Հնարավորությունը

Պատմում են, որ անձրևոտ մի օր բանաստեղծը շվարած շրջում է իր կիսաքանդ տան մեջ, նստում է աթոռին ու մտածմունքների մեջ ընկնում: Կիսաբաց դռնից ներս է մտնում մի օտարական և հարցնում. -Ճամփորդ եմ, կընդունե՞ս ինձ քո տանն իջևանելու այս գիշեր: Բանաստեղծը դառնացած քմծիծաղ է տալիս ու պատասխանում. -Կընդունեի, եթե իմ տունը կիսաքանդ չլիներ ու երդիկից անձրև չկաթար: Չունեմ որևէ հնարավորություն ու հարմարություն, որպեսզի քեզ ընդունեմ: Ճամփորդը շրջվում է և փորձում հեռանալ: Իսկ միայնակ մնացած մարդը խորասուզվում է մտքերի մեջ` լսելով իր տան ժամացույցի սլաքների աշխատանքը, բայց սթափվում է ու զարմանքից քարանում. ժամացույցը երկար տարիներ չէր աշխատում, սակայն ճամփորդի ներկայությունից կրկին սկսել էր աշխատել... Բանաստեղծն ասում է. -Սպասի´ր, մի´գնա, դու ո՞վ ես, որ քո ներկայությունից չաշխատող ժամացույցը կյանք առավ: Ճամփորդը նայում է մարդուն ու պատասխանում. -Նայիր շուրջդ ու կտեսնես, թե ինչքան շատ բան կա անելու, գործելու, փոխելու, չէ՞ որ դրանք քեզանից անհնարինություն չեն պահանջնում: Եվ ինչո՞ւ ես հնարավորությունները դրսում փնտրում: Երբ քո տան ներսի իրերը կարգավորես ու կարգի բերես, այդժամ կարող կլինես ինձ ընդունել և իմ անսահման հնարավորություններից օգտվել:

Աստվածաշունչն ասում է. «Աստծո արքայությունը ձեր ներսում, ձեր մեջ է» (Ղուկ. 17.21)

«Չգիտեք, որ Աստծո տաճար եք դուք, եւ Աստծո Սուրբ Հոգին է բնակվում ձեր մեջ » (Ա Կորնթ. 3.16):

 

Հովհաննես Մանուկյան

14.01.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․