Հոգու փրկության պայմանները

Աստվածաշունչը օգտակար է մեզ համար. «Սուրբ Գրքի ամեն մի գիրք աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ և պատրաստ՝ ամեն տեսակ բարի գործերի»

(Բ Տիմ. 3:16-17): Աստվածաշունչը Աստծո շնչով գրված գիրք է, որի նպատակը մարդու հոգու փրկությունն է: Մարդն աստվածաշնչական պատվիրանների գործադրության միջոցով կփրկի իր հոգին՝ կժառանգի Հավիտենական կյանքը՝ Երկնքի արքայությունը:

Մարդու հոգու փրկությունը ունի որոշ պայմաններ և ոչ մի պայման՝ հավատքը,  ինչպես ասում են աղանդավորները, բողոքականները, մոլորված քարոզիչները իրենց ճառերում: Որպեսզի մարդ արարածը իր երկրավոր կյանքից հետո՝ իր ֆիզիկական մահից հետո  ժառանգի Երկնքի անբացատրելի արքայությունը, պետք է Երկինք գնալու պայմանները լավապես իմանա և դրանց համար տքնաջան աշխատի՝ գործադրելով իր կյանքում: Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մարդու հոգու փրկության պայմաներն են․

Հավատքը: Հավատքը մարդու հոգու փրկության առաջին պայմանն է և ոչ միակը: Հավատքը 1. 

մեղքերի մեջ չմեռնելու. «Բայց արդեն ասացի ձեզ, որ ձեր մեղքերի մեջ պիտի մեռնեք. եթե չհավատաք, որ ես եմ, ձեր մեղքերի մեջ պիտի մեռնեք» (Հովհ. 8:24), 2. մեղքերի թողություն ստանալու. «Բոլոր մարգարեները նրա մասին վկայում են, որ բոլոր նրան հավատացողները նրա անունով մեղքերի թողություն կստանան» (Գործք. 10:43), 3. չդատապարտվելու. «Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն իսկ դատապարտված է, քանի որ Աստծու միածին Որդու անվանը չհավատաց» (Հովհ. 3:18), 4. փրկվելու. «Նրանք ասացին. «Հավատա՛ Տեր Հիսուս Քրիստոսին, ու կփրկվեք դու և քո տունը» (Գործ. 16:31), 5. հավիտենական կյանք ընդունելու. «Քանզի Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը»  (Հովհ. 3:16) պայմաններից մեկն է:

Մկրտությունը: Մկրտությունը մարդու հոգու փրկության երկրորդ քայլն է: Մկրտությամբ 1.  քավվում է մեզնից սկզբնական մեղքը․ «Եւ արժանի՝ արա զսա ի ձեռն սուրբ Աւազանին լուանալ զհնութիւն մեղաց մերոց» (Մաշտոց), 2. դառնում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ, 3. լինում ենք որդեգիր երկնավոր Հոր Աստծո և Սուրբ Հոգու Տաճար. «Ընդունի զորդերգութիւն Հօրն երկնաւորի, լինել ժառանգակից Քրիստոսի Եւ տաճար Հոգւոյն Սրբոյ» (Մաշտոց):   

Մկրտությունից հետո է, որ կկարողանանք ստանալ հոգու փրկության այլ պայմանները՝ ապաշխարությունն ու հաղորդությունը: Մկրտությունից հետո է, որ կարող ենք պսակվել, ստանալ քահանայության կարգը, հիվանդաց կարգը կամ Վերջին օծումը:

Մկրտությունը մեղքերի թողություն ստանալու. «Պետրոսը դարձավ նրանց ու ասաց. «Ապաշխարե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողության համար, որով պիտի ընդունեք Սուրբ Հոգու պարգևը» (Գործք. 2:38), փրկվելու. «Ով հավատա և մկրտվի, կփրկվի, իսկ ով չհավատա, կդատապարտվի» (Մարկ. 16:16), Աստծո Արքայությունը մտնելու. «Հիսուսը պատասխան տվեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծու արքայությունը մտնել» (Հովհ. 3:5) պայմաններից մեկն է:

Դրոշմը: Ղպտի Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Շենուդա Գ Պատրիարքը բացատրում է, որ Դրոշմը հոգու փրկության պայմաններից մեկն է՝ ասելով. «Առանց դրա՝ Դրոշմի մենք չենք կարող փրկվել, քանի որ մեր ողջ հոգևոր կյանքը մեր կամքի արձագանքն է մեր մեջ Սուրբ Հոգու ներգործության։ Ձեր հոգևոր կյանքը ամենևին էլ կախված չէ ձեր մարդկային բազուկից, այլ ավելի Սուրբ Հոգու ընկերակցությունն է: Որպեսզի իմանանք Սուրբ Հոգու կարևորությունը (Դրոշմը) քո փրկության համար, մենք հարց ենք տալիս՝ կարո՞ղ ես հոգևոր կյանքով ապրել առանց քո մեջ Սուրբ Հոգու աշխատանքի: Կարո՞ղ եք քայլել փրկության ճանապարհով, առանց Սուրբ Հոգու աշխատելու ձեզ հետ: Անհնար է։ Այսպիսով, Դրոշմը  անհրաժեշտ է: Հետևաբար, առաքյալները հետաքրքրված էին Սուրբ Հոգու պարգևով հավատացյալին, և նրանք սկզբում ստացան այն առաքյալների ձեռքերը դնելով, նախքան Դրոշմի գործածությանը». «Երբ Երուսաղեմում գտնվող առաքյալները լսեցին, թե Սամարիայում էլ են ընդունել Աստծու խոսքը, նրանց մոտ ուղարկեցին Պետրոսին և Հովհաննեսին,  որոնք, իջնելով, աղոթում էին նրանց համար, որպեսզի ստանան Սուրբ Հոգին.  քանի որ մինչ այդ նրանցից և ոչ մեկի վրա Սուրբ Հոգին դեռ չէր իջել, այլ միայն մկրտվել էին Տեր Հիսուսի անունով։ Այն ժամանակ ձեռքերը նրանց վրա դրեցին, և նրանք ստացան Սուրբ Հոգին» (Գործք. 8:14-17):

Ապաշխարությունն ու արցունքը: Քանի որ մարդը մեղանչական է, կամա և ակամա մեղքեր է գործում, ուստի նա մնայուն ապաշխարության կարիք ունի: Ապաշխարությունն ու դրա ընկերակցող արցունքները մարդու հոգու փրկության պայմաններից մեկն է: Ապաշխարությունը գործած հանցանքի և մեղքի զղջումն է, աստվածահաճո կյանք ապրելու ցանկությունն է:

Ինչպե՞ս չապաշխարող անձի մեղքերը ջնջվեն և նա փրկի իր հոգին, մինչ գրված է. «Արդ, ապաշխարե՛ք և դարձի՛ եկեք՝ ձեր մեղքերը ջնջելու համար» (Գործք. 3:19), «եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք» (Ղուկ. 13:3): Քրիստոսի խաչելությունը, չարչարանքները, մահը, թաղումը, հարությունը և համբարձումը դեպի Երկինք, անիմաստ կլինի, եթե բոլոր մարդիկ՝ ապաշխարողներն ու չապաշխարողները միասին, ժառանգելու են Երկնքի արքայությունը: 

Խոստովանությունն ու Արձակումը: Մեղքերի խոստովանությունը և քահանայից արձակում ստանալը հոգու փրկության պայմաններից մեկն է, որովհետև գրված է. «Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհ. 1:9), «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապեք երկրի վրա, կապված կլինի երկնքում, և ինչ որ արձակեք երկրի վրա, արձակված կլինի երկնքում» (Մատթ. 18:18):

Հաղորդությունը: Կարդում ենք. «Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք Մարդու Որդու մարմինը և չըմպեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա։ Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, հավիտենական կյանք ունի. և ես նրան վերջին օրը հարություն կտամ» (Հովհ. 6:53-54): Այստեղ տեսնում ենք, որ հավիտենական կյանքը՝ կապված է Տիրոջ Մարմնի և Արյան՝ Սուրբ հաղորդության հետ: Այսինքն, ով չի հաղորդվում, չի ունենալու հավիտենական կյանք՝ կորչելու է։

Բարի գործերը: Չարաչար սխալվում են նրանք, ովքեր մարդու հոգու փրկությունը կապում են միայն հավատքի հետ, որովհետև՝ 1. հավատքը առանց գործի օգուտ չունի. «Եղբայրնե՛ր իմ, օգուտն ի՞նչ է, եթե մեկն ասի, թե հավատ ունի, սակայն հավատն արտահայտող գործեր չունենա։ Մի՞թե հավատը նրան կկարողանա փրկել» (Հակ. 2:14), 2. հավատքը առանց գործի մեռած է. «Նույնպես և հավատը. եթե գործեր չունի, ինքնին մեռած է» (Հակ. 2:17), 3. Քրիստոս Իր Երկրորդ Գալուստին  յուրաքանչյուրին պիտի հատուցի իր գործերի համաձայն. «Ահա շուտով պիտի գամ, և ինձ հետ են իմ վարձերը, որպեսզի հատուցեմ յուրաքանչյուրին ըստ իր գործերի» (Հայտ. 22:12), «Այդժամ Թագավորը կասի նրանց, որ իր աջ կողմում են. «Եկե՛ք, իմ Հո՛ր օրհնյալներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը, որովհետև քաղցեցի, և ինձ կերակրեցիք, ծարավեցի, և ինձ խմելու ջուր տվեցիք, օտարական էի, և ինձ հյուրընկալեցիք,  մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ խնամեցիք, բանտում էի, և ինձ այցելեցիք» (Մատթ. 25:34-36):

Ներելը: Մեր հանդեպ սխալ գործած մարդկանց ներելը մեր հոգու փրկության պայմաններից մեկն է. «Եվ երբ աղոթքի կանգնեք, եթե մեկի դեմ որևէ բան ունեք, ներե՛ք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ձեզ ների ձեր հանցանքները» (Մարկ. 11:25), «Ների՛ր քո եղբոր անիրավությունը, և միայն այդ ժամանակ աղոթելիս քո մեղքերը կներվեն» (Սիրաք 28:2), «Ներե՛ք, և ներում պիտի գտնեք» (Ղուկ. 6:37): Եթե ուզում ենք, որ Աստված ների մեր հանցանքները, ուրեմն մենք ևս մեր հերթին պետք է ներենք մարդկանց հանցանքները: Երկնքի արքայությունը աններող, անողորմ, կարծրասիրտ մարդկանց վայր չէ:  

Սիրելի ընթերցող, միասնաբար, Աստվածաշնչի ճամփով՝ աստվածաշնչական համարներով տեսանք, որ մարդու հոգու փրկությունը չունի մի պայման՝ հավատքը, ինչպես ասում են ոչխարի հանդերձով հափշտակող գայլերը. «Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձանքով, բայց ներսից հափշտակող գայլեր են» (Մատթ. 7:15), այլ ունի պայմաններ՝ 1. հավատքը, 2. մկրտությունը, 3. դրոշմը, 4. ապաշխարությունը, 5. խոստովանությունը, 6. հաղորդությունը, 7. բարի գործեր կատարելը, 8. ներողամտությունը: 

 

 

Գևորգ սրկ. Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

 

25.10.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․