Հայաստանյան եպիսկոպոսաց ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հունվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով:

Ժողովի ընթացքում քննարկվեցին թեմերում հոգևոր կյանքի վերաշխուժացմանն ուղղված ծրագրերին և հովվական առաքելության զորացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կատարվեց հոգևոր հովիվների ծառայությանը, թեմերում առկա կարիքներին և եկեղեցականների առջև ծառացած հիմնական մարտահրավերներին: Մտքեր փոխանակվեցին նաև եկեղեցականների պատրաստության, հոգևոր-կրթական հաստատությունների սաների ընդունելության և կրթության բարելավման վերաբերյալ:

Քննարկումներ ծավալվեցին եկեղեցի-պետություն հարաբերությունների համատեքստում կարգավորման ենթակա խնդիրների շուրջ: Ժողովականները կարևորեցին Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբերի հետևողական աշխատանքը` ի նպաստ հայրենի երկրի և բարեպաշտ ժողովրդի:

Անդրադարձ կատարվեց նաև «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խումբ» անվան տակ հանդես եկող հասարակական որոշ կազմակերպությունների կողմից «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի` Համընդհանուր պարբերական դիտարկման 35-րդ նիստին» ընդառաջ պատրաստված զեկույցին:

Եպիսկոպոսաց հավաքի կողմից արձանագրվեց, որ հիշյալ զեկույցում տեղ են գտել մի շարք խնդրահարույց գնահատականներ և դիտարկումներ: Բացարձակապես անընդունելի ու դատապարտելի նկատվեց զեկույցում Հայ Եկեղեցու դերի և առաքելության ոչ ճշգրիտ և նենգափոխված ներկայացումը, որը ինքնին խտրականության և ատելության դրսևորում է Հայ Եկեղեցու և նրա` թվով ճնշող մեծամասնություն հանդիսացող հետևորդների նկատմամբ:

Ժողովականները հաստատեցին, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ կարգավիճակը բացարձակորեն չի ենթադրում կրոնական կազմակերպությունների նկատմամբ խտրական վերաբերմունք, այլ գերազանցապես Հայ Եկեղեցու թե՛ անցյալի և թե՛ ներկայի դերի արձանագրումն է հայրենի պետության և նրա քաղաքացիների կողմից:

20.01.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․