Բոմբոսը՝ ոչ գրագետ լինելով, մտավ մեկի մոտ՝ սաղմոս ուսանելու և լսելով քսանութերորդ սաղմոսի առաջին տողը, որ ասում է. «Զգուշանամ իմ ճանապարհին, [որ լեզվովս չմեղանչեմ]» (Սաղմ. ԼԸ 2), երկրորդն առանց լսելու՝ գնաց` բավականանալով ասված այս մի խոսքով, որ եթե կարողանա՝ գործով ուսանի այն: Իսկ երբ ուսուցանողը դժգոհեց, թե ինչու այս վեցամսյա ժամանակահատվածում չտեսավ նրան, պատասխանեց, թե սաղմոսի խոսքը գործով դեռ չի ուսանել: Այս Բոմբոսին մեկը ոսկի տվեց՝ աղքատներին բաժանելու համար և պատվիրեց հաշվառում անել, ում որ տալիս է, իսկ նա պատասխանեց. «Աստծուն հաշվառում պետք չէ»: Այս Բոմբոսը Աթանաս եպիսկոպոսի խնդրանքով անապատից իջավ Ալեքսանդրիա և այնտեղ մի կնոջ տեսնելով` սկսեց արտասվել: Ովքեր մոտ էին, հարցրին, թե ինչո՞ւ արտասվեց, պատասխանեց. «Երկու բան ինձ հուզեցին. մեկը՝ նրա կորուստը, մյուսը, որ ես այդքան փութաջան չեմ Աստծուն հաճոյանալու մեջ, որքան նա` զազրելի մարդկանց հաճոյանալու մեջ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016