4 Նոյեմբեր, Բշ
Բոլոր ժամանակներում Աստծուն ճշմարտապես սիրող քրիստոնյան անկեղծորեն սիրել է նաև իր հայրենիքը և ապրել ու գործել հանուն հայրենիքի շինության և բարգավաճման: Հայրենասերներից ոմանք նախանձախնդրորեն գործել են իրենց հայրենիքի բարեկարգության և հոգևոր լուսավորության համար, ոմանք նպաստել են հայրենիքի բարգավաճմանն արվեստի, մշակույթի և իրենց գիտելիքի միջոցով, ոմանք խիզախորեն պաշտպանել են հայրենիքը թշնամիներից և անգամ իրենց կյանքը զոհել հանուն հայրենիքի: Հայոց պատմության էջերը հարուստ են հայրենիքի հանդեպ նման սիրո օրինակներով:
Հայրենիքի հանդեպ ամուր սերն ուներ իր սրտում Հադրութի բնակիչ, ռազմաբժիշկ Արեն Վերդյանը (36 տ.), ով արցախյան վերջին պատերազմին մասնակցեց որպես Հադրութի դիվիզիայի ռազմական ծառայությունների պետ և պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին, զոհվեց Կարմիր շուկայում իր ծառայողական պարտականությունը կատարելիս: Հերոսի կինն իր անչափահաս որդու հետ այժմ վարձակալությամբ բնակվում է Երևան քաղաքի Տիգրան Մեծ 36, բն. 146 հասցեում:
Հուլիսի 1-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը հերոսի կնոջը՝ Սուսաննա Սարգիսովային (49 տ.), որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, փոխանցեց 100 000 դրամ, որ տրամադրել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներից մեկը, ով չցանկացավ նշել իր անունը: Սուսաննան իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:
«Հայրենասիրությունը պարտք չէ, այլ՝ մարդու բնական հատկություն, մարդկային էություն, մարդկային երջանկություն: Հայրենասիրությունը շնորհ է, քանզի կարող է լինել, երբ մեր հոգում կա Աստված, Հայրենիք ու Հայրենյաց սրբություններ»,- ասել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Կարինե Սուգիկյան