Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Աբբա Պետրոսի վանքում` Սուրբ Հորդանանին մոտ, մի ծեր էր բնակվում` Նիկողայոս անունով, որը պատմեց մեզ հետևյալը. «Երբ Հռայիթում էի բնակվում, մի անգամ երեք եղբայրներով ուղևորվե­ցինք դեպի Թեբայիդ, և անապատով ընթանալիս մոլորվեցինք ճանա­պարհին և շեղվեցինք դեպի անբնակ վայրեր: Սաստիկ ծարավելով՝ մի ամբողջ օր ջուր չգտանք. սկսեցինք պապակել այն աստիճան, որ ծարավից ու խորշակից խեղդվելով` չէինք կարողանում քայլել: Անա­պատում մի մոշի թուփ գտանք, և մեզնից յուրաքանչյուրը ապաստա­նեց նրա ստվերի տակ, և կարծում էինք` կմեռնենք: Եվ երբ ննջեցինք, հրաշք կատարվեց մեզ հետ: Տեսա մի ջրհոր՝ ջրով լի, որից ջուրը հոր­դում էր, և ջրհորի կողքին երկու հոգի կային՝ փայտյա բաժակներով: Ես սկսեցի աղաչել նրանցից մեկին և ասացի. «Գթասի՛րտ եղիր, տե՛ր իմ, մի քիչ ջո՛ւր տուր ինձ»: Եվ մյուսին նույնպես սկսեցի աղաչել ու ասել. «Գթասի՛րտ եղիր, տե՛ր իմ, ինձ ջո՛ւր տուր մի քիչ, քանզի նվա­ղած եմ ծարավից»: Իսկ նա չէր կամենում շնորհել: Ասաց նրան մյու­սը. «Տո՛ւր նրան մի փոքր»: Իսկ նա ասաց. «Չե՛նք տա նրան, քանզի շատ ծույլ է, բայց միայն օտարական լինելու համար կտանք նրան»: Այդպես ինձ ջուր տվեցին, և ես էլ տվեցի նրանց, որ ինձ հետ էին: Եվ իսկույն զորացանք և գնացինք երեք օր ու այլևս չխմեցինք` մինչև տեղ հասանք»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

24.10.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․