22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Մայիսի 18-ին, «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի շրջանակներում, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը հանդիպեց և զրույց ունեցավ Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոցի 10-ի «Բ» հումանիտար դասարանի աշակերտների հետ: Դպրոցականներն եկեղեցի էին այցելել դասղեկի՝ Կարինե Թարսյանի և անգլերենի մանկավարժ Հռիփսիմե Մարգարյանի ուղեկցությամբ: Մինչ դպրոցականների այցը եկեղեցի, նույն ծրագրի շրջանակներում, Տեր Հայրն ամիսներ առաջ այցելել էր դպրոց՝ բանախոսություններ անցկացնելով դպրոցականների և նրանց ծնողների հետ:
Տեր Հոր գլխավորությամբ դպրոցականները եկեղեցում Տերունական աղոթքն ասացին, ապա եկեղեցու բակում ազատություն թեմայի վերաբերյալ հոգեշահ զրույց ծավալվեց: «Ազատությունն Աստծո կողմից մարդուն տրված մեծագույն շնորհ է: Աստվածապարգև ազատության մեջ ապրող անձը պետք է կարողանա իրեն դրսևորել որպես քրիստոնյա՝ ազատությունը դարձնելով ոչ թե մեղանչելու, այլ Աստծո կամքը կատարելու հնարավորություն: Առանց սահմանափակման ազատությունը չի դրսևորվում, ուստի ազատության մեջ գտնվողի համար կարևոր է սահմանափակումները: Ազատության սահմանափակումները աստվածային պատգամներն ու պատվիրաններն են, իսկ ազատության սահմանը մինչև մեղքն է»,- մասնավորաբար նշեց Տեր Վահանը, հորդորելով երիտասարդներին, որ իրենց ազատությունը, ավյունն ու եռանդը հավատքի կյանքի վերածելով՝ դառնան Հայ եկեղեցու արժանի զավակները:
Հարց ու պատասխանի ժամանակ Տեր Հայրն անդրադարձավ նաև քրիստոնյայի նկարագրին և այն ժողովրդական սովորություններին, որ սխալ ընկալում են ստացել մեր միջավայրում:
«Ուրախալի է տեսնել դպրոցականների մեծ ցանկությունը եկեղեցի այցելելու և հոգևորականի հետ զրուցելու: Իրապես, երեխաները հոգևորականի հետ զրույցի կարիքն ունեն, նրանք իրենց հուզող մի շարք հարցերի պատասխաններն ստացան Տեր Հորից: Հոգևորականների հետ հանդիպումներից հետո աշակերտների մոտ նկատում ենք դրական փոփոխություններ: Եկեղեցի այցով մեր աշակերտներն իրենց մեջ ամրագրեցին նաև հոգևորականին ողջունելու և եկեղեցի այցելելու կանոնները»,- ասաց Հռիփսիմե Մարգարյանը:
Նշենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, ԵՀԽ Կլոր Սեղան հիմնադրամի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ, 2010 թվականից սկսյալ՝ իրականացնում է «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագիրը, որ նպատակ ունի ընտանիք-դպրոց-եկեղեցի համագործակցության միջոցով նպաստել ընտանիքների առջև ծառացած արդի հիմնախնդիրների հաղթահարմանը:
Կարինե Սուգիկյան