Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Ոմն եղբայր հարցրեց մի ծերի և ասաց. «Աստծո առաջ անո՞ւնն է մեծ` մյուսների շինության համար, թե՞ ծածուկ գործերը»: Եվ ծե­րը նրան ասաց. «Ես մի եղբոր գիտեմ, որը միշտ խնդրում էր Տիրոջը՝ ցույց տալ մի արժանավոր հոգի, երբ այն դուրս է գալիս մարմնից և նրա դուրս գալու կերպը: Լսեց նրա խնդրանքը Տերը և ուղարկեց իր շնորհը՝ ցույց տալու հետևյալը. տարավ նրան մի քաղաքի մոտ, իսկ քաղաքի եզրին մի վանք կար, իսկ վանքում` մի անվանի ծեր, որին մահվան ցավն էր տիրել: Նա լսեց, որ ողջ քաղաքն ասում էր. «Վա՜յ մեզ, եթե մեռնի այն սուրբը, որի շնորհիվ Աստված մեզ պահում ու կե­րակրում էր. նրանից հետո ի՞նչ կլինի մեզ հետ»: Եվ տեսավ եղբայրն Աստծո հրեշտակին` կանգնած այն անվանի մարդու կողքին` երեք­ սայրի սուրը ձեռքին, և Աստված նրան ասաց. «Խփի՛ր դրան անխնա, որովհետև մեկ ժամ անգամ չկարողացա հանգչել դրա մեջ»: Հրեշտա­ կը հարվածեց նրա սրտին, և երեք օր հետո մեռավ բազում տանջանքներով: Ապա եղբայրը մտավ քաղաք և տեսավ այնտեղ մի օտարական աղքատի` փողոցում ընկած, իսկ Գաբրիելն ու Միքայելը նստած էին նրա աջ ու ձախ կողներում և ուզում էին առնել նրա հոգին, բայց հո­գին առանց ցավերի չէր թողնում մարմինը: Եվ Միքայելն ասաց Գաբ­րիելին. «Ի՞նչ անենք, որովհետև հրաման չունենք սրա հոգին տան­ջանքներով վերցնելու»: Եվ Գաբրիելը գոչեց առ Աստված, թե ինչ կհրամայի: Եվ Աստված ասաց. «Հիմա կառաքեմ Դավթին և իմ բոլոր երգողներին, որպեսզի նրանց ձայների քաղցրությամբ թողնի մարմի­նը»: Եվ իսկույն իջան բազում զորություններ` անճառելի երգերով, և աղքատն ավանդեց հոգին»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

21.02.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․