«Ինչպես Ադամից ծնվածները բոլորն էլ մեռնում են, այնպես էլ Քրիստոսից ծնվածները բոլորն էլ կենդանանալու են» (Ա Կորնթ. 15:22): Օգոստինոս Երանելին նշում է, որ բոլոր մարդիկ իրենց առաջին՝ մարմնավոր ծնունդով, պատկանում են Ադամին, իսկ երկրորդ՝ հոգևոր ծնունդով՝ Քրիստոսին: Բոլոր մահացողները մահանում են Ադամով, իսկ կենդանանում՝ միայն Քրիստոսով:
Պողոս առաքյալը Քրիստոսի հարությունից բխեցնում է համընդհանուր հարության ճշմարտությունը, քանի որ Քրիստոս երկրորդ Ադամ է, իսկ առաջին Ադամն իր առաջին մեղքով մահվան դատապարտվեց, և բոլորը նրանից հետո մահը ժառանգեցին: Քրիստոս Իր անմեղությամբ մահը հաղթահարեց, քանզի մահը մեղքից էր, և բոլոր նրանք, ովքեր Նրա Մարմնից են, կյանքը ձեռք բերեցին: Ըստ Ս. Հովհաննես ավետարանչի՝ Քրիստոս հարություն է տալու բոլորին՝ թե՛ արդարներին և թե՛ անարդարներին. «Կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն Նրա ձայնը և դուրս կգան նրանք, որ բարիք են գործել, հարություն կառնեն և կապրեն, իսկ նրանք, որ չարիք են գործել, հարություն կառնեն և կդատապարտվեն» (Հովհ. 5:28): Անհավատները հարություն են առնելու պատժի համար, մարմնով հարություն են առնելու և չեն մահանալու՝ իրենց անհավատության համար կրելով հավիտենական տանջանքներ:
«Քանի որ Ադամը մահացավ մեղքի պատճառով, ապա Նա, Ով Իր վրա վերցրեց մեղքը, հարկ էր, որ ոչնչացներ մահվանը: Ինչպես Ադամին էր ասված՝ «այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդ. 2:17), և այն օրը, երբ ճաշակեց արգելված պտուղը, չմահացավ, այլ ընդունեց մահը, զրկվեց իր փառքից, հասկացավ, որ մերկ է և նույնժամ, մահը տեսնելով, վախեցավ: Այդպես և մենք կյանք ստացանք Քրիստոսով, Նրա մարմինը ճաշակեցինք կյանքի ծառի փոխարեն, և Նրա Սեղանը փոխարինեց մեզ բերկրության դրախտին, և Նրա արդար արյունը սրբեց մեզ անեծքից: Եվ հարության հույսով սպասում ենք ապագա հույսին, արդեն ապրում ենք Նրա կյանքով, որը դարձավ մեր գրավականը»,- ասում է Ս. Եփրեմ Ասորին:
Որպեսզի մարդ Քրիստոսով հարություն առնի և կենդանանա, պետք է քայլի Նրա ուղենշած ճանապարհով: Քրիստոս չարչարվեց և մահացավ, որպեսզի խորտակի մահվան ուժը և հարություն առավ, որպեսզի արդարացնի Իրեն հուսացողին: «Նա Իր կյանքը տվեց մեր հանցանքները ջնջելու համար և հարություն առավ, որ արդարացնի մեզ» (Հռոմ. 4:25): Պողոս առաքյալը, ի թիվս արդարների, օրինակ է բերում Աբրահամ նահապետին, ով հավատաց Աստծուն, որ կենդանացնում է մեռելներին և ինչպես գոյություն ունեցողի՝ կանչում նրանց, որ գոյություն չունեն տակավին: Արդարև, չնայած ոչ մի հույս չկար, Աբրահամը հավատաց և հուսաց, որ ինքը պիտի լինի «բազում ազգերի հայր», ինչպես որ Աստված ասել էր նրան: Եվ Աբրահամը չթուլացավ իր հավատի մեջ ու թեև շուրջ հարյուր տարեկան էր, չնայեց իր մարմնին, որն արդեն մեռած մարմնի նման էր, ոչ էլ նայեց Սառայի արգանդի ամլությանը: Անհավատությամբ բնավ չտարակուսեց Աստծո խոստման վրա, այլ զորացավ հավատով և փառք տվեց Աստծուն այն հաստատ համոզումով, թե Աստված, որ խոստացավ, կարող է նաև կատարել: Ահա, թե ինչու «Աստված արդար համարեց նրան» (Հռոմ. 4:13-23):
Աբրահամի օրինակի համաձայն՝ մեղքի մեջ մեռած մարդն էլ, երբ սկսում է իր կյանքը Քրիստոսով ապրել, իր անկենդանությունն անհետանում է և նրա փոխարեն հաստատվում է ճշմարիտ կյանքը:
Ս. Հովհան Ոսկեբերանը հարց ու պատասխանով ցույց է տալիս, թե ինչպես կարող է մեղավորն արդարանալ մեր Տիրոջ մահվամբ և հարությամբ: Առաջին հարցին, թե՝ ինչո՞ւ համար խաչվեց Քրիստոս, սուրբը պատասխանում է՝ ոչ Իր սեփական մեղքի պատճառով, եթե Նա մեղավոր լիներ, ինչպե՞ս հարություն կառներ, իսկ եթե հարություն է առել, պարզ է, որ մեղավոր չէ: Իսկ հաջորդ հարցին՝ եթե մեղավոր չէր, ապա ինչո՞ւ խաչեցին: Նա պատասխանում է. «Հանուն ուրիշի, իսկ եթե հանուն ուրիշի, ապա, անկասկած, և հարություն առավ: Որպեսզի դու չառարկես, թե ինչպես կարող ենք արդարանալ, բազում մեղքեր ունենալով, առաքյալը ցույց է տալիս Նրան, Ով ջնջեց մեր բոլոր մեղքերը, որպեսզի հաստատի Իր ուսուցումն արդարության մասին: Ինչպես Աբրահամն իր հավատով արդարացավ, այնպես էլ մենք ենք արդարանում՝ հավատալով այն փրկարար չարչարանքներին, որ ազատեցին մեզ մեղքերից: Առաքյալը, խոսելով Քրիստոսի մահվան մասին, խոսում է և հարության մասին: Քրիստոս չմահացավ, որ մեզ պատժի և դատապարտության ենթարկի, այլ Իր բարերարությունը մեզ ցուցաբերի: Նա և՛ մահացավ, և՛ հարություն առավ, որպեսզի մեզ արդարացնի»:
Ս. Հարության տոնին հաջորդող Հինանց շրջանում, երբ ամեն օր փառաբանվում է Տիրոջ հրաշափառ Հարությունը, հարկ է, որ յուրաքանչյուր ոք, ըստ եկեղեցու հայրերի հորդորի, խորհի՝ Քրիստոս խաչվել և հարություն առե՞լ է իր համար, ինքը հարություն առե՞լ է Քրիստոսով: Եթե մենք հարություն ենք առել Քրիստոսով, Ով արդարություն է և քայլում ենք նոր ուղիով, ապրելով արդարությամբ, ապա Քրիստոս հարություն առավ՝ մեզ արդարացնելու համար: Իսկ եթե մենք չենք թողել հին մարդուն՝ իր գործերով, և ապրում ենք անարդար կյանքով, ապա Քրիստոս դեռ հարություն չի առել մեզ համար, որ արդարացնի մեզ, չի խաչվել՝ հանուն մեր մեղքերի: Քրիստոս Իր մահվամբ ջնջեց մեր մեղքերը ու հայտնվեց Իրեն հավատացողներին, որպեսզի հաստատի նրանց արդարությունը:
Կազմեց Կարինե Սուգիկյանը