5 Դեկտեմբեր, Եշ
Սեպտեմբերի 21-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, Գևորգ սարկավագ Համբարձումյանի գլխավորությամբ, ուխտի մեկնեց Աբովյանի Սբ. Ստեփանոս, Սբ. Հովհաննես եկեղեցիներ և Ակունք գյուղի Սբ.Պողոս-Պետրոս մատուռ-սրբավայր:
Հայոց աշխարհը՝ երբեմնի երկրային Դրախտը համարվող խորհրդավոր մեր երկիրը, այսօր իր բազմադարյան պատմության էջերին ևս մեկը լրացրեց՝ թևակոխելով անկախության 25-րդ տարին: Եվ երիտասարդաց միության հերթական ուխտագնացությունը նվիրված էր անկախ Հայաստանի խաղաղությանն ու անսասանությանը:
Անցնելով աղոթքի իրենց ուղին՝ երիտասարդ ուխտավորները նախ կանգ առան Աբովյանի Սբ. Ստեփանոս հնամենի եկեղեցում (17-րդ դար), ուր «Տերունական աղոթք»-ը միասնաբար ասելուց հետո «Տեր ողորմեա» շարականը երգեցին, ապա իրենց աղոթքը վերառաքեցին առ Աստված՝ Հայոց երկրի համար:
Հաջորդ ուխտավայրում՝ Աբովյանի Սբ. Հովհաննես եկեղեցում Տեր Շահանն օրհնեց երիտասարդներին՝ մաղթելով, որ Տերն ի կատար ածի նրանց բոլորի ուխտը:
Ապա «Զորավոր» երիտասարդաց միությունը միասնաբար աղոթք ունեցավ Հատիս լեռան ստորոտում, փոքր ձորակի աջ սարալանջին գտնվող Սբ. Պողոս-Պետրոս մատուռներում, որի հիմնաքարերը դրվել են 5-7-րդ դարերում: 11-րդ դարի ավերիչ երկրաշարժից հետո սրբավայրն ավերվել է, ապա վերականգնվել 12-13-րդ դարերում: Սրբավայրի բակում երիտասարդները սիրո ճաշ ունեցան, ապա Գևորգ սարկավագը հոգեշահ զրույց ունեցավ երիտասարդների հետ տարբեր հարցերի վերաբերյալ:
«Զորավոր» երիտասարդաց միությունը՝ որպես անկախ Հայաստանի նոր սերունդ, քաջ գիտակցում է աստվածապարգև ազատության՝ աստվածային սիրո մեծագույն արտահայտության արժեքը և իրենց համար այլևս կենսակերպ է ամրանալ հավատքի, առաքինության և ճշմարիտ ուղու մեջ՝ այդ կերպ ամրացնելով հայ ընտանիքը և Հայոց երկիրը:
Կրոնը, հավատքը, հոգևոր զարգացումը Գարեգին Նժդեհը դիտում է իբրև ազատության ճանապարհ, ինչպես անհատի ներքին ազատության, այնպես էլ՝ ազգի ու հայրենիքի: «Ներքին ազատության հասած անհատները, որոնք այլևս հաղթահարած են եսականության ստոր վիճակները, պատրաստ են իրենց զոհաբերության, նահատակության գնով պաշտպանելու իրենց ազգի և հայրենիքի պատիվն ու ամբողջականությունը: Այսպիսի ժողովուրդն անխորտակ է»,- ասել է մեծ զորավարը: Իսկ երիտասարդներին այս խոսքով է դիմել. «Եթե հայ երիտասարդությունը հոգեփոխվի և հոգեփոխի հայ ժողովուրդը, նա տերը կդառնա իր մեծ Հայրենիքի, նա հոգեփոխվելով կստանա իր հոգեկան անհրաժեշտ կառուցվածքը»:
Կարինե Սուգիկյան