«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ հաճախող սիրիահայերն ուխտի մեկնեցին Սևանավանք

Հուլիսի 24-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու և սիրիահայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ քառասունհինգ սիրիահայեր ուխտի մեկնեցին Սևանավանք:

Սիրիայի քաղաքացիական պատերազմի պատճառով հարազատ կորցրած և նյութական վնաս կրած այս սիրիահայերը սույն թվականի փետրվարի 15-ից առ այսօր ամեն ուրբաթ հաճախում են «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության երևանյան գրասենյակ, ուր ստանում են սոցիալ-հոգեբանական աջակցություն: Գրասենյակում ամենուրբաթյա այդ հանդիպումները վարում են Տեր Գրիգորը և ծրագրի հոգեբան՝ Լուսինե Խանդանյանը: «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն համագործակցում է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ:

Ուխտագնացությանը մասնակցում էին նաև ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ծրագրի պատասխանատու Ալլա Սարգիսովան և ծրագրի հոգեբանը:

Մինչ Սևանավանք ուխտավորների ուղին անցավ աղոթքներով և շարականների երգեցողությամբ: Սևանի Սբ. Առաքելոց վանքում նրանք Տեր Գրիգորի գլխավորությամբ աղոթեցին Սիրիայում խաղաղության հաստատման և պատերազմի ժամանակ նահատակված հայորդիների համար:

Աղոթքից հետո ուխտավորները Սևանա լճի ափին սիրո ճաշ ունեցան, այնուհետև զրույց- քննարկում ծավալվեց Տեր Գրիգորի և հոգեբան Լուսինե Խանդանյանի հետ:

Տեր Գրիգորն իր շնորհակալությունը հայտնեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամին սիրիահայերին մշտական աջակցություն ցույց տալու համար՝ վստահ լինելով ծրագրի շարունակական լինելու մեջ:

Ուխտավորները հոգեպես քաջալերված և մխիթարված վերադարձան Երևան:

 

Կարինե Սուգիկյան

24.07.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․