ քանի որ Տերն ասաց, թե այո և ոչից ավելին չարից է, [Հակոբոսն] էլ դա կեղծավորություն է անվանում: Ուստի ի՞նչ է կեղծավորությունը եթե ոչ չարից ծնված, հատկապես որ կեղծավորը չարի կերպարանքն է կրում իր վրա և ապա կարողանում է խաբել նրան, ում ուզում է:
13. Վշտանայցէ ոք ի ձէնջ, յաղօ՛թս կայցէ. բերկրեսցի ոք, սաղմո՛ս ասասցէ:
Ձեզնից մեկը վշտի՞ մեջ է ընկել, թող աղոթի, մեկը բերկրանքի՞ մեջ է, սաղմոս թող ասի:
Սրբերի և հատկապես հոգեկիր և աստվածակիր այրերի մոտ սովորություն է իրենց կրած առաքինությունների և աստվածային պատվիրանների մասին խրատներ գրել աշակերտներին և օրենքներ կարգել, թեև այլոց վերագրելով են խոսում: Եվ շատ անգամներ է պատահել, որ ցույց են տվել իրենց մեղքերը, որպեսզի առաքինությունները ներկայացնեն որպես Քրիստոսի շնորհների արդյունք: Նույնպես նաև Պողոսը, նախ խոստովանությամբ պատմում է իր հալածիչ ու հայհոյիչ լինելու մասին, և ապա ցույց է տալիս Քրիստոսի շնորհների առատությունը՝ ասելով. «Քրիստոս Հիսուս աշխարհ եկավ՝ փրկելու մեղավորներին, որոնց գլուխը ես եմ» (Ա Տիմ. 1:15), և նորից. «Ես ողորմություն գտա նրա համար, որ Հիսուս Քրիստոս նախ իմ մեջ ցույց տվեց իր ամբողջ համբերությունը, որպես օրինակ նրանց, որ պիտի հավատան իրեն հավիտենական կյանքի համար» (Ա Տիմ. 1:16): Նման ձևով նաև սա ոչ թե մեղքերի մասին է պատմում, այլ՝ ուղղության և սիրո, այդ պատճառով էլ ասում է. ձեզնից մեկը վշտի՞ մեջ է ընկել: Կարծում եմ վիշտն այստեղ մեղավոր վիճակն է նշանակում կամ անձի կամ ընդհանուր բնության, քանզի Աստծու Հոգով առաջնորդվողները ուրիշների մեղքերի համար պակաս չեն վշտանում, քան իրենց անձերի: Եվ սա նորից Պողոսն է հայտնում՝ ասելով. «Կա՞ տկար մեկը, որի հետ ես էլ տկարացած չլինեմ, կա՞ գայթակղված մեկը, որի համար իմ սիրտը այրված չլինի» (Բ Կորթն. 11:29):
Արդ, դա է ուզում ասել նաև սա. ձեզնից մեկը վշտի մեջ է ընկել, թող աղոթի: Այդ պատճառով էլ նախապես ասացի, թե իր կրած վշտերը, որ այլոց մեղքերի համար էր վշտանում, և աղոթքները, որ նրանց քավության համար էր Աստծուն մատուցում, նույնն էլ նա գրում էր որպես խրատ մյուսների համար: Եթե ես, ասում է, կամ իմ նման ուրիշ իմաստուն այրեր, որ այլոց մեղքերի և ձեր վշտերի համար վշտանում ենք, և Աստծուն աղոթքներ մատուցում, ապա որքան առավել դուք ձեր մեղքերի համար պետք է վշտանանք և ողբալով սգաք, ու անդադար աղոթքով աղաչեք Աստծուն, որպեսզի նրանից մեղքերի թողության արժանանաք և հաշտվեք նրա հետ: Աղոթքը ամեն փորձության դեղ է, աղոթեք, ասում է, որպեսզի փորձության մեջ չընկնեք (տե՛ս Մատթ. 26:41), քանզի, թե՛ մարմնավոր փորձությունները և թե՛ հոգևոր, որ դևերի պատճառով են [առաջանում], աղոթքով դադարում են: Այդ պատճառով էլ ասում է. ձեզնից մեկը վշտի՞ մեջ է ընկել, թող աղոթի: Այսինքն՝ Աստծուն թող աղաչի վերացնել վշտերի և տրտմության պատճառները:
Մեկը բերկրանքի՞ մեջ է, սաղմոս թող ասի: Բերկրանքն առաքինության կատարումն է, քանզի չկա որևէ այլ բան, որ այդպես ուրախացնի հոգին և մարմինը, որքան Աստծու պատվիրանների կատարում է, քանզի դրա հետ միասին նաև Տերն է իր մեջ մտնում, և Հորն էլ իր հետ է ներս մտցնում, ինչպես որ ասում է. «Եթե մեկը սիրում է ինձ, իմ խոսքը կպահի, և իմ Հայրը նրան կսիրի. և մենք նրա մոտ կգնանք ու նրա մոտ կօթևանենք» (Հովհ. 14:23): Տեսնո՞ւմ ես, որ ուրախության պատճառը և անասելի բերկրությունը աստվածության գալն է այնտեղ: Քանզի, ինչպես, օրինակ, չկա որևէ պատճառ, որ այդքան տրտմեցնի մարդու սիրտը, որքան մեղքերին հարելը և ծուլությունը, որովհետև բանսարկուն իր հետ ներս է մտցնում տրտմության բոլոր տեսակի պատճառները, այդպես էլ առաքինությունները բերկրության պատճառ են: Հետևաբար ասում է. մեկը բերկրանքի մե՞ջ է, սաղմոս թող ասի:
Սաղմոսը հոգևոր երգ է, որ [ասվում է] ուրախության ժամանակ, ուստի և Դավիթն էլ թռչկոտելով, պարելով, քնարով և սաղմոսարանով երգում էր նրան, և իր ներքին մարդու ուրախությունը երգով և թռչկոտելով էր ցույց տալիս, ընդ որում այն ժամանակ, երբ թռչկոտում էր Աստծու տապանակի առաջ տաղերգությամբ, ապա սրտի անասելի ցնծությունը մարմինը շարժելով և վազելով էր ցույց տալիս:
Այդպես էլ յուրաքանչյուր մարդ, ասում է, առաքինության գործերի պատճառով հոգով բերկրում է, պետք է սաղմոս ասի՝ թռչկոտելով և ծափ զարկելով (հոգով և սաղմոսարանով) տապանակի՝ Հիսուս Քրիստոսի մարմնի առաջ:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը