Աստված մարդուն արարել է Իր պատկերի ու նմանության համաձայն, այսինքն՝ սուրբ և անբիծ: Ուստի յուրաքանչյուրի պարտքն է իր մարմինն անարատ պահել, քանի որ այն Սուրբ Հոգու տաճար է: Տասը պատվիրաններից «Մի՛ շնացիր»-ը (Ելք 20:14), արգելում է անառակ ցանկություններն ու անպատկառ խոսքերը, քանի որ պիղծ խորհուրդներով, անպարկեշտ վարք ու բարքով, մանավանդ շնությամբ ու անառակությամբ կորցնում ենք ոչ միայն մարմնի, այլ նաև հոգու սրբությունը, քանի որ այս ախտն արատավորում է ոչ միայն մարմինը, այլև հոգին:
Շնության մեղքը նախ մտքում է ծնվում, երբ մարդը թույլ է տալիս իրեն անմաքուր մտքեր, անպատկառ նայվածքներ: Մեր Տեր Հիսուս Քրիստոս շնություն է անվանում ոչ միայն այս ախտի մարմնավոր իրագործումը, այլև մտքով ցանկանալն իսկ. «Լսել եք, թե ինչ է ասվել. «Մի՛ շնանա»: Իսկ Ես ասում եմ ձեզ, թե ով որ ցանկությամբ նայի որևէ կնոջ, արդեն իսկ իր սրտում շնություն արած կլինի նրա հետ» (Մատթ. 5:27-28): Ուրեմն ոչ միայն մարմնապես, այլ նաև հոգեպես պետք է հեռու մնալ շնությունից:
Ամուսնության միությունը սկզբնապես հաստատել է տիեզերքի Արարիչը և օրհնել այն: «Այդ իսկ պատճառով տղամարդը, թողնելով իր հորն ու մորը, պետք է միանա իր կնոջը, և երկուսը պետք է լինեն մի մարմին» (Ծննդոց 2:24): Բայց այն, ինչ ամուսնության մեջ օրհնված է, համարվում է մեղք ամուսնությունից դուրս: Ընտանիքի միությունը տղամարդուն և կնոջը միավորում է «մեկ մարմնի մեջ» (Եփես. 5:31)՝ փոխադարձ սիրո, երեխաների ծննդյան և դաստիարակության համար: Սակայն Աստվածաշունչը նաև ասում է, որ պոռնկության մեջ էլ են մարդիկ միավորված «մեկ մարմնով», բայց միայն մեղքով և անօրենությամբ: «Չգիտե՞ք, որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են: Ի՞նչ է, Քրիստոսի անդամներն առնելով՝ պոռնիկի անդամնե՞ր դարձնենք: Բնա՛վ: Չգիտե՞ք, որ ով միանում է պոռնիկին, նրա հետ մեկ մարմին է կազմում, որովհետև գրված է. «Երկուսը մեկ մարմին պիտի լինեն»» (Ա Կորնթ. 6:15-16): Ըստ առաքյալի՝ կորնթացիներին ուղղված թղթի. «Նրանք, որ պոռնկություն են անում կամ կռապաշտ են կամ շնացող, իգացող, արվամոլ, գող, ագահ, գինեմոլ, բամբասող կամ հափշտակող, Աստծո Արքայությունը չեն ժառանգելու» (Ա Կորնթ. 6:9-10):
Ամենասարսափելի և ամենավտանգավոր հիվանդությունները, որոնք հայտնի են բժշկությանը, շնության պատճառով առաջացած հիվանդություններն են: Սարսափելին այն է, որ շնացողն իրեն վնասելուց բացի, վնասում է նաև իր երեխային, շատ հիվանդություններ ժառանգում են շնացողների երեխաները և ոչ միայն երեխաները, այլև՝ թոռները, նույնիսկ ծոռները: Այս մեղքը հող է ստեղծում ուրիշ ծանր մեղքերի՝ սպանության, գողության և այլնի: Այս չարիքից մարդու հոգևոր ուժերը թուլանում են, մարդն ընկնում է հիասթափության մեջ և այլևս ընդունակ չէ որևէ լուրջ աշխատանքի: Մեղքի հետևանքով մարդը կորցնում է զգաստ դատողությունն ու խիղճը, բնավորությունն ամբողջությամբ փոխվում է, սկսում է անձնատուր լինել ամեն տեսակի մոլությունների՝ հարբեցողության, բամբասանքի, ստի և այլն: Նրա մոտ առաջանում է սարսափելի ատելություն ամեն բարիի նկատմամբ: Ատում է բոլոր օրենքները՝ լինի մարդկային, թե աստվածային: Այս մասին Սուրբ Գիրքն ասում է. «Գինին և կանայք այլասերում են ողջախոհ մարդկանց, իսկ անառակներին կապվողը դառնում է հանդուգն» (Սիրաք 19:2): Ըստ եկեղեցու հայրերի՝ այն ազգը, որի երիտասարդները տրվում են «ազատ սիրուն», չունի ապագա և նման ազգը ժամանակի ընթացքում կունենա թույլ, մտազուրկ և խեղված սերունդ:
Հայ նշանավոր վարդապետ և մատենագիր Հովհաննես Երզնկացին հավաստիացնում է. «Շնության մեղքի պատճառով բազմաթիվ պատուհասներ են լինում երկրի վրա՝ սով ու ժանտախտ, գերություն ու սպանություն, երկրաշարժ ու հրդեհ. և եթե ետ չդառնան այս չարիքներից, այնպիսինները պատճառ են աշխարհի կործանման, ավերման և արյունահեղության»:
Յոթերորդ պատվիրանի դեմ ծանր մեղք է համասեռամոլությունը: Մարդկության պատմության անցյալը թերթելով՝ տեսնում ենք, թե ինչ սարսափելի պատիժներ են կրել այս մեղքը գործող ազգերը: Սուրբ Գրքում խոսվում է երկու քաղաքների՝ Սոդոմի և Գոմորի անկման մասին, որտեղ անհնար էր գտնել անգամ տասը արդար մարդ: Սեռական այլասերվածության և շնության մեղքի պատճառով Աստված կրակով ու ծծումբով այրեց այդ քաղաքները, և երկուսն էլ անմիջապես ոչնչացան:
Այս պատվիրանով Աստված պատվիրում է ամուսիններին պահպանել փոխադարձ հավատարմությունը, իսկ չամուսնացածներին լինել առաքինի՝ մաքուր գործով, խոսքով, մտքով և ցանկությամբ: Յոթերորդ պատվիրանը չխախտելու համար պետք է խուսափել այն ամենից, ինչն արատավոր զգացումներ է առաջացնում, ինչպիսիք են՝ պիղծ լեզուն, անվայելուչ անեկդոտները, երգերն ու պարերը, գայթակղիչ ֆիլմեր և լուսանկարներ դիտելը, անվայելուչ ամսագրեր կարդալը: Շնության ախտի առաջացման անմիջական պատճառներից են արբեցությունը, որկրամոլությունը, ծուլությունը, շվայտությունը, որոնցից նույնպես պետք է զգուշանալ:
Անմաքուր ցանկություններից խուսափելու համար անհրաժեշտ է մեղսալից մտքերը հենց սկզբից կասեցնել և թույլ չտալ, որ դրանք արմատ գցեն մեր սրտում, իշխեն մեզ, մեր զգացումների և կամքի վրա: «Եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանի՛ր և դե՛ն գցիր այն, որովհետև նախընտրելի է, որ քո անդամներից մեկը կորցնես, քան թե քո ամբողջ մարմնով դժոխք նետվես» (Մատթ. 5:29),- հորդորում է Քրիստոս Իր հետևորդներին, իսկ Պողոս առաքյալն էլ իր հերթին խրատում է «Եղբայրնե՛ր, խորհեցեք ա՛յն բաների մասին, որոնք ճշմարիտ են, պարկեշտ, արդար, մաքուր, սիրելի, բարեհամբավ, առաքինի և գովելի» (Փիլիպ. 4:8):
Սուրբ Գիրքը զգուշացնում է. «Հեռո՛ւ փախեք պոռնկությունից: Մյուս բոլոր մեղքերը, որ մարդ գործում է, կապ չունեն նրա մարմնի հետ. բայց ով պոռնկություն է անում, իր մարմնի դեմ է մեղանչում» (Ա Կորնթ. 6:18): Աստված դատապարտում է շնացողներին և պոռնկություն անողներին և պատգամում պատվել ամուսնությունը և սուրբ պահել ամուսնական կապը (Եբր. 13:4): Մենք պետք է պահպանենք մեր բարոյական մաքրությունը, քանի որ մեր մարմինները «Քրիստոսի անդամներն են և Սուրբ Հոգու տաճարները» (Ա Կորնթ. 3:16):
Աստծո Որդին Իր երկրային կյանքի ընթացքում Իր օրինակով ցույց տվեց, թե ինչպես պետք է կատարել պատվիրանները: Սինա լեռան վրա Աստծո կողմից տված բոլոր պատվիրանները մեկ նպատակի շուրջ են միավորված. մարդը պետք է ձգտի սրբության, քանի որ ստեղծվել է Աստծո պատկերով և նմանությամբ, այսինքն՝ պետք է ձգտի նմանվել Աստծուն: Աստծուն նմանվել՝ նշանակում է սիրել մարդուն, ով համարվում է Աստծո պատկերը: Այս մասին Սուրբ Գիրքն ասում է. «Սիրելինե՛ր, սիրենք միմյանց, որովհետև սերն Աստծո պարգևն է. ով սիրում է, նա ծնված է Աստծուց և ճանաչում է Աստծուն… Այն մարդը, որ ասում է՝ «Ես սիրում եմ Աստծուն», բայց ատում է իր եղբորը, ստախոս է: Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսնում» (Ա Հովհ. 4:7,20): Այսպիսով, միայն մարդկանց սիրելու միջոցով է, որ մենք սովորում ենք Աստծուն սիրել:
Սուրբ Գրքում մեր և Աստծո մասին ասվում է. «Եթե գործադրենք Աստծո պատվիրանները, այն ժամանակ միայն կիմանանք՝ ճանաչո՞ւմ ենք Նրան, թե՞ ոչ: Ով ասում է՝ «Ես ճանաչում եմ Նրան», բայց չի կատարում Նրա պատվիրանները, սուտ է խոսում, և նրա մեջ ճշմարտություն չկա» (Ա Հովհ. 2:3-4): Մեր Տերն Իր մասին ասել է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհ.14:6): Բոլոր այն մարդիկ, որոնց մեջ չի գտնվի Ճշմարտությունը, չեն մտնի հավերժական կյանքի պայծառ ու երկնային աշխարհ: Աստված առաջադրում է մարդուն ընթանալ մաքրության և առաքինության ուղով, որը տանում է դեպի իրական սեր և դրախտային երանություն:
Կազմեց Գայանե Սուգիկյանը