23 Նոյեմբեր, Շբ
Ոմն եղբայր հարցրեց հայր Մոտային և ասաց. «Եթե մի ուրիշ տեղ գնամ բնակվելու, ի՞նչ խորհուրդ կտաս, ինչպե՞ս վարվեմ»: Ասաց ծերը. «Եթե ուզում ես մեկ այլ տեղում բնակվել, մի՛ կամեցիր անուն հանել, թե` արգելական եմ և չեմ գնում եկեղեցի, ո՛չ ուտում եմ, ոչ ըմպում եմ, ո՛չ քնում եմ և նման այլ բաներ, որովհետև դա սուտ հռչակ է, իսկ հետագայում ձանձրույթ և խռովություն կգտնես, որովհետև մարդիկ, որտեղ գտնում են այդպիսի մեկին, այնտեղ են ձգտում գնալ և շփոթ են առաջացնում: Այլ դու որտեղ էլ լինես, հավասա՛ր եղիր մյուս եղբայրներին, և ինչ որ իրենք են անում, նույնը և դո՛ւ արա և հանգիստ կգտնես, որովհետև խոնարհություն է՝ հավասար լինել բոլորին: Եվ մարդիկ էլ, տեսնելով, որ նրանց նման ես, չեն նեղի և չեն շփոթեցնի քեզ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016