22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Քրիստոնեության արշալույսից առ այսօր եկեղեցիների սուրբ խորաններից, ի լուր աշխարհի, ազդարարվում է Քրիստոսի հրաշափառ Համբարձման ավետիսը: Ավետիս, որ ըստ մարգարեների և առաքյալների` կատարյալ փրկություն է ավետում: Այս տարի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սուրբ Համբարձումը տոնախմբեց մայիսի 25-ին: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը մատուցեց խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը: Տոնի խորհրդին անդրադառնալով՝ Տեր Հայրը քարոզին մասնավորաբար ասաց. «Համբարձման մասին մենք ողջ տարին հիշում ենք Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում: Յուրաքանչյուր անգամ կրկնում ենք հետևյալ բառերը. «Համբարձե՛ք, իշխա՛նք, զդրունս ձեր ի վեր, համբարձցին դրունք յաւիտենից, և մտցէ Թագաւոր փառաց» (Վե՛ր բարձրացրեք, իշխաննե՛ր, ձեր դռները, թող բարձրացվեն հավիտենության դռները, և մտնի Փառքի Թագավորը): «Ո՞վ է սա Թագաւոր փառաց, Տէր հզօր զօրութեամբ իւրով, Տէր կարող ի պատերազմի» (Ո՞վ է այս Փառքի Թագավորը, Հզոր Տերն Իր զորությամբ, պատերազմում՝ զորեղ Տերը): Այս խոսքերը Դավթի 23-րդ սաղմոսից են, ուղղված են հրեշտակներին և ազդարարում են Տիրոջ համբարձումը դեպի երկինք, սակայն ամեն վերաբերության ժամանակ մենք կրկնում և բարձրաձայնում ենք դրանք, քանի որ մենք էլ մեր սրտերը պիտի բացենք Քրիստոսի առջև, որպեսզի գա և բազմի Փառքի Թագավորը մեր սրտերում և հոգիներում»:
Քարոզխոսությանը հաջորդեց Հայրապետական մաղթանքը, քանի որ ամեն տարի Համբարձման տոնին հիշատակվում է 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Ս. Էջմիածին փոխադրելու պատմական օրը:
Ս. Պատարագի ավարտին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ազգային կոլորիտով զարդարուն բակում, «Անուշ» օպերայի նախերգանքի ներքո կրկին անգամ ազդարարվեց Սուրբ Համբարձման ավետիսը՝ հրավիրելով բոլորին ներկա գտնվելու օրվա տոնախմբությանը: Հանդիսատեսը կրկին վերապրեց Համբարձման ավետարանական պատմությունը, որի լրումը հանդիսացան Տիրոջ հաղթական խոսքերը՝ «Ես հաղթեցի աշխարհին» (Հովհաննես 16:33) և «Եվ ահա ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28:20)»:
«Այժմ եկեք տոնախմբենք, երգենք, պարենք, վիճակ հանենք, ծաղիկներից փնջեր կապենք, այս սուրբ օրվա գովքն անենք»,- այս խոսքերով ազդարարվեց միջոցառման երկրորդ մասը՝ Համբարձման ժողովրդական տոնախմբությունը: ժողովուրդը Համբարձման տոնը անվանել է Վիճակի օր, ինչը կապված է Քրիստոսի համբարձվելուց հետո առաքյալների կողմից Հուդայի փոխարեն վիճակահանությամբ նոր աշակերտ ընտրելու ավանդության հետ (Գործք Առաքելոց 1:26):
Հնչեց վիճակահանության ժողովրդական երգերից «Ջանգյուլում»-ը, մի խումբ աղջիկներ վիճակի սափորով, յոթ աղբյուրից ջուր լցրած կժերով, վիճակի զամբյուղներով, ծաղկաթերթերի թասով, Ծաղկամեր խաչով, Ջան գյուլում, ջա՜ն, ջա՜ն երգելով, մոտեցան ժողովրդին և սափորի մեջ վիճակ հավաքեցին:
«Անուշ հոտով, անուշ խոսքով, վիճակ հանենք համ ու հոտով».- սկսվեց վիճակ հանելու գեղեցիկ սովորույթը, որի ընթացքում հնչում էր այն հորդորը, թե Տիրոջ խոսքով թե առաջնորդվենք, կյանքում միշտ էլ մենք կօրհնվենք:
Համբարձման տոնախմբությունը շարունակվեց ավանդական երգ ու պարով: Սովորաբար, ըստ սովորույթի, որոշ գավառներում տղաները ջանգյուլումի ժամանակ` տոնական խնջույքի, երգ ու պարի թեժ պահին, իրենց ուժն էին ցուցադրում խաղ-մրցույթներով՝ կոխ էին բռնում, ձի հեծնում, պարան ձգում և այլ ուժաչափ խաղեր էին խաղում: Այս սովորույթը ևս չխախտվեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում կազմակերպված տոնախմբության ժամանակ:
«Ու պարից հետո լեն հրապարակ բաց արին էնտեղ, արձակ գլխատան, զուռնաչին փչեց կոխի եղանակ, ահել ու ջահել իրարով անցան». զուռնայի երաժշտության ներքո կոխ բռնեցին տղաները՝ հանդիսատեսի ուշադրությունը հրավիրելով դեպի իրենց:
Քանի որ Համբարձման տոնը հայտնի է նաև «Կաթնապրի օր» անունով և կաթնապուր եփելը պարտադիր էր, ուստի, սովորույթի համաձայն, ներկաներին բաժանվեց կաթնապուր: Ապա տոնական սեղանը զարդարվեց տիկնանց միության կողմից պատրաստված տոնական տորթով, համայնքի անդամների կողմից բերված անուշեղեններով: Տիկնանց միության անդամները ներկաներին նվիրեցին ծաղկեփնջերով փոքրիկ զամբյուղներ, որոնց մեջ դրված «Երկու լումա» հղումը հիշեցնում էր յուրաքանչյուրին իրենց մասնակցությունն ու ներդրումն ունենալ եկեղեցու կողմից կազմակերպված ձեռնարկներին:
Սուրբ Համբարձման խորախորհուրդ և ուրախ տոնախմբությունը կայացավ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միության նախանձախնդիր ջանքերի շնորհիվ: Իսկ ավետարանական պատմության բեմադրությանն ու ժողովրդական տոնախմբությանը մեծ սիրով իրենց մասնակցությունն էին բերել Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 և Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցների աշակերտները:
Եկեղեցու հայրերն ասում են, որ այս օրը հրաշալի է ու պատվարժան, որովհետև մեր բնությունը, միավորվելով Աստծո խոսքին, անզուգական փառքով ելնում է ավելի վեր, քան բոլոր իշխանություններն ու պետությունները, և մեզ էլ նույնն է խոստանում՝ ըստ խոսքի. «Ուր Ես եմ,այնտեղ էլ կլինի Իմ ծառան» (Հովհաննես 12:26):
Կարինե Սուգիկյան