23 Դեկտեմբեր, Բշ
Դեկտեմբերի 2-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ «Հավասար ենք» խորագրով այս տարվա երկրորդ հանդիպումը կազմակերպվել էր ԱՀԹ Մալաթիայի ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում: Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տիրան քահանա Առուշանյանը հանդիպումը սկսեց Տերունական աղոթքով, ապա փոխանցեց Տ. Նավասարդ սրբազանի օրհնությունը:
ԱՀԹ-ին օգնության դիմած «Զեյթունե և «Մարիամե հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ-ների շահառու շուրջ 60 ընտանիքների համար ԱՀԹ բարեգործական բաժնի պատասխանատու Շուշան Պետրոսյանը թեմի կողմից պատրաստել էր հագուստի ու գրենական պիտույքների փաթեթներ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Մալաթիայի հայորդյաց տան գեղարվեստի խմբի սաները օրը լրացրին Հ. Թումանյանի հեքիաթների բեմականությամբ:
Միջոցառման ընթացքում երախտիքի խոսք ասաց «Մարիամե ՀԿ նախագահ Նվարդ Միրզոյանը, խնդրեց իր շնորհակալությունը փոխանցել Տ. Նավասարդ սրբազանին` տարիներ շարունակ իրենց աջակցելու, հատուկ կարիքներ ունեցեղ երեխաներին ու նրանց ընտանիքներին ուշադրության ներքո պահելու համար:
Ավարտին տեր հայրը բժշկության ավետարան կարդաց ու պահպանիչ աղոթքով արձակեց հավաքվածներին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին