Սուրբ Գրքի` Աստծու շնչով գրուած ամէն մի գրութիւն օգտակար է սովորեցնելու, յանդիմանելու, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար, որպէսզի Աստծու մարդը կատարեալ լինի` բոլոր բարի գործերի պատրաստ (տե՛ս Բ. Տիմ. 3, 16-17): Հետեւաբար, լինի՛ պատուիրանով, սկզբունքով կամ էլ օրինակով, ճշմարիտ քրիստոնեան ամէն ինչում հիմնւում է Աստուածաշնչի վրայ: Անկեղծ հաւատացեալը կարիք էլ չունի սուրբգրային անմիջականօրէն նշուած ակնյայտ հատուածին, եթէ արդէն իսկ կան բազմաթիւ սկզբունքներ ու սուրբգրային անուղղակի եզրեր, որոնք դատապարտում են անբարոյ արարքները, որոնցից մէկն էլ Հելոուինի խելագար տօնախմբութիւնն է: Երբ Հելոուինի գործունէութիւնն իրականում ներառում է կախարդութեան եւ գաղտնագիտութեան զանազան դրսեւորումները, Աստուածաշունչը պարզ կերպով ցոյց է տալիս, թէ սրանք մեղսագործ են, որոնցից պէտք է զգուշանալ ու անվարան կերպով խուսափել: Հին եւ Նոր Կտակարաններն ունեն բազմաթիւ յղումներ, որոնք դատապարտում են կախարդութիւնը, ոգեհարցութիւնը, գուշակութիւնը, կռապաշտական-հեթանոսական սովորութիւններն ու նմանատիպ գործողութիւնների ընդօրինակումը։ Հելոուինի հնագոյն արմատները, ինչպէս նաեւ յարակից-ժամանակակից սովորութիւնները ցոյց են տալիս, որ այս տօնը հիմնուած է անտեսանելի ոգիների, դեւերի ու մահացածների մասին կեղծ պատկերացումների վրայ: Աստուածաշունչը զգուշացնում է. «Ձեր մէջ թող չգտնուի այնպիսի մէկը, որն … ոգեհարցութեամբ զբաղուի» (Երկ. Օր. 18.10-12): Թէեւ որոշ մարդիկ Հելոուինը համարում են «անվնաս» ժամանց, Աստուածաշունչը փաստում է, թէ դա այդպէս չէ: Պօղոս առաքեալն ասում է. «Չեմ ուզում, որ դուք դեւերին հաղորդակից լինէք. չէք կարող խմել ե՛ւ Տիրոջ բաժակը, ե՛ւ դեւերի բաժակը։ Եւ չէք կարող վայելել ե՛ւ Տիրոջ սեղանից, ե՛ւ դեւերի սեղանից» (Ա. Կորնթ 10, 20): Սուրբ գրութիւնները արդէն տալիս են որոշ սկզբունքներ, որոնց շուրջ մենք կարող ենք որոշումներ կայացնել: Պատմական փաստերից արդէն յայտնի է, թէ անցեալ ու ներկայ ժամանակների Հելոուինը հիմնուած է հին կռապաշտական-հեթանոսական սովորութիւնների եւ գաղտնուսոյց գործելակերպի վրայ: Սրանք դատապարտւում են Աստուածաշնչում ու պէտք է դիտարկուեն շատ աւելի լուրջ, քան ընդամէնը մի մանկական զուարճանք: Նմանատիպ տօներն ու երեւոյթները հակասում են Աստուածաշնչին: Ի՞նչ է ասում Աստուածաշունչը նման սովորութիւնների վերաբերեալ: Հին Կտակարանում Աստուած արդէն պատուիրում է. «Վհուկներին մի՛ հետեւէք եւ ոգեհմաների հետ մի՛ առընչուէք, որպէսզի նրանցով չպղծուէք» (Ղեւտ. 19, 31)։ Աստուած նաեւ նախազգուշացնում է. «Չգնաս նրանց հետքերով, չհետաքրքրուես նրանց կուռքերով ու չասես, թէ՝ «Այս ազգերը ինչ արել են իրենց կուռքերին, նոյնն էլ ես անեմ Տիրոջը»» (Երկ. Օր. 12, 30): Ովսէէ մարգարէն ասում է, թէ Աստծու ժողովուրդն տգիտութեան բացակայութեան պատճառով է մերժւում. «Իմ ժողովուրդը նմանուեց նրան, ով իմացութիւն չունի: Քանի որ դու մերժեցիր իմացութիւնը, Ես էլ քեզ կը մերժեմ» (Ովս. 4, 6): Եւ դարձեալ Աստուած մեզ զգուշացնում է, որ չսովորենք իւրացնել աշխարհի գարշելի սովորութիւնները՝ կախարդութիւնը, մոգութիւնը նախանշանների մեկնութիւնը, հմայութիւնը, ոգեհարցութիւնը, գուշակութիւնը կամ էլ գուշակների հետ որեւէ խորհրդակցութիւնը. «Չիւրացնես այդտեղ ապրող ազգերի գարշելի սովորութիւնները: Ձեր մէջ թող չգտնուի այնպիսի մէկը, որն իր տղային կամ աղջկան կրակի բովից անցկացնի, կախարդութեամբ կամ գուշակութեամբ զբաղուի, թռչուններին նայելով կանխագուշակումներ անի, մոգութիւններով զբաղուի, վհուկ կամ սուտ մարգարէ լինի, ոգեհարցութեամբ զբաղուի, որովհետեւ Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղւում է այդպիսի բաներով: Այդպիսի գարշելի բաների համար է, որ Տէրը նրանց վերացնում է քո միջից: Քո Տէր Աստծու առջեւ կատարեալ պէտք է լինես: Քո ժառանգելիք երկրի մարդիկ հաւատում են հմայութիւններին ու կախարդութիւններին, բայց քո Տէր Աստուածը քեզ այդպէս վարուելու հրաման չի տուել» (Երկ. Օր. 18, 9-14: Գաղ. 5, 19-21): Աստուած յայտարարում է Իսրայէլին. «Կը խլեմ քո բոլոր կախարդութիւնները քո ձեռքից, եւ այլեւս գուշակներ չեն լինի քո մէջ» (Միք. 5, 11): Նաեւ՝ «Վհուկներին ու ոգեհմաներին հետեւելով՝ նրանց հետ պոռնկացող մարդկանց պիտի հետապնդեմ ու վերացնեմ նրանց իրենց ժողովրդի միջից» (Ղեւտ. 20, 6):
Մենք գիտենք, որ կախարդութիւնն ու ապագան կանխագուշակելը՝ յանցագործութիւններ են, որոնց պատճառով Սաւուղ թագաւորն իր կեանքից զրկուեց։ Մարդկութեան պատմութեան մէջ առաջին յայտնի կախարդներից մէկը Այենդորի ոգեհարց կինն էր: Աստուածաշունչը յայտնում է, թէ ինչպէ՛ս էր Սաւուղ թագաւորը նրան խնդրում հրաւիրել Սամուէլ մարգարէի ոգին (տե՛ս Ա. Թագ. 28 գլ.): Սաւուղն ուզում էր իմանալ, թէ ինչպէ՛ս կարելի է յաղթել փղշտացիների բանակին: Այդպէս նա մեղք գործեց Աստծու դէմ։ Ըստ Աստծու Օրէնքի, կախարդանքը մահուան դատապարտող ամենասարսափելի մեղքերից մէկն է. «Մի՛ թողէք, որ կախարդներն ապրեն» (Ելք 22, 18): Գրուած է նաեւ՝ «Կախարդութիւնները միայն նեղութիւն ու ցաւեր են բերում»: (Ա. Թագ. 15, 23)։ Աստուածաշունչը նոյնպէս սովորեցնում է, որ Աստծու զաւակները ոչ մի կապ չունենան գաղտնագիտութեան հետ (տե՛ս Երկ. Օր. 18, 9-14): Նոր Կտակարանը վկայում է այն մասին, թէ գաղտնագիտութեամբ զբաղուողները չեն կարող մտնել Երկնքի Թագաւորութիւն, իսկ նրանց բաժինը ծծմբով եւ հրով այրուող լճի մէջ է (տե՛ս Գաղ. 5, 20: Յայտ, 21, 8): Ղուկաս աւետարանիչը պատմում է, թէ ի՛նչ արեցին կախարդութեամբ զբաղուող մարդիկ՝ Տէր Յիսուս Քրիստոսին հաւատալուց յետոյ. «Եւ կախարդութեամբ զբաղուող շատերը բերում էին իրենց գրքերը եւ բոլորի առաջ այրում. նրանց գինը հաշուեցին եւ գտան, որ յիսուն հազար արծաթ դահեկան[1] էր» (Գործք 19, 18-19):
Եզեկիա թագաւորի որդի Մանասէն բազմիցս չարիքներ գործեց՝ դաւաճանելով թէ՛ իր հօր յիշատակը եւ թէ՛ Տիրոջը։ Աստծու տան գաւիթներում զոհասեղան պատրաստեց երկնքի բոլոր զօրութիւնների համար ու ձուլածոյ կուռք դրեց այնտեղ: Նա ինքն իր ձեռքով կրակի վրայ զոհաբերեց իր որդիներին, զբաղւում էր հմայութեամբ, գուշակութեամբ, դիւթութեամբ եւ խորհրդակից էր զարգացնելու կախարդութիւնը (տե՛ս Բ. Մնաց. 33, 5-6): Քրիստոնէութեան լոյսը միշտ ստուերել է հեթանոսական խաւարի մոլար պատրանքները։ Առաջին դարում Եփեսոս քաղաքն աշխարհում համարւում էր գաղտնագիտական կենտրոններից մէկը: Պօղոս առաքեալն այնտեղի քրիստոնեաներին ասում էր. «Եւ խաւարի անպտուղ գործերին մասնակից մի՛ եղէք, այլ մանաւանդ մերկացրէ՛ք դրանք» (Եփես. 5, 11)։ Ըստ այս խօսքի՝ մենք ոչ միայն մերժում ենք խաւարի գործերը, այլ նաեւ պէտք է բացայայտենք ու մերկացնենք դրանց սատանայական չարութիւնը: Յաջորդ հատուածում ասւում է, թէ նոյնիսկ ամօթ է խօսել այդ բաների մասին. «Որովհետեւ, ինչ որ նրանք գործում են ծածուկ, այդ մասին խօսելն էլ ամօթ է, այլ ամէն ինչ բացայայտուելով՝ լոյսով յայտնի է լինում» (Եփես. 5, 12-13): Պօղոս առաքեալը քրիստոնեաներին հրահանգում է մերժել այս աշխարհի կերպարանքին նմանուելը. «Եւ այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանուէք, այլ նորոգուէ՛ք ձեր մտքի նորոգութեամբ, որպէսզի դուք քննէք լաւը, եւ թէ ի՛նչ է Աստծու կամքը՝ բարին, հաճելին եւ կատարեալը» (Հռոմ. 12, 2): Մենք պէտք չէ համակերպուենք այս աշխարհին: Մենք պէտք է մեր միտքը նորոգենք Աստծու խօսքով, այնպէս որ կարողանանք ապրել Նրա՛ կամքի համաձայն, այլ ոչ թէ՝ չարի: Մենք չենք կարող փնտռել Աստծու եւ խաւարի գործերը միեւնոյն ժամանակ. «Եւ չէք կարող վայելել ե՛ւ Տիրոջ սեղանից, ե՛ւ դեւերի սեղանից: Կամ թէ՝ ուզում ենք Տիրոջ նախա՞նձը գրգռել. մի՞թէ աւելի զօրեղ ենք, քան Նա» (Ա. Կորնթ. 10, 21-22): Պօղոս առաքեալն իր նամակներում նաեւ զգուշացնում է, որ չհեռանանք հաւատից եւ ուշադրութիւն չդարձնենք մոլորեցնող ոգիների վրայ (տե՛ս Ա. Տիմ. 4, 1): Առաքեալը յորդորում է. «Փորձեցէ՛ք ամէն ինչ, բարին ամո՛ւր պահեցէք, հեռո՛ւ մնացէք բոլոր չար բաներից» (Ա. Թես. 5, 21-22): «Ատելով չարը՝ ընթանալ բարու յետեւից» (Հռոմ. 12, 9): Նաեւ՝ «Անհաւատներին լծակից մի՛ եղէք, որովհետեւ ի՞նչ կապ ունի արդարութիւնը անօրէնութեան հետ. եւ կամ ի՞նչ յարաբերութիւն լոյսի ու խաւարի միջեւ. եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առընչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ. կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ» (Բ. Կորնթ. 6, 15-17): Դարձեալ՝ «Ուրեմն դէ՛ն գցենք խաւարի գործերը եւ հագնենք լոյսի զրահը» (Հռոմ. 13, 12): Եւ դարձեալ՝ «Եւ Աստծու սպառազինութիւնը հագէ՛ք, որպէսզի կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարքներին. որովհետեւ մեր պատերազմը մարմնի եւ արեան դէմ չէ, այլ՝ իշխանութիւնների դէմ, պետութիւնների դէմ, այս խաւար աշխարհի տիրակալների դէմ եւ երկրի տակ եղող չար ոգիների դէմ: Ուստի առէ՛ք Աստծու սպառազինութիւնը, որպէսզի կարողանաք չար օրում դէմ կանգնել չարին» (Եփես. 6, 11-18): Հետեւաբար, պէտք է ընտրութիւն կատարել: Մենք չենք կարող ընթանալ երկու ուղիներով միաժամանակ: Մենք չենք կարող ճշմարտապէս երկրպագել Աստծուն եւ հետեւել աշխարհի չար սովորութիւններին: Մենք պէտք է մեզ զատենք չարից եւ աշխարհի մեղքից: Կարեւոր չէ, եթէ մենք տարօրինակ երեւանք աշխարհին կամ էլ՝ նրա կողմից «չընդունուած»: Այս մասին Յիսուս շատ բաներ է ասել իր աշակերտներին եւ մեզ՝ հէնց այս թեմայի վերաբերեալ. «Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կը լինէր, բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է» (Յովհ. 15, 19): Յովհաննէս առաքեալն ասում է. «Սիրելի՛ս, մի՛ նմանուիր չարին, այլ բարուն» (Գ. Յովհ. 1, 11): Դարձեալ՝ «Գալով ծոյլերին ու անհաւատներին, ոճրագործներին եւ պոռնիկներին, կախարդներին ու կռապաշտներին, հմայողներին ու բոլոր ստախօսներին՝ ամբարիշտներին՝ նրանց բաժինը ծծմբով եւ հրով այրուող լճի մէջ է, որ երկրորդ մահն է» (Յայտ. 21, 7-8): Իսկ Յակոբոս առաքեալը նշում է, թէ սուրբ եւ անարատ բարեպաշտութիւնը Հայր Աստծու առաջ սա՛ է. «Անարատ պահել իր անձը աշխարհից» (Յակ. 1, 27): Նաեւ՝ «Հնազանդուեցէ՛ք, ուրեմն, Աստծուն եւ դիմադրեցէ՛ք սատանային, ու նա կը փախչի ձեզանից» (Յակ. 4, 7):
Հելոուինն ու իր խորհրդանիշները ոչ մի սուրբգրային հիմք չունեն, այլ ընդհակառակը՝ դիւական ծագում ունեն: Քրիստոնեաները պէտք չէ ներգրաւուեն՝ տօնելու ցաւը, տառապանքը, չարութիւնը, մահն ու դեւերի պաշտամունքը: Աստուած տեսնում է, խստօրէն արգելում ու դատապարտում այդ չար գործողութիւններին մասնակից լինելը. «Եթէ քո Տէր Աստուածը քո առջեւ ազգեր կոտորի, եւ դու նրանց երկիրն իբրեւ ժառանգութիւն ստանալու համար մտնես այդ երկիրն ու նուաճես նրանց, բնակուես նրանց երկրում, ապա զգո՛յշ եղիր, որ քո առջեւ նրանց կոտորուելուց յետոյ չգնաս նրանց հետքերով, չհետաքրքրուես նրանց կուռքերով ու չասես, թէ՝ «Այս ազգերը ինչ արել են իրենց կուռքերին, նոյնն էլ ես անեմ Տիրոջը»: Նոյն կերպ չվարուես քո Տէր Աստծու նկատմամբ, որովհետեւ նրանք իրենց կուռքերի համար անում են գարշելի բաներ, որոնք ատելի են Տիրոջը, որովհետեւ նրանք իրենց տղաներին ու աղջիկներին, յանուն իրենց կուռքերի, այրում են կրակի վրայ» (Երկ. Օր. 12, 29-31։ 18, 11-12):
Հելոուինի կործանարար ազդեցութիւնը յատկապէս վտանգաւոր է մեր երեխաների համար: Հասարակութեան մէջ համակերպուելով այս չարիքի հետ՝ Հելոուինը սատանայի իշխանութիւնը նրանց համար դարձնում է աւելի հասանելի: Երեխաների մեծ մասին այսօր յայտնի չէ Հելոուինի տօնակատարութեան դիւական ծագումը, բայց փաստը մնում է փաստ, որ տօնի՝ անվնաս համարումը սողոսկում է մանկան աշխարհը եւ իր ազդեցութիւնը թողնում մեր երեխաների խղճի, զգացմունքների եւ հոգեւոր զարգացման վրայ: Մարդիկ կարող են ասել, թէ Հելոուինի չարութեան ձեւերն «անմեղ» եւ «անվնաս» են, բայց մենք արձագանգում ենք Պօղոս առաքեալի շուրթերով. «Հեռո՛ւ մնացէք բոլոր չար բաներից» (Ա. Թես. 5, 22):
Սողոմոն Իմաստունն ասում է. «Բռնեցէ՛ք փոքրիկ աղուէսներին, որ ապականում են այգիները, որպէսզի ծաղկեն մեր որթերը» (Երգ 2, 15): Աղուէսները, երբեմն սննդամթերք որոնելով, մտնում են խաղողի այգիները եւ կուլ տալով խաղողը՝ փչացնում են բերքը: Սակայն «փոքրիկ աղուէսները» շատ փոքր են՝ խաղողի ճիւղին հասնելու համար. այնպէս որ նրանք ծամում են խաղողի որթատունկը եւ այդպէս ոչնչացնում ամբողջ այգին: Այսպէս, գիւղացին ճիւղի փոխարէն պարզապէս կորցնում է իր որթատունկն ու բերքը: Մենք ինչ որ հոգեպէս անում ենք կամ էլ թոյլ ենք տալիս գործելու, կարծելով, թէ փոքր է եւ աննշան, կարող է մեզ համար աղետալի լինել: Ոմանք Հելոուինը նշում են՝ կարծելով, թէ կարելի է մի փոքր փոխզիջման գնալ, սակայն այդ «փոքր աղուէսները», որոնք փչացնում են որթատունկը, եւ նման փոքրիկ փոխզիջումները կարող են բացել դուռը բազում այլ չարիքների առաջ: Շատերը չեն գիտակցում, թէ աշխարհում նշուող որոշ տօներ եւ աւանդութիւններ դիւային ծագում ունեն, որոնցից պէտք է հեռու մնալ. «Եւ այդպէս անարգում էք Աստծու խօսքը նոյն աւանդութեամբ, որ դուք փոխանցում էք միմեանց: Եւ սրա նման ուրիշ շատ բաներ էք անում» (Մարկ 7, 13): Ծնողները պատասխանատուութիւն են կրում իրենց երեխաների համար՝ թոյլ չտալու նրանց ենթարկուել այս չար տօնակատարութեանը, քանի որ անմեղ երեխաների այդ խաղերը «փոքրիկ աղուէսներ» են, որոնք կարող են բացել սատանայական ազդեցութեան դուռը, իսկ որոշ դէպքերում էլ՝ նոյնիսկ դիւահարութեան առաջնորդել: Այդ ներգրաւուածութեան մէջ երեխաները կարող են տառապել վախի ոգով, որը կարող է մնալ նրանց մէջ ողջ կեանքում: Երբ երեխաներին ուսուցանում են, թէ գաղտնագիտութեան գործունէութիւնը բնական երեւոյթ է, երբ սատանայապաշտութիւնը մանկամտօրէն ընդունւում է «խաղի» ու «զուարճանքի» տեսքով, մեր երեխաներին ստիպում ենք ընդունել չարիքը, այլ ոչ թէ դիմադրել դրան: Այս «փոքրիկ աղուէսներ»-ը չարիք են պատճառում ոչ միայն մեր երեխաներին, այլեւ անէծք են մեր եկեղեցու ու ժողովրդի համար: Որպէս քրիստոնեաներ՝ մենք պարտաւոր ենք զանազանել չարի յարձակումները՝ պաշտպանելով մեր երեխաներին, միաժամանակ ուրիշներին պատմելով Հելոուինի այս չար դիւապաշտական աւանդութեան մասին: «Սնոտի խօսքերով թող ոչ ոք ձեզ չխաբի, որովհետեւ դրա համար է, որ գալիս է Աստծու բարկութիւնն անհնազանդ մարդկանց վրայ։ Ուրեմն, նրանց մասնակից մի՛ եղէք, որովհետեւ թէպէտեւ մի ժամանակ խաւար էիք, հիմա լոյս էք ի Տէր. ընթացէ՛ք ինչպէս լոյսի որդիներ. քանզի լոյսի պտուղներն են բարութիւնը, արդարութիւնն ու ճշմարտութիւնը։ Ստուգեցէ՛ք, թէ ո՛րն է հաճելի Տիրոջը. եւ խաւարի անպտուղ գործերին մասնակից մի՛ եղէք, այլ մանաւանդ մերկացրէ՛ք դրանք, որովհետեւ ինչ որ նրանք գործում են ծածուկ, այդ մասին խօսելն իսկ ամօթ է» (Եփես. 5, 6-12): Յովհաննէս առաքեալի միջոցով Աստուած մեզ յիշեցնում է հեռու մնալ նման աշխարհիկ չար տօներից. «Մի՛ սիրէք աշխարհը, ոչ էլ՝ ինչ որ աշխարհի մէջ կայ։ Եթէ մէկը սիրում է աշխարհը, Հօր սէրը նրա մէջ չէ, քանի որ այն ամէնը, ինչ աշխարհի մէջ կայ, մարմնի ցանկութիւն է, աչքերի ցանկութիւն եւ ա՛յս կեանքի ամբարտաւանութիւն, որ Հօրից չէ, այլ՝ այս աշխարհից» (Ա. Յովհ. 2, 15-16):
Միանգամայն ակնյայտ է եւ անհնար, որ ճշմարիտ քրիստոնեան մասնակցի նման «տօնակատարութեանը», քանի որ այն ուղղակիօրէն դիւապաշտութեան անմիջական արտայայտութիւն է, դաւաճանութիւն մեր Տէր Աստծու ու Սուրբ Եկեղեցու հանդէպ: Ինչպէս տեսնում ենք, Աստուածաշունչը մեզ խստօրէն զգուշացնում է փախչել ոգեհմայութեան եւ մահականչութեան գաղտնուսոյց սովորութիւններից: Այն ցոյց է տալիս նրա հետեւանքները մարդկութեան համար` այն դարձնելով արգելուած: Մենք չենք գտնում որեւէ յղում, որեւէ տեղի, որը լինի «զուարճանք»-ի կամ էլ «միայն հաճոյքի համար»: Ինչպէ՞ս կարող է մէկը «զուարճանալ»՝ տօնելով խաւարը եւ յարգանքի տուրք մատուցելով «մահուան տիրոջը»:
Յովհաննէս առաքեալն էլ ասում է. «Մի՛ նմանուիր չարին, այլ՝ բարուն» (Գ. Յովհ. 11)։ Աստուածաշնչի համապատասխան համարը սովորեցնում է, թէ մենք պէտք չէ ընդօրինակենք Հելոուինի հնագոյն դիւական սովորութիւնը։ Չէ՞ որ այս խօսքը նոյնպէս վերաբերում է ընթացիկ տօնի գործունէութեանը։ Չէ՞ որ մասնակցութիւնը տօնին՝ չարին նմանուելու մի ձեւ է։ Նոյնիսկ անուղղակի կերպով Հելոուինին մասնակցելով՝ արդեօ՞ք չենք օգնում հրապարակելու եւ հանրայնացնելու այն, ինչն այս խաւար աշխարհում չարի համար կարող է լինել ամենակարեւոր օրը: Պարզապէս մասնակցելով՝ արդեօ՞ք չենք արժանաւորում ու պատւում այն, ինչն իր ծագումն ստանում եւ զարգանում է հեթանոս աշխարհի դիւական սովորութիւններից: Արդեօ՞ք կարող ենք մենք, նոյնիսկ անուղղակի կերպով, թոյլ տալ, որ մեր երեխաները ծանօթանան խաւարային հոգեւոր պատրանքներին ու փորձութիւններին։ Եթէ նոյնիսկ մեր պարզամիտ երեխաները հագնուած լինեն սովորական եւ անմեղ տարազներ, նրանք, միեւնոյն է, շրջապատուած են լինում այլ մարդկանցով, ովքեր հագնուած են վհուկների, կախարդների, դեւերի եւ այլ չարագուշակ տարազներով: Կարո՞ղ են արդեօք բոլոր այս բացայայտումները, դիւական ոգիների հետ շփումներն ապագայում մեր երեխաների մօտ առաջացնել գաղտնուսոյց, էզոթերիկ հետաքրքրութիւններ ու փորձառութիւններ ապագայում: Երբ մեր երեխաները մեզ հարցնեն, թէ ինչո՛ւ են իրենց հասակակիցներն զգեստաւորւում սարսափազդու դիմակներով ու տարազներով, եւ թէ ինչո՛ւ են նրանք քաղցրաւենիքի «առ եւ տուր» խաղով զբաղւում, ցանկանալով հասկանալ, թէ որտեղի՛ց են այդ սովորութիւնները եկել, կարո՞ղ ենք արդեօք մենք նրանց ցանկացած հարցին տալ այլ պատասխան, որը կապուած չէ այս ոչ քրիստոնէական, արատաւոր սովորութիւններին:
Որքա՜ն հեշտ է Հելոուինը նպաստում չարի ու բռնութեան ցանկութիւններին: Որքա՜ն շատ են այն փաստերն ու արձանագրութիւնները, երբ կրկնօրինակելով Հելոուինի մասին հեռուստատեսային ծրագրերն ու հոլիւուդեան տեսայոլովակները՝ երեխաները դաժան սպանութիւն կամ ինքնասպանութիւն են գործում: ԱՄՆ-ի դպրոցներից մէկում ուսուցիչը չորրորդ դասարանի աշակերտներին խնդրում է մի կարճառօտ շարադրանք գրել այն մասին, թէ ի՛նչ են նրանք ամէնից շատ սիրում Հելոուինի ժամանակ։ Եւ ինը տարեկան երեխաների 80 տոկոսը ցանկութիւն էր յայտնել՝ որեւէ մէկին սպանելու: Սա՛ է այդ դիւապաշտական փառատօնի իրական հետեւանքը։
Շատ երեխաներ հաճոյք են զգում Հելոուինից, երբ վախեցնում են ուրիշներին: Իսկ ծայրայեղ դէպքերում երիտասարդները նոյնիսկ օգտագործում են Հելոուինի առիթը՝ մասնակցելու վնասարար բարբարոսութեանը, զանազան չարագործութիւններին ու անկարգութիւններին: Այս իմաստով արդեօ՞ք նրանք չեն ընդօրինակում հնագոյն չար ոգիներին, որոնց Սամհայնն ուղարկում է Հելոուինի օրը: Արդեօ՞ք մենք ուզում ենք, որ մեր երեխաները ներգրաւուած լինեն այդ երեկոյ, երբ ուրիշները դուրս են գալիս մարդկանց վախեցնելու ու չարութիւն գործելու: Արդեօ՞ք բազմաթիւ երեխաներ գաղտնաբար չեն հիանում Հելոուինի սարսափներով ու չարութիւններով, կախարդներով, վհուկներով, դեւերով, ոգեհմաներով, գերեզմաններով, դիակներով եւ այլ արգելուած բաներով: Արդեօ՞ք այս ամէնը ներդաշնակ է Պօղոս առաքեալի հետեւեալ խօսքերին. «Եւ վերջապէս, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարտութեամբ է, ինչ որ՝ պարկեշտութեամբ, ինչ որ՝ արդարութեամբ, ինչ որ՝ սրբութեամբ, ինչ որ՝ սիրով, ինչ որ՝ բարի համբաւով, ինչ որ՝ առաքինութեամբ, ինչ որ՝ գովութեամբ, ա՛յն խորհեցէք» (Փիլիպ. 4, 8)։
Արդեօ՞ք հնարաւոր է խուսափել ամէն տեսակի չարից, երբ մեր երեխաներին թոյլ ենք տալիս, որ Հելոուինի գիշերը մասնակից լինեն դեւերի կամ ուրուականների տարազների ցուցահանդէսին: Արդեօ՞ք հնարաւոր է չնմանակել կամ չարութեամբ չվարակուել՝ կրելով ու սովորելով ժամանակակից ու հնագոյն չար սովորութիւնների խորհրդանիշները: Արդեօ՞ք հնարաւոր է ոչ մի հաղորդակցութիւն չունենալ խաւարային ուժերի հետ ու դեռ մասնակցել Հելոուինին: Յովհաննէս առաքեալն ասում է. «Աստուած լոյս է, եւ նրա մէջ խաւար չկայ, բոլորովի՜ն չկայ: Եթէ ասենք, թէ հաղորդակցութեան մէջ ենք Նրա հետ, բայց քայլենք խաւարի մէջ, ստում ենք եւ ճշմարտութիւնը չենք կատարում» (Ա Յովհ. 1, 5-6): Հնարաւոր չէ՞ Հելոուինը, գոնէ որոշ իմաստով, համարել «քայլ խաւարի մէջ»: Արդեօ՞ք քրիստոնեայի համար Հելոուինին մասնակցութեան փաստն անարգանք չէ Աստծուն եւ յարգանք սատանայի գործերին: Եւ դարձեալ՝ Աստուած ի՞նչ է մտածում Իր այն զաւակների մասին, երբ նրանք ներգրաւուած են լինում սատանայապաշտների, հին հեթանոսական կրօնների սովորութիւնների ու խորհրդանիշների մէջ։ Կախարդներն ու վհուկները պնդում են, թէ Հելոուինը տարուայ իրենց մեծագոյն ու սրբազան օրն է, երբ այդ գիշեր տեղի են ունեցել ու դեռ կարող են տեղի ունենալ մարդկային զոհաբերութիւններ: Ի՞նչ կարող ենք անել, երբ տեսնում ենք, թէ սատանան միտումնաւոր ծաղրում է Աստծուն՝ երեխաների մասնակցութիւնը գործնականօրէն ներգրաւելով չարի խորհրդանշական գործունէութեան մէջ, որտեղ դիւական զօրութիւնները երկրպագում ու պատւում են սատանային: Սատանան, իհարկէ, լաւ գիտէ այդ խրախճանքի բոլոր խորհրդանիշների իմաստը: Աստուած էլ լաւ գիտէ սատանայի՝ մարդկանց կործանելու բոլոր հնարքները։ Ի՞նչ էք կարծում, Յիսուս ի՞նչ է մտածում Հելոուինի մասին: Եթէ Յիսուս Հոկտեմբերի 31-ի գիշերը յայտնուէր ձեր սենեակում, արդեօ՞ք Նա կը խրախուսէր, որ դուք կամ ձեր երեխաները մասնակցէին Հելոուինին: Յիսուս Ինքն է ասում. «Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար լաւ կը լինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախուի, եւ նա սուզուի ծովի խորքը» (Մատթ. 18, 6)։ Աստծու կամքն այն է, որ մենք մեր երեխաներին սովորեցնենք Քրիստոսի լոյսի ճշմարտութիւնը, այլ ոչ թէ Հելոուինի գիշերուան միանալու «անմեղ» թուացող դիւապաշտական խրախճանքներին: Մովսէս մարգարէն դիմում է իր ժողովրդին. «Տեսէ՛ք, ես ձեզ օրէնք ու կանոն սովորեցրի այնպէս, ինչպէս Տէրն ինձ պատուիրել էր, որպէսզի դրանք կիրառուեն այն երկրում, ուր մտնելու էք ու ժառանգելու այն։ Պահպանեցէ՛ք ու կիրառեցէ՛ք այդ պատուիրանները, որովհետեւ դրանց մէջ է ձեր իմաստնութիւնն ու խոհեմութիւնը բոլոր ազգերի առաջ, որոնք լսելով այս բոլոր օրէնքները՝ պիտի ասեն. «Ահաւասի՛կ մի իմաստուն ժողովուրդ, մի խոհեմ ու մեծ ազգ»։ Որովհետեւ այդ ո՞ր մեծ ազգն է, որի Աստուածն իր մօտ, իր մէջ է, ինչպիսին մեր բոլորի Տէր Աստուածն է, որին կարող ենք դիմել։ Եւ այդ ո՞ր մեծ ազգն է, որն ունի այնպիսի արդար օրէնքներ ու կանոններ՝ նման այս օրէնքներին, որ ես այսօր հաղորդում եմ ձեզ»։ «Նայի՛ր ինքդ քեզ եւ եղի՛ր չափազանց զգոյշ. մի՛ մոռացիր այն բոլոր բաները, որ տեսան քո աչքերը. քո կեանքի բոլոր օրերում քո սրտից թող դուրս չգան դրանք։ Դրանք կը հաղորդես քո որդիներին ու որդիների որդիներին» (Երկ. Օր. 4, 5-9): Այլ կերպ ասած՝ ճիշդ այնպէս, ինչպէս իսրայէլացիները, հնազանդուելով եւ ուսուցանելով Աստծու պատուիրանները, հաւատով փառաբանում էին Աստծուն եւ այդպէս վկայում իրենց շրջապատող այլազան ազգերի ու ցեղերի առջեւ։ Այդպէս էլ հաւատարիմ քրիստոնեաները կարող են դառնալ օրինակելի ու փրկարար ազդեցութիւն թողնելով իրենց մերձաւորների եւ այլոց վրայ՝ վկայել Աստծու Խօսքի, հոգեւոր կեանքը նորոգելու զօրութեան եւ ճշմարիտ Աստծուն երկրպագելու ու փառաբանելու մասին:
Պօղոս առաքեալը խրատում է մեզ, թէ պէտք է նմանուել Յիսուսին (Ա. Կորնթ. 11, 1: 4, 16): Կարո՞ղ ենք արդեօք նմանուել Յիսուսին, երբ մենք Հելոուինի գիշերը կրկնօրինակում ենք սատանային: Իսկ եթէ առաքեալն ապրէր մեր ժամանակներում, ի՞նչ էք կարծում, ի՞նչ պիտի ասէր Հելոուինի մասին: Այլ խօսքով, կարո՞ղ ենք մենք ձեւացնել, թէ կապ չունենք Հելոուինի հետ, երբ չենք կարող լիովին խուսափել նրանից: Եւ եթէ հնարաւոր չէ առանց մեղքի Հելոուինին մասնակից լինել, ելնելով այդ օրուայ բնոյթից ու հետեւանքներից, ապա ինչպէ՞ս կարող ենք տրամաբանօրէն կարծել, թէ ինչ-որ իմաստով մասնակից չենք այն բանին, ինչն իրականում ներկայացնում է այդ դիւական խրախճանքը:
Հիմնուելով այն ամէնի վրայ, ինչ մենք արդէն գիտենք Հելոուինի մասին, ըստ Պօղոս առաքեալի խրախուսական խօսքի, քրիստոնեայի համար լաւագոյն տարբերակը ժուժկալութիւնն է. «Ամէն ինչ ինձ թոյլատրելի է, բայց ամէն բան չէ, որ օգտակար է: Ամէն ինչ ինձ թոյլատրելի է, բայց ամէն ինչ չէ, որը հաւատը հաստատում է» (Ա. Կորնթ. 10, 23-24): Աստուած յաճախ թոյլ է տալիս, որ ձախողուեն այն մարդու գործերը, ով ճշմարտութիւնն ընդունելու փոխարէն հաւատում է ստին: Դրա համար էլ ասում է. «...դա ըստ հաւատի չէ, որովհետեւ ամենայն ինչ, որ հաւատից չէ, մեղք է» (Հռոմ. 14, 23): Շատ մարդիկ կարծում են, թէ Հելոուինին իրենց մասնակցութիւնն անմեղ է: Ասում են. «Ի՞նչ կայ դրա մէջ: Մենք, միեւնոյն է, չենք հաւատում այդ սովորութեանը կամ դիտաւորութեանը»: Սակայն Աստուածաշունչը կրկին ու կրկին մեզ զգուշացնում է չնմանակել չար սովորութիւնները եւ չընդօրինակել աշխարհի մեղսալի մշակոյթը:
Աստուածաշունչը մեզ նախազգուշացնում է. «Ինչ որ հեթանոսները զոհում են, դեւերին են զոհում եւ ոչ՝ Աստծուն: Չեմ ուզում, որ դուք դեւերին հաղորդակից լինէք» (Ա. Կորնթ. 10, 20): Դրա համար էլ պէտք է ճանաչել դիւական պատրանքներն ու խաբէութիւնները, որպէսզի դեւերին հաղորդակից չլինենք։ Հետեւաբար, աւելի լաւ ծանօթանալով Հելոուինին, հասկանում ենք, թէ յիրաւի այս տօնը խորապէս արմատաւորուած է դիւապաշտութեան եւ գաղտնագիտութեան մէջ: Այո՛, Հելոուինն այսօր էլ դեռ չի կորցնում իր իմաստը: Սա այն օրն է, երբ մարդիկ, յաճախ նոյնիսկ քրիստոնեաները, իրենց տներն են հրաւիրում դեւերին, կախարդութեանը, կռապաշտութեանը, սնահաւատութեանն ու գաղտնագիտութեանը: Աստծու խօսքը նաեւ սովորեցնում է, թէ մարդիկ, երկրպագելով կուռքերին, բարկացնում են Աստծուն. «Ինձ բարկացրին օտար աստուածներով եւ իրենց գարշելի գործերով դառնացրին ինձ: Ոչ թէ Աստծու, այլ դեւերի համար զոհեր էին մատուցանում, այն կուռքերի, որոնց չէին ճանաչում, որոնք նոր էին ու ժամանակաւոր, եւ որոնց չէին ճանաչում ձեր հայրերը» (Երկ. Օր. 32, 16:17): Հետեւաբար, մենք պէտք է խիստ ուշադրութիւն դարձնենք Տիրոջ հրամանին, որ ասում է (Պօղոս առաքեալի շուրթերով), թէ չի ուզում, որ մենք մասնակից լինենք հեթանոսական չար գործերին ու դիւապաշտական ծէսերին. «Ինչ որ հեթանոսները զոհում են, դեւերին են զոհում եւ ոչ՝ Աստծուն» (Ա. Կորնթ. 10, 20): Ուստի. «Անհաւատներին լծակից մի՛ եղէք, որովհետեւ ի՞նչ կապ ունի արդարութիւնն անօրէնութեան հետ. եւ կամ ի՞նչ յարաբերութիւն լոյսի եւ խաւարի միջեւ. եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առընչութիւն ունի հաւատացեալն անհաւատի հետ. կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ: Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք. ինչպէս ասաց Աստուած. «Պիտի բնակուեմ նրանց մէջ ու պիտի ընթանամ նրանց միջով եւ նրանց Աստուածը պիտի լինեմ, եւ նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը»,- ասում է Ամենակալ Տէրը» (Բ. Կորնթ. 6, 14-17):
Յիսուս Քրիստոս աշխարհ եկաւ, «որպէսզի իր մահուամբ կործանի նրան, ով մահուան իշխանութիւն ունէր, այսինքն՝ սատանային» (Եբր. 2, 14)։ Քրիստոնեաները պէտք է գիտակցեն, թէ մեր մեծագոյն թշնամին սատանան է, որ ներշնչում է աշխարհի ազգերին ու անհատներին մեղք գործել՝ նրանց արգելելով մօտենալու ճշմարտութեան լոյսին: Քանի որ գիտենք, թէ սատանան է մեր իրական թշնամին, մենք կարող ենք հոգեպէս առաջադիմել, «որովհետեւ մեր պատերազմը մարմնի եւ արեան հետ չէ, այլ՝ իշխանութիւնների հետ, պետութիւնների հետ, այս խաւար աշխարհի տիրակալների հետ եւ երկնքի տակ եղող չար ոգիների հետ» (Եփես. 6, 12)։ Աղօթե՛նք, որ Աստուած պարգեւի մեզ իմաստութիւն՝ հեռու մնալու դիւային այս տօնակատարութիւնից, եւ ամէն ինչում ու ամենուրեք փառք ու պատիւ բերենք մեր Տիրոջ Սուրբ Անուանը՝ հաւատալով, թէ՝ «Հոգին, որ ձեր մէջ է, աւելի մեծ է, քան նա, որ կայ աշխարհի մէջ» (Ա. Յովհ. 4, 4):
Մարդասէր ու բազումողորմ Աստուած թող մեզ շնորհի սէր, հաւատ եւ իմաստութիւն՝ այս աշխարհում ապրելու կատարեալ քրիստոնէական կեանքով, զգուշանալով սատանայի պատրանքներից, հեռու մնալով դիւական զօրութիւններից ու խաւարասէր գործերից եւ ամուր կառչելով անսկիզբ եւ անվախճան Աստծուն: Թող մեր Փրկիչ ու Տէր Յիսուսի Քրիստոսի լոյսն արտացոլուի մեր կեանքի բոլոր քայլերում, որին փա՜ռք ու պատի՜ւ յաւիտեանս. ամէն:
[1] Այդ օրերին մէկ արծաթ դահեկանը աշխատանքային մէկ օրուայ վարձն էր: Եթէ յիսուն հազար արծաթ դահեկանը վերածենք ամերիկեան դոլարի, ապա կը ստանանք աւելի քան կէս միլիոն դոլար:
Գևորգ սրկ. Գևորգյան
«Հելոուինը՝ զուարճա՞նք, թէ՞ դիւապաշտութիւն» գրքից