6 Հուլիս, Բշ, Վարդավառի պահքի Ա օր

Հովհան Ոսկեբերանի Մատթեոսի ավետարանի մեկնություն. Ճառ 24

Հովհան Ոսկեբերանի Մատթեոսի ավետարանի մեկնություն. Ճառ 24 | Hovhan Oskeberani Matteosi Avetarani Meknutyun Char 24

 «Ոչ ամէն մարդ, որ ինձ «Տէ՜ր, Տէ՜ր» է ասում, երկնքի արքայութիւն կը մտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է…» (Մտթ. 7:21-23) խոսքերի վերաբերյալ:

 

21 «Ոչ ամէն մարդ, որ ինձ «Տէ՜ր, Տէ՜ր» է ասում, երկնքի արքայութիւն կը մտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է: 22 Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. «Տէ՜ր, Տէ՜ր, չէ՞ որ քո անունով մարգարէացանք եւ քո անունով դեւեր հանեցինք եւ քո անունով բազում զօրաւոր գործեր արեցինք»: 23 Եւ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացէք ինձանից դուք ամէնքդ, որ անօրէնութիւն էք գործում»:

Ինչո՞ւ Փրկիչը չասաց. «ով կատարում է Իմ կամքը»: Քանի որ, սկզբի համար բավարար էր և այն, որ առաջին միտքն (Մտթ. 7:21) ընդունվի ունկնդիրների կողմից, իսկ այս խոսքերը շատ բարձր էին իրենց տկարության համեմատ: Այդուհանդերձ, առաջին միտքն իր մեջ ներառում է նաև երկրորդը: Ընդ որում պետք է ասել և այն, որ Որդու կամքը Հոր կամքից տարբեր չէ: Սակայն այստեղ, ինձ թվում է,  Փրկիչն առաջին հերթին խոսում է հրեաների մասին, որոնք մեծապես հոգում էին վարդապետությունների մասին, իսկ կյանքի մասին չէին հոգում: Ուստի Պողոսը նույնպես հանդիմանում է նրանց, ասելով. «Ահա և դու, որ հրեա ես կոչվում և հենվում ես Օրենքի վրա, պարծենում ես Աստծով, ճանաչում ես Նրա կամքը» (Հռ. 2:17-18): Բայց քեզ դրանից որևէ օգուտ չկա, եթե դա չի երևում քո կյանքում և գործերում: Սակայն Քրիստոսը կանգ չառավ նշված խոսքերի վրա, այլ ավելացրեց. «Այն օրը շատերն Ինձ կասեն. «Տե՜ր, Տե՜ր, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք» (Մտթ. 7:22): Այսինքն` ոչ միայն նա է զրկվում Երկնային Արքայությունից, ով ունի հավատք, բայց կյանքի մասին հոգ չի տանում, այլև հավասարապես նա կհեռացվի սրբազան դարպասներից, ով հավատքով հանդերձ բազում հրաշքներ կատարեց, սակայն որևէ բարիք չգործեց. «Այն օրը շատերն Ինձ կասեն. «Տե՜ր, Տե՜ր, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք»: Տեսնու՞մ ես, թե ինչպես է Փրկիչն աննկատ կերպով ներառում նաև Իր սեփական անձը և, վերջացնելով ամբողջ խոսքը, Իրեն հռչակում Դատավոր: Որ մեղավորներին պատիժ է հասնելու, այդ մասին հայտարարեց վերևում (Մտթ. 7:19), իսկ թե Ով է պատժելու, արդեն այստեղ է բացահայտում: Ընդ որում, ուղիղ չասաց. «Ես եմ պատժելու», այլ «շատերն Ինձ կասեն», դրանով իսկ ասում է նույն բանը: Իսկապես, եթե Նա Ինքը չլիներ Դատավորը, ապա ինչպե՞ս կասեր ունկնդիրներին. «Այն ժամանակ նրանց կասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռացե՛ք Ինձնից» (Մտթ. 7:23), այսինքն` ոչ միայն [չեմ ճանաչել] դատաստանի, այլ նաև հրաշքներ կատարելու ժամանակ: Այդ պատճառով էլ Իր աշակերտներին ասաց. «Բայց մի՛ ուրախացեք այն բանի համար, որ դևերը ձեզ հնազանդվում են, այլ ուրախացե՛ք, որ ձեր անունները գրված են երկնքում» (Ղուկ. 10:20):

Եվ ամենուր Նա հրամայում է մեծ հոգատարություն ունենալ կյանքի մասին: Անհնար է, որպեսզի մարդը, ով վարում է առաքինի կյանք և ազատ է բոլոր կրքերից, երբևէ անտեսվի: Թեպետ և նա ընկնի մոլորության մեջ, Աստված նույն պահին նրան կվերադարձնի դեպի ճշմարտություն: Սակայն ոմանք ասում են, որ նշված մարդիկ (Մտթ. 7:21) չեն ստանա փրկություն այն պատճառով, որ կեղծավորաբար են դավանում Տիրոջը: Եթե այդպես է, ապա Փրկիչն Իր մտադրությանը հակառակ է խոսում: Իրականում, Նա այստեղ ցանկանում է ցույց տալ, որ հավատքն առանց գործերի ոչինչ է:  Ապա ավելի զարգացնելով այս միտքը, ավելացնում է նաև հրաշքները, ցույց տալով, որ ոչ միայն հավատքը, այլ նաև հրաշքները որևէ օգուտ չեն բերի նրան, ով կատարում է դրանք, եթե չկան առաքինի գործեր: Իսկ եթե այս մարդիկ, հրաշքներ գործած չլինեին, ապա Քրիստոսն այստեղ չէր հիշատակի հրաշքների մասին: Մյուս կողմից, նրանք նույնպես չէին համարձակվի դատաստանի ժամանակ Նրան ասել հրաշքների մասին: Եվ հենց իրենց պատասխանն էլ, և այն, որ նրանք դա ասում են հարցի տեսքով, ցույց է տալիս, որ նրանք իրապես կատարել են հրաշքներ: Եվ քանզի տեսնում են ավարտ, որ հակառակ է իրենց սպասումներին, և այստեղ իրենց հրաշքների շնորհիվ բոլորի համար զարմանքի առարկա լինելուց հետո, այնտեղ տեսնում են, որ սահմանված են պատժի, ասում են. «Տե՜ր, Տե՜ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք»: Այժմ Դու ինչպե՞ս ես երես թեքում մեզնից: Ի՞նչ է նշանակում այս տարօրինակ և անսպասելի ավարտը: Սակայն թող նրանք զարմանան, որ, այսչափ հրաշքներ գործելով, ենթարկվեցին պատժի: Իսկ դու մի՛ զարմացիր: Այս ամբողջ շնորհը ոչ այլ ինչ էր, քան Շնորհատուի պարգևը, իսկ նրանք իրենցից որևէ բան չէին ներդրել, ուստի և արդարացիորեն պատժվում են, քանզի անշնորհակալ և անզգամ կանգնեցին Նրա առջև, Ով նրանց այնքան էր պատվել, որ նրանց, թեև արժանի չէին, տվել էր հրաշագործության շնորհը: Արդ, մի՞թե, կասես, նրանք անօրենություններ գործելով, միաժամանակ հրաշքներ էին կատարում: Սրան ոմանք պատասխանում են, որ նրանք անօրենություններ չէին կատարում այն ժամանակ, երբ հրաշագործում էին, այլ հետագայում շեղվեցին և հանցանքներ գործեցին: Սակայն այս կարծիքը նույնպես հակառակ է Փրկչի մտադրությանը, քանզի Նա ցանկանում էր ցույց տալ, որ ո՛չ հավատքը, ո՛չ հրաշքները ոչինչ չեն նշանակում առանց առաքինի կյանքի: Նույնպես և Պողոսը ասում է. «Եթե մարգարեություն ունենամ, բոլոր խորհուրդներն իմանամ ու ամբողջական գիտությանը հասնեմ, և եթե լիակատար հավատ ունենամ՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ չարժեմ» (Ա Կրնթ. 13:2): Իսկ ովքե՞ր են նրանք, որոնց Հիսուս Քրիստոսը, չնայած նրանց հրաշագործություններին, տանջանքներին արժանի է ներկայացնում: Շատերը հավատացյալներից ստացան պարգևներ: Այդպիսին էր նաև նա, ով հալածում էր դևերին, չլինելով Հիսուս Քրիստոսի հետևորդ: Այդպիսին էր և Հուդան, քանզի նա նույնպես, չար լինելով, ուներ հրաշագործության պարգև: Նույնը կարելի է գտնել նաև Հին Կտակարանում, այսինքն այն, որ շնորհը հաճախ գործում էր անարժանների մեջ` ի բարоրություն այլոց: Քանի որ ոչ բոլորն էին ամեն բանի ունակ, այլ ոմանք անարատ կյանք էին վարում, սակայն չունեին այդպիսի հավատք, իսկ ոմանք` հակառակը, ապա Տերը ինչպես առաջիններին վերջինների միջոցով մղում էր մեծ հավատք ցույց տալու, այնպես էլ վերջիններին այդ անճառելի պարգևի միջոցով կոչում էր ուղղվելու:

 

Ռուսերեն լեզվից թարգմանեց` Հրաչ Պետրոսյան

Աղբյուր` Святитель Иоанн Златоуст – Толкование на Евангелие от Матфея. В 2 книгах. Книга первая: Беседа 24 / Москва / Сибирская Благозвонница, 2021, стр. 418-421

06.07.26
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․