20 Մայիս, Գշ, Հինանց ԼԱ օր
Ուշադիր նայելով մարդկային կյանքի առօրյա եռուզեռին՝ դժվար չէ նկատել, որ այն ուղղված է հանապազօրյա հացի, առողջության, երջանկության, իսկ հաճախ նաև հարստության և փառքի ձգտմանը: Առօրյա այս եռուզեռում քրիստոնյան ձգտում է իր կյանքն ապրել Քրիստոսով, իր քայլերն ուղղել մի վայր, որ իր համար սրբազան է և ուր նա մուտք է գործում հատուկ ակնածանքով ու երկյուղածությամբ, քանի որ այնտեղ է Բարձրյալի բնակության վայրը՝ Աստծու տունը: Ուխտի ճանապարհները Քրիստոսի հետևորդներին հնարավորություն են ընձեռում Աստծու տուն այցելելու և միասնաբար աղոթելու:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, մայիսի 3-ին հերթական ուխտի ուղին անցավ՝ մեկնելով Արագածոտնի թեմի սրբավայրեր: Առաջին սրբավայրը, ուր մուտք գործեց համայնքը և միասնաբար աղոթեց, 19-րդ դարում կառուցված Կոշի Ս. Գևորգ եկեղեցին էր: Ուխտավորները, սրբի բարեխոսությանը դիմելով, հայցեցին Տիրոջից, որ զորացնի Հայոց ազգին, որ յուրաքանչյուր հայորդի իր հայացքը դեպի Տերը դարձնելով՝ քաջաբար անցնի դեպի Արքայություն տանող նեղ ուղին: Այնուհետև համայնքն այցելեց Քրիստոսի սիրո համար նահատակված առաջին նախասարկավագի՝ Ս. Ստեփանոսի անունը կրող եկեղեցին (7-րդ դար), ուր մասնակից եղավ ուխտի Սուրբ Պատարագին: Ապա համայնքը համախմբվեց սիրո ճաշի շուրջը, և եկեղեցու սպասավոր Աշոտ դպիր Արևշատյանը հոգևոր զրույց անցկացրեց: Մյուս սրբավայրերը, որտեղ ուխտավորները միասնական աղոթք հնչեցրին, Մաստարայի Ս. Հովհաննես (6-րդ դ.), Թալինի Կաթողիկե և Դաշտադեմի Ս. Քրիստափոր (7-րդ դ.) եկեղեցիներն էին: Սրբավայրերից վերջինում համայնքը մասնակից եղավ Երեկոյան ժամերգության:
Ուխտավորների հերթական աղոթքի ուղին նրանց արժանացրեց կարևորագույն պարգևներից՝ աստվածային օրհնությանը, որի մեջ թաքնված է աստվածային օգնությունը, ողորմությունը, պաշտպանությունն ու շնորհը: Նա, ով ձգտում է աստվածային օրհնությանը, ստանում է այն: «Յուրաքանչյուր ճանապարհ (վանական, թե աշխարհական) կարող է տանել դեպի Երկնքի Արքայություն… Յուրաքանչյուր ոք ունի իր փրկության ճանապարհը, միայն թե մարդ անկեղծորեն փնտրի Աստծուն, ձգտի դեպի Նա»,- ասել է եկեղեցու սուրբ հայրերից Բարսոնոթեոս Օպտինացին:
Կարինե Սուգիկյան