Հանդարտության մասին

Ոմն եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Հա՛յր, ինչպե՞ս պետք է հանդարտվել խցում»: Ծերն ասաց. «Խցում հանդարտվելն ա՛յս է, որ մարդ հանձնի իրեն Աստծո ձեռքը և մշտապես ընկնի Նրա առաջ, բա­րին գործի` որքան կարող է, կռվի չար խորհուրդների դեմ, որ թշնա­մին է դնում նրա մտքում: Այս է ճշմարիտ լռելն ու աշխարհից փախչե­լը»: Եղբայրն ասաց. «Եվ ի՞նչ է աշխարհը»: Ծերն ասաց. «Աշխարհը հոգու բնությանը հակառակ գործելն է, աշխարհը մարմնի կամքը կա­տարելն է, աշխարհը ինչ­որ երկրավոր անցողիկ բանի մասին խորհելն է, աշխարհը՝ առավել մարմնի, քան հոգու մասին հոգալն է, աշխարհը գործով պարծենալն է: Այս ամենը ես ինձնից չեմ ասում, որդյա՛կ, այլ Հովհաննես առաքյալն է ասում. «Մի՛ սիրեք աշխարհը և ոչ էլ՝ ինչ որ աշխարհին մեջ կա» (Ա Հովհ. Բ 15): Եվ մենակյացը պարտավոր է քննել իրեն մշտապես, թե արդյոք կարո՞ղ է անցնել նրանց միջով, ով­քեր օդում են, կամ ազատվել նրանցից, քանի դեռ իր մարմնի մեջ է, քանզի ով պարտվում է որևէ ախտից, նրա ծառան է»: Եղբայրն ասաց. «Ի՞նչ պետք է անի մենակյացը»: Ծերն ասաց. «Պետք է հանդարտվի, իսկ հանդարտվելու համար այս երեք բաներն են անհրաժեշտ. նախ` Աստծո երկյուղը, երկրորդ` ողորմություն խնդրել Նրանից՝ անձան­ձիր, երրորդ` երբեք միտքը չկտրել Աստծուց»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

31.12.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․