Հարության ուրախությունը դպրոցականների կյանքից ներս

Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի՝ Սուրբ Հարության տոնին հաջորդում է Հինանց՝ Քրիստոսի Հարությանը նվիրված հոգևոր ուրախության շրջանը: Հարության ուրախությամբ և տոնական տրամադրությամբ էին Երևանի թիվ 108 միջնակարգ դպրոցի 4-Բ դասարանի աշակերտներն ապրիլի 23-ին այցելել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Աշակերտներին ուղեկցող դասվար Քնարիկ Ղազարյանն ասաց, որ իրենք ամեն տարի դպրոցում նշում են Սուրբ Հարության տոնը, այս տարի որոշել են այցելել եկեղեցի, որպեսզի երեխաները քահանայի բացատրությամբ հաղորդ դառնան տոնի խորհրդին, աղոթեն, հոգևոր սնունդ և Տեր Հոր օրհնությունն ստանան:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար քահանա Տեր Վահան Առաքելյանը ողջունեց աշակերտներին, նրանց փոխանցեց Հարության ավետիսը և ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հայրական օրհնությունը: Միասնական աղոթքից հետո Տեր Հայրը աշակերտներին ներկայացրեց Վերջին ընթրիքին Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման և Քրիստոսի Հարության պատմությունները: Հոգևորականի հետ հանդիպումը աշակերտների համար վերածվեց նաև ճանաչողական դասի. Տեր Վահանը նրանց ծանոթացրեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու պատմությանը, կառուցվածքին, որոշ եկեղեցական սպասքների՝ ներկայացնելով դրանց խորհուրդը, գործածության ժամանակը և կերպը: Երեխաները նաև տեղեկացան, որ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում է պահվում 19-րդ դարի մասունքակիր արծաթյա խաչ՝ մասնատուփ-պահարանը, որի կենտրոնական հատվածում զետեղված է Տիրոջ Խաչափայտի մասունքը, իսկ խաչի թևերում՝ չորս սրբերի՝ Ս. Բարսեղ Մեծի, Ս. Մակարիոսի և անհայտ երկու սրբերի մասունքներ և եկեղեցուն կից կա մատուռ-դամբարան, ուր ամփոփված են Քրիստոսի 72 աշակերտներից Ս. Անանիայի մասունքները: Տեր Վահանն անդրադարձավ նաև այն սնոտիապաշտական սովորություններին, որ տարածված են մեր հասարակության մեջ, զրույցի արդյունքում երեխաներից երկուսն իրենց դաստակից հանեցին կարմիր թելը և տվեցին Տեր Հորը: Ճանաչողական դասը տպավորել էր աշակերտներին. Տեր Հորն ուղղված բազմաթիվ հարցերը վկայում էր նրանց հետաքրքրության և նոր գիտելիքներ ստանալու ձգտման մասին:

Ավետարանը համբուրելուց և Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո տարրական դասարանի աշակերտներն այցելեցին նաև եկեղեցուն կից Ս.Անանիա առաքյալի մատուռ-դամբարան, որտեղ միասնաբար «Տերունական աղոթք»-ն ասացին:

Ապա եկեղեցու բակում նրանց ուրախությունը կրկնապատկվեց. նրանք ձվակռիվ էին խաղում, զատկական երգ երգում և իրենց կողմից պատրաստած զատկական բացիկները եկեղեցի այցելողներին նվիրում:

Երեխաների քրիստոնեական դաստիարակությունն ու նրանց հոգևոր աճը ինչպես ծնողների, այնպես էլ մանկավարժների համար կարևոր պարտականություն պետք է լինի: Հոգին ինքն իրեն չի աճի, եթե այն ժամանակին հոգևոր սնունդ չստանա: Մի զինվոր, իմաստունի մոտ գալով, տեսավ նրան Ս. Գիրքն ընթերցելիս և հարցրեց, թե ինչո՞ւ է այն վերընթերցում, եթե բազում անգամներ է կարդացել: Եվ լսեց հետևյալ պատասխանը՝ ինչո՞ւ ես ցանկանում սնվել, եթե երեկ ես սնվել: «Սնվում եմ, որպեսզի ապրեմ և ծառայեմ պետությանը»,- պատասխանեց զինվորը: «Ինչպես մարմինն է ամեն օր սնունդ պահանջում, այնպես էլ հոգին կարիք ունի հոգևոր սնունդի: Մահանում է մարմինը՝ հոգուց բաժանվելով, «մահանում» է հոգին՝ Աստծուց բաժանվելով, և միայն Աստծո օրհնությունն է խելացիներին իմաստուն դարձնում, իսկ ուժեղներին՝ անհաղթահարելի»,- ասաց իմաստունը:

 

Կարինե Սուգիկյան

23.04.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․