Մի անգամ երեխաները հավաքվեցին բակում և սկսեցին իրենց մանկական գործերը քննարկել:
- Ես անչափ ուրախ եմ,- ասաց մի աղջնակ,- ինձ նոր ժապավեն են նվիրել, տեսեք, թե ի՜նչ փայլուն է:
Եվ ցույց տվեց իր մազերի մեջ հյուսված ժապավենը:
- Ես էլ ուրախության առիթ ունեմ,- ասաց մեկ այլ աղջնակ,- ինձ համար մի ամբողջ տուփ գունավոր մատիտներ են գնել:
- Պա՜հ, այդ ի՞նչ ուրախություն է,- ասաց մի տղա,- ես ահա՜ կարթ ունեմ, որքան ուզեմ կարող եմ ձուկ որսալ:
- Իսկ ես կապույտ վերնաշապիկ ունեմ,- պարծեցավ մյուս տղան և ձեռքերը տարածեց, որպեսզի բոլորը տեսնեն, թե ինչ գեղեցիկ վերնաշապիկ է:
Միայն մի տղա էր լուռ և ոչինչ չէր ասում:
- Նա ուրախանալու ոչ մի առիթ չունի, նույնիսկ ամենափոքր,- ասաց աղջնակներից մեկը,- այդ պատճառով էլ նստել և լռում է:
- Ո՜չ, ունեմ,- առարկեց տղան,- ես ծաղիկներ եմ տեսել:
- Ի՞նչ ծաղիկներ: Որտե՞ղ:
- Անտառում, երբ մոլորվեցի: Արդեն երեկո էր և շուրջբոլորը՝ մութ: Իսկ ծաղիկները սպիտակ էին և կարծես լույս էին արձակում:
Երեխաները ծիծաղեցին.
- Համա թե ուրախության առիթ ես գտել: Անտառը լի է ծաղիկներով:
- Իսկ մի անգամ ձմռանը տանիքներ եմ տեսել,- կրկին ասաց տղան:
Երեխաներն ավելի բարձր ծիծաղեցին:
- Այսինքն ամռանը տանիքներ չե՞ս տեսնում:
- Տեսնում եմ: Միայն թե ձմռանը տանիքները ձնածածկ էին և արևը շողշողում էր վերևում: Տանիքը մի կողմից կապույտ էր, իսկ մյուս կողմից՝ վարդագույն և փայլփլում էր:
- Բան ասացիր: Կարծես թե մենք ձմռանը տանիք չենք տեսել,- ասաց տղաներից մեկը:
- Ես արծաթափայլ ձկնիկներ էլ եմ տեսել,- շարունակեց տղան,- փոքրիկ լճակի մեջ: Անձրևից հետո այն երկնագույն էր և արևն էր փայլփլում դրա մեջ: Քամի էլ կար: Ջուրը թեթև ալեկոծվում էր և արծաթափայլ ձկնիկները խաղում էին դրանում:
- Համա թե շատախոսն ես,- ասաց աղջիկներից մեկը,- ոչ մի ուրախություն էլ չունես, այդ պատճառով էլ հորինում ես:
Եվ կրկին բոլորը ծիծաղեցին, բացի մի աղջկանից:
- Ծիծաղելի ոչինչ չկա,- ասաց նա,- այս տղան ուրախության շատ ավելի առիթներ ունի, քան մենք, որովհետև նա դրանք ամենուր է գտնում…
Երանի մենք էլ կարողանայինք ամեն օր փոքրիկ ուրախություններ գտնել մեր շուրջը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի