3 Դեկտեմբեր, Գշ
Ծերերից մեկը պատմեց, թե ոմն սխոլաստիկ հնազանդ սպասավորում էր մի անապատականի և աղաչեց, որ մենակյաց դարձնի իրեն: Իսկ ծերն ասաց. «Գնա՛, վաճառի՛ր քո ունեցվածքը և տո՛ւր աղքատներին՝ ըստ Տիրոջ պատվիրանի, (Մատթ. ԺԸ 21, Մարկ. Ժ 21, Ղուկ. ԺԸ 22) և ե՛կ ինձ մոտ»: Սխոլաստիկը գնաց և այդպես արեց: Երբ եկավ, ծերն ասաց. «Քեզ պատվիրան եմ տալիս՝ բնավ չխոսել»: Իսկ նա հանձն առավ և այլևս չխոսեց: Իսկ ոմանք սկսեցին գովեստներով պատվել նրան: Աբբան նրան ասաց. «Այստեղ ոչնչով չես աճում, ե՛կ քեզ ուղարկեմ Եգիպտոս` միաբանների վանքը»: Նա ոչինչ չհարցրեց նրան խոսելու կամ չխոսելու մասին: Եվ կատարելով պատվիրանը` մնաց անխոս: Աբբան, որ ընդունել էր նրան, կամեցավ փորձել, թե արդյոք կխոսի՞, և ուղարկեց նրան գետի այն կողմը՝ գարնանային վարարումի պահին, որպեսզի եթե չկարողանա անցնել, ստիպված լինի խոսել: Հետևից ուղարկեց մի եղբոր` լռելյայն հետևելու, թե ինչ է անելու նա: Եվ երբ եկան գետի մոտ, և չկարողացավ անցնել, ծնկի իջավ աղոթքով, և իսկույն կոկորդիլոսը գալով՝ նրան գետի մյուս կողմն անցկացրեց: Եղբայրը վերադառնալով՝ պատմեց հորը կատարվածը, և բոլորը զարմացան: Ոչ շատ օրեր անց վախճանվեց սխոլաստիկը, և աբբան անապատականին լուր ուղարկեց և ասաց. «Եղբա՛յր, թեպետ և մեզ մոտ ուղարկեցիր այս անխոս (համր) եղբորը, սակայն Աստծո հրեշտակ էր»: Իսկ անապատականը պատասխանեց. «Ոչ թե անխոս էր, այլ պատվիրանը կատարեց, իրականում` հունաց ճարտարախոս ատենադպիր էր»: Այս լսելով՝ զարմացան և փառք տվեցին Աստծուն:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016