Պահեցողության շրջանում քրիստոնյայի հոգու ամրությանն է ուղղված նաև հոգևոր ճամփորդությունը՝ ուխտագնացությունը: Հավատավոր անձի համար թանկագին մի պարգև է անցնել մի ճանապարհ, որ տանում է դեպի Աստծո տուն: Այդ լուսավոր ուղիներն աստիճանաբար մոտեցնում են անձին Աստծո ներկայությունը վայելելու կատարյալ ուրախությանն ու երջանկությանը:
«Ինձ ցույց տվիր կյանքի Քո ճանապարհները, Քո աջի քաղցրությունից ու վայելչությունից լիովին հագեցրիր ինձ երեսիդ ուրախությամբ»,- ասում է սաղմոսերգուն (Սաղմոս 15:11):
Այդ թանկագին պարգևն ու ուրախությունն իրենց հոգում՝ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը՝ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, փետրվարի 27-ին երկար ճանապարհ անցավ՝ մեկնելով ուխտագնացության Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցի, Արդվիի Սբ. Հովհաննես վանք, լինելով նաև «Օձի պորտ» կոչվող աղբյուրի մոտ: Ուխտավայրերն ընտրվել էին օրվա սրբերի՝ Երուսաղեմի Սբ. Հովհան Հայրապետի, հայոց Սբ. Հովհաննես Օձնեցի Հայրապետի, Սբ. Հովհան Որոտնեցի և Սբ. Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության համաձայն:
Վաղ առավոտյան ուխտավորներն իրենց ուղին սկսեցին «Տերունական աղոթք»-ով, ապա ընդհանրական աղոթքներից՝ Արևագալի ժամերգության սաղմոսների, շարականների, մաղթանքների, քարոզների և աղոթքների հնչմամբ շարունակեցին իրենց ճանապարհը՝ ծանոթանալով նաև օրվա հիշատակվող սրբերի վարքագրությանը: Հասնելով Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցի՝ ուխտավորները մասնակցեցին Ճաշու երեք ժամերգություններին, որ, սովորաբար, Մեծ պահքի շրջանում մինչ Սբ. Պատարագն են անցկացվում: Պատարագիչը՝ Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն իր շնորհակալությունը հայտնեց ուխտավորներին, որ աղոթակից եղան իրենց այս սուրբ կամարների ներքո: Ապա անդրադարձավ Սբ. Հովհաննես Իմաստասեր Օձնեցու ուսուցողական վարքին, գործունեությանը և «Օձի պորտ» կոչվող աղբյուրի պատմությանը: Տեր Հայրը մաղթեց, որ սրբերի բարեխոսությամբ, Աստված բոլորի ուխտն ընդունելի անի, առավել զորացնի հավատքի մեջ, հավիտենական կյանքի անսասան հույսը տա և սիրով լիացնի մարդկանց ու Աստծո հանդեպ:
Սբ. Պատարագի ավարտին, ուխտավորները եկեղեցու բակում սիրո ճաշ ունեցան, ապա շարունակեցին իրենց ուխտուղին դեպի Արդվին, ուր Սբ. Հովհան Օձնեցի հայրապետի աճյունն է ամփոփված: Արդվիի Սբ. Հովհաննես վանքում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը մասնակցեց Հանգստյան ժամերգությանը և օրվա հիշատակելի հայրապետների և վարդապետների բարեխոսությամբ՝ աղոթք բարձրացրեց առ Աստված Հայ եկեղեցու հոգևորաց դասի համար:
«Մեր աղոթքն է, որպեսզի Տերն Իր կողմից սուրբ ծառայության կոչված սպասավորներին, ուժ, կարողություն տա՝ ամրանալու իրենց ուխտի մեջ և հովվելու իրենց հանձնված հոտը: Առանձնահատուկ ուրախություն է հոգու խորքում ունենալ մեր հայրապետների և վարդապետների լուսավոր կերպարները, նրանց բարեխոսությանը դիմել, և այդ ուրախությունը կրկնապատկել՝ ձգտելով այն հոգու գեղեցկությանը, որ ունեին իրենք»,- ասաց Տեր Գրիգորը:
Ուխտավորներից 11-ամյա Ալեքսը մասնակցել է ուխտագնացությունների, բայց Օձունում առաջին անգամ էր: Աստծո տունն իր համար աղոթելու և Նրա օրհնությունը ստանալու մի վայր է:
Ռուզաննան նույնպես չէր եղել Օձունում. «Տպավորված եմ բնությամբ, եկեղեցու շնչով և ոգով, նույնիսկ եկեղեցու բակի այս կանաչ եղևնին է ինձ համար այլ խորհուրդ ստացել: Այս բազմադարյան սրբավայրն ինձ ուժ և հոգու հանգստություն պարգևեց»,-ասաց նա:
«Ուրախ եմ, որ Մեծ պահքի այս շրջանում տարվա առաջին ուխտագնացությամբ արժանի եղա այս սրբավայրում մասնակից լինել բաց Պատարագի՝ հաղորդվելով Տիրոջ Մարմնին և Արյանը, ինչպես նաև՝ Սբ. Հովհան Օձնեցու բարեխոսությունը խնդրել՝ այցելելով նրա գերեզմանին»,-ասաց ուխտավորներից Սիմոնը:
Ուխտագնացությունը մեծ ուրախություն էր պարգևել ուխտավորներին: Եկեղեցու հայրերից մեկն ասել է, որ մենք երջանիկ ենք արդեն նրանով, որ պատկանում ենք Քրիստոսահիմն եկեղեցուն, որ սովորեցրել է մեզ աղոթել, որ բացահայտել է մեզ համար իմաստությունը և շարունակում է տեսանելի ու անտեսանելի կերպով ուղղորդել մեզ դեպի Ճանապարհ, Ճշմարտություն և Կյանք:
Կարինե Սուգիկյան