ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը սոցիալական ծրագրերի շրջանակներում շարունակում է իր տնայցերը: Այս անգամ՝ հունիսի 17-ին, համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, հերթական տնայցով եղավ Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորված ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Շանթ Ղազարյանի ընտանիքում: 20-ամյա Շանթը մասնակցել է Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի պաշտպանությանը և հրադադարի օրը՝ ապրիլի 5-ին, Թալիշում կորցրել է սրունքն ու ոտնաթաթը: Շանթը խուսափում էր մանրամասնել պատերազմի դաշտում իր հետ տեղի ունեցածի մասին, այժմ նա ավելի շատ կենտրոնացած է իր անելիքների վրա. վերականգնողական բուժմանը զուգահեռ նա պատրաստվում է դիմել ԵՊՀ տնտեսագիտական համալսարանի կառավարման բաժին:
Ղազարյան ընտանիքն ապրում է վարձակալությամբ Նիզամի 26/13 հասցեում: Տեր Գրիգորը Շանթի և նրա ընտանիքի հետ զրույցից հետո բժշկության աղոթք կարդաց, ապա համայնքի կողմից, որպես երախտագիտության արտահայտություն, քաջարի զինվորին հանձնեց դրամական օգնություն: Ղազարյան ընտանիքն երախտապարտ էր և զգացված Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի այցից:
Տեր Գրիգորը նշեց, որ Շանթի հերոսական կերպարը վկայությունն է Գարեգին Նժդեհի այն խոսքերի, որ հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ ու կործանվում դրանց պակասից և որ ժողովուրդն առանց հայրենասիրության նույնն է, ինչ մարմինն առանց հոգու. «Մեր հերոս տղաներն Արցախյան առաջին հերոսամարտին միասնականությամբ ձեռք բերված հաղթանակի քաջազուն ծնունդներն են, ինչը հաստատեցին իրենց հոգու արիությամբ՝ որպես հայրենիքի անմնացորդ նվիրյալներ: Վարդանանց, Արցախյան և Հայոց պատմության հերոսական էջերի արիական նկարագիրը կրող և քաջության անուն ժառանգած մեր Հայոց բանակի զինվորները հերոս նախնիների անմահ հիշատակի արժանի հետևորդներն են ու Հայոց ազգի պարծանքը»:
Կարինե Սուգիկյան