Գնացինք մեր սուրբ հայր Սաբայի վանքը` աբբա Աթանասիոսի մոտ, և ծերը մեզ պատմեց ու ասաց. «Երբ ես Պենթուկլայի միաբանների մեջ էի, Կոնոն անունով մեկը կար` ծնունդով Կիլիկիայից, մկրտության քահանա (կատիշիտիտ), որովհետև որպես մեծ ծերի` պատվիրեցին նրան մկրտություն կատարել: Եվ նա օծում և մկրտում էր ամենքին, ով գալիս էր հավատքի, իսկ կանանց օծելիս գայթակղվում էր, ուստի մտածեց հեռանալ վանքից: Եվ երևալով նրան սուրբ Հովհաննեսը` ասաց. «Համբերի՛ր, և ես կթեթևացնեմ քո պատերազմը»: Եվ մի պարսիկ աղջիկ պատահեց` գեղեցիկ տեսքով, որ եկավ մկրտության, և այդպիսի գեղեցկությունից խույս տալով` քահանան չկամեցավ նրան մերկ վիճակում օծել սուրբ յուղով և երկու օր հապաղում էր: Լսեց այդ Պետրոս արքեպիսկոպոսը և դրա վրա ապշած` կամեցավ նրան մի սարկավագուհի կցել: Իսկ քահանան հրաժարվեց և ասաց. «Չեմ կարող այլևս այս տեղում համբերել»: Եվ մինչ գնում էր դեպի լեռը, հայտնվեց նրան սուրբ Հովհաննես Մկրտիչն ու հեզ ձայնով ասաց. «Դարձի՛ր, դարձի՛ր նորից քո վանքը, և ես կվերցնեմ քեզնից պատերազմը»: Այնժամ հայր Կոնոնը զարմացած ասաց նրան. «Բազում անգամ ինձ խոստացար և չկատարեցիր»: Սուրբ Հովհաննեսը, բռնելով նրան, նստեցրեց իր կողքին և հանդերձի տակից խաչակնքելով նրա կուրծքը` ասաց. «Հավատա՛ ինձ, քահանա՛, սիրով կամենում էի, որ դու քո վարձն ստանայիր այդ պատերազմից, բայց քանի որ չես կամենում` ահա վերցրի քեզնից այդ պատերազմը, և այս գործից վարձ չունես այլևս»: Եվ վերադառնալով միաբանություն` ծերը երրորդ օրը օծեց և մկրտեց պարսկուհուն և ամենևին չզգաց, թե կին է: Այնուհետև օծում էր ու մկրտում, և այլևս ցանկություն չէր առաջանում նրա մեջ: Այսպես վախճանվեց խաղաղությամբ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016