23 Դեկտեմբեր, Բշ
Հուլիսի 1-4-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման (ՀԵՀԵՄ) 3-րդ պատգամավորական ժողովը, որը նախագահում էր ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
ՀԵՀԵՄ պատգամավորական ժողովին մասնակեց շուրջ 100 երիտասարդ Հայ Եկեղեցու նվիրապետական աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից ու թեմերից:
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ԱՀԹ-ից ժողովին մասնակցեց ութ պատգամավոր՝ թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի դահլիճում հանդիպում ունեցավ պատգամավորական ժողովի մասնակիցների հետ: Վեհափառ Հայրապետն իր ուրախությունը հայտնեց, որ երիտասարդները վերստին համախմբվել են մայր հայրենիքում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Կարևորելով երիտասարդների գործնական մասնակցությունը Հայ Եկեղեցու կյանքում՝ Նորին Սրբությունը պատգամեց, որ երիտասարդներն ապրեն աստվածսիրության շնորհով ու կրողը լինեն սրբազան հայրերի ժառանգության:
Եռօրյա ժողովի ընթացքում պատգամավորները քննարկեցին կառույցի ընդհանուր ուղեցույցի, միջթեմական համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր: Ընտրվեց 21 հոգուց բաղկացած ՀԵՀԵՄ կենտրոնական խորհուրդ և վերահսկիչ մարմին: Կենտրոնական խորհուրդն ատենապետ ընտրեց ԱՀԹ երիտասարդաց միությունների ատենապետ Վահան Մարդյանին:
Ծրագրի ընթացքում երիտասարդներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրընկալվեցին Արմավիրի թեմում, որտեղ հանդիպեցին թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանին:
Հուլիսի 5-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, որին ներկա էին Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման (ՀԵՀԵՄ) 3-րդ պատգամավորական ժողովի մասնակիցները: Պատարագիչն էր ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ, ՀԵՀԵՄ նախագահ գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին