ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Արշալույս քրիստոնեության հայոց» գիտաժողովը

Մայիսի 19-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Արշալույս քրիստոնեության հայոց» գիտաժողովը։ Գիտաժողովին հայ գործընկերների հետ մասնակցում էին նաև գիտնականներ Լեհաստանից ու Ռուսաստանից։ Հյուրերի շարքում էր նաև Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևորական, լեզվաբան, պատմաբան և աստվածաբան Հայր Հովհաննես Գուայտան։

Ողջունելով ներկաներին` Սրբազան հայրն ի մասնավորի ասաց.

 

«Ահեղ գոչմամբ ուռն ի ձեռին Իջեալ յերկնից Միածին Որդին, Տեսանելով արթուն անուն Հայաստանեայց սուրբ Լուսաւորչին»: (Պաղտասար Դպիր)

Հարգարժա՛ն ներկաներ, ոսկե ուռնակի քրիստոնեակոչ զարկն է այսօր միաբանել այստեղ ամենքիս՝ ոգեկոչելու և արժևորելու Առաքելահաստատ մեր Սուրբ եկեղեցին ու քրիստոնեական հավատքի փրկատու զորությունը:

Աստվածային նախախնամությամբ հայոց աշխարհ եկած Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները դարձան մեր սուրբ նահատակների նախակարապետը: Ճշմարտության և Կենաց Խոսքի սերմնացանները բյուր անգամ պտղաբերեցին հոգու քաղցից տոգորված անդաստաններում: Աստված հավատաց հայի սիրուն, շնորհ արեց Արածանիում մկրտվելու և լուսավորչյան լույսն ու փրկչական ջահը հավերժ վառ պահելու սուրբ առաքելությունը: Անհավատության կռատները դարձան ծաղկած խաչեր ու խաչքարեր, Աստծուն փառաբանելու և մերձենալու զորեղ սրբավայրեր: «Ե՛վ թագավորի և՛ ամբողջ ժողովրդի հետ մեկտեղ սուրբ Գրիգոր Լուսավորիչ գնաց իսկույն, հասավ այն տեղը, ուր իրեն ցույց էր տրված հրեղեն սյունը ոսկի խարիսխի վրա և իսկույն բարձր պարսպով տեղը շրջափակեց ի պատիվ, դռներով ու փականքով ամրացրեց և կանգնեցրեց այնտեղ ևս փրկչական խաչի նշանը, որպեսզի առհասարակ ամեն ոք, որ այնտեղ հասնի, ամենազոր արարչին՝ Աստծուն երկրպագելով ծունկ դնի» (Ագաթանգեղոս): Ողջ քրիստոնյա աշխարհի համար աստվածասեր հայոց ազգը դարձավ որպես կենսատու հավատքի ռահվիրա:

Սիրելինե՛ր, թող այս գիտաժողովը, որ խոսուն վերտառություն ունի, ներկաներիս համար շնորհաբեր առիթ դառնա՝ լսելու երկնաշունչ և երկնաձիգ, վեհացնող ու գոտեպնդող ձայնն աղոթաթաթախ մեր գմբեթների, որոնք պատմում են մեր անպատմելի փառքը նախնյաց նահատակության, այդ գնով շահված մեր անմահության և չարի դեմ տարած մեր հաղթանակի: Թող Լուսավորչի՝ «Հայաստանյայց վերածնության հոր սուրբ գավազանը» մեզ միշտ ի փրկություն առաջնորդի՝ բարեխոսությամբ սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների և հավատքի համար նահատակված սրբերի: Եվ թող հայոց հավատքի հոր դարերի խորքից եկող ձայնը, որպես մշտամնա պատգամ, դառնա հայի հոգու կանչ և ոգեկոչում. «Եկայք շինեսցուք սուրբ զԽորանն լուսոյ. քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի»: Ամեն»:

Գիտածողովը նվիրված է հայոց պատմության առանցքային նշանակություն ունեցող հարցերից մեկին՝ Հայաստանում Առաքելական քարոզչության ժամանակաշրջանին` մինչև քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը։ Նպատակն է հայագիտության բնագավառում արձանագրված ձեռքբերումների, նոր բացահայտումների հիմնավոր քննությամբ անդրադառնալ պատմության և ավանդույթների ակունքներին, ճշտել առասպելաբանության ու պատմական շրջանակը, ներկայացնել Հայաստանի քրիստոնեացման նախադրյալները, պատմական նշանակությունը։ 

Գիտածողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ-ն, Երևանի պետական համալսարանը, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարանը՝ Երվանդ և Վերժին Մըսրլյանների հովանավորությամբ։

Երկօրյա գիտաժողովում նախատեսված է 26 զեկույց։ Բոլոր զեկույցներն ու ուսումնասիրությունները կտպագրվեն առանձին հրատարակությամբ։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

19.05.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․