Եգիպտացի հայրերից մեկը պատմեց. «Մի օր որոշեցի օտար տեղ գնալ և նստելով նավ` այնպես եղավ, որ եկանք Աթենք: Կամենալով քաղաք մտնել` տեսա մի ծեր մենակյացի, որ թիկնոց էր կրում և մի զամբյուղ ուներ`բաբելոնյան փականով, և մարդիկ էին գնում նրա հետ: Եվ երբ քաղաք մտավ, նրան դիմավորեց մարդկանց մի մեծ բազմություն և նրան (ամֆի) թատրոն մտցրին, իսկ ես հարցրի մեկին, թե ով է սա: Եվ նա ասաց. «Սա հեթանոսների մեջ փիլիսոփաներից մեծագույնն էր, սակայն դարձավ քրիստոնյա, վանք մտավ և դարձավ մենակյաց: Ահա տասնհինգ տարի անց եկել է քաղաք, դրա համար էլ գնում ենք, որ լսենք, թե ինչ է խոսելու»: Ես ևս գնացի նրանց հետ, որ լսեմ, թե ինչ է ասում: Եվ երբ եկան իշխանները, աղաչեցին նրան, թե. «Ասա՛ մեզ՝ ինչ ունես ասելու»: Նա նրանց առջև բերեց ապակե անոթ ու բացեց, որը լեցուն էր աղբով, և բոլորն սկսեցին ասել. «Ասա՛ մեզ՝ ի՞նչ է այդ»: Եվ այսպես ասաց. «Երկնի ներքո չկա այլ ազգ` ինչպիսին որ քրիստոնյաներն են, ոչ էլ այլ կարգ` ինչպիսին որ մենակյացներինն է, սակայն նրանց միայն սա է վնասում, որ բանսարկուն նրանց մեջ ոխ է գցում միմյանց հանդեպ, և ասում են, թե` նա ինձ ասաց, և ես նրան ասացի, և իրենց անսրբությունն ակներև են դարձնում, բայց և այնպես իրենք այն չեն տեսնում»: Բազմաթիվ մարդիկ, լսելով այս, գովեցին նրան և հեռացան:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016