Հովնան մարգարեն տասներկու փոքր մարգարեներից է, ով Աստծուց հրաման էր առել՝ մեկնել Նինվե զղջման քարոզով քաղաքի չարության և ապագա կործանումը զգուշացնելու համար, եթե նրա բնակիչները չզղջան: Փորձելով խույս տալ այդ հրամանից՝ մարգարեն նստեց նավ, ուղևորվելով Թարսիս, որ փյունիկյան գաղութ էր: Ուղևորության ժամանակ նավը փոթորկի մեջ ընկավ, և նավավարները վախեցած վիճակ գցեցին, որ իմանան, թե ում մեղքերի պատճառով են իրենց վրա հրավիրել Աստծո զայրույթը: Վիճակն ընկավ Հովնանին, որը խոստովանեց իր մեղքը և խնդրեց նավավարներին իրեն ծովը նետել, որ նրանք կատարեցին, և Հովնանին կուլ տվեց կետը: Կետի փորում մնալով երեք օր ու երեք գիշեր՝ Հովնանը կետի կողմից ցամաք է շպրտվում: Պատահական չէ, որ Հովնանի պատմությունը առկա է Սուրբ Շաբաթի ընթերցվածներում՝ կապված Քրիստոսի խաչելությունից և թաղումից հետո կատարված անցքերի հետ. Հովնանը վկայված է Մատթեոսի Ավետարանում, որտեղ Քրիստոսը, ի պատասխան փարիսեցիների խնդրանքին նշան տալու, ասում է «Զի որպէս էր Յովնան ի փոր կիտին զերիս տիւս եւ զերիս գիշերս, նույնպէս եւ Որդի Մարդոյ ի սիրտ երկրի զերիս տիւս եւ զերիս գիշերս» (Մատթ. 12:40): Ազատվելուց հետո մարգարեն նորից հրաման է ստանում գնալ Նինվե: Նրա քարոզների շնորհիվ քաղաքի բնակիչները ապաշխարեցին, և Աստված նրանց խնայեց: Հովնանը, դառնացած, որ բնակիչների նկատմամբ դատաստան չեղավ, սկսեց սպասել իր մարգարեության կատարմանը՝ իր համար տաղավար սարքելով, որտեղ Աստծո հրամանով աճեց դդմենի: Հաջորդ օրը որդը կերավ դդմենու արմատը, և այն չորացավ, որի համար վշտացավ Հովնանը: Այդ ժամանակ Աստված հասկացրեց, որ եթե նա ափսոսում է դդմենու թուփը, որն աճեց և կործանվեց մեկ օրում, ապա որքան ավելի կարեկցանքի է արժանի ամբողջ քաղաքը:
Պատկերագրության մեջ Հովնանի պատմության մի շարք տեսարաններում Հովնանն ու նավավարները ներկայացված են մերկ, այնպես, ինչպես պատկերված են քրիստոնեական սարկոֆագների վրա: Մինչդեռ քրիստոնյա Արևելքում ժամանակակից և ավելի հին հուշարձանները նրանց հագուստով են ներկայացրել: Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու քանդակագործը պահպանել է նույնիսկ հատկանշական մի մանրամասնություն, որը, վերջին հաշվով, վերցված է հրեական անկանոն գրքից: Ըստ այդ տեքստի՝ «ձկան փորի բարձր ջերմությունը ոչնչացրել էր Հովնանի հագուստները և գլուխը դարձրել ճաղատ»: Հետևաբար, ծով ձգվելիս Հովնանն ունեցել է իր լրիվ մազերը, բայց արտավիժվելուց և դդմենու ներքո հանգստանալու երկու դեպքերը քանդակված են և միայն մեկ անգամ է պատկերված լայնաբաց բերանով հրեշի առաջ պառկած: Բայց Աղթամարի քանդակագործը զարգացրել է Նինվեում Հովնանի քարոզելու պատմությունը, ըստ որում, մեդալիոններում ներկայացված մարդկանց շարժումները հիշեցնում են թագավորի հրամանը՝ «Եվ մարդիկ ու անասուններ քուրձ հագնեն ու բոլոր ուժով Աստծո աղաղակեն» (Հովնան 3:8): Սա նոր մեկնաբանություն է, և շատ ավելի վառ ու կենդանի, քան քաղաքի դարպասների առաջ մարդկանց սովորական ամբոխումը, ինչպիսին պատկերված է բյուզանդական մի շարք ձեռագրերում:
Հեթում Բ արքայի Ճաշոցի մանրանկարներում հոգեվիճակների հաղորդման նկատմամբ առկա է սուր հետաքրքրություն: Միջնադարյան նկարչի համար զարմանալի կենդանությամբ են պատկերված կեցվածքներն ու շարժումները, դիմախաղը, դեմքերի արտահայտությունները՝ բազմապիսի հուզավիճակներով: Կատարվող իրադարձությանը տարբեր են արձագանքում նավում կուտակված նավորդները «Հովնան մարգարեին ծովը նետելու» տեսարանում. ոմանք մատնում են իրենց զգացմունքները, մյուսները մտազբաղ են, Հովնանի դեմքը սարսափ է արտահայտում: Հաղորդելով նրանց կենդանի շարժումները՝ նկարիչը ասես ցուցադրում է կեցվածքների իր դիտողականությունը, ինչպես Հովնանին ծովը նետող երկու երիտասարդների եռանդուն պատկերում:
Հանդիպում ենք պատկերների, որտեղ սրամիտ կոմպոզիցիոն լուծումներ է տրված. կետի բերանից նետված Հովնանը իր կերպարանքով ճեղքում է շրջանակը և դուրս գալիս կողմնային լուսանցք:
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հյուսիսային և հարավային ճակատների վրա քանդակված կոմպոզիցիաները լուսաբանում են Հին Կտակարանից վերցրած դեպքեր: Հովնանի պատմության վերևում ներկայացված է Սոփոնիան այն պատճառով, որ նա կանխագուշակել է Նինվեի կործանումը: Աղթամարի քանդակագործները երբեմն ձևափոխել են իրենց ընդօրինակած պատկերները: Հովնանի պատմության մեջ կետ ձկան երկրորդ պատկերը վերցված է պարսկական «սենմուրվ»-ից կամ ծովաձիուց, որը հաճախ էր վերարտադրվում մահմեդական կամ բյուզանդական գործվածքների վրա: Կորացրած թևով, արմավենազարդ սրունքով և կլորացրած հոդակապով ներկայացված կենդանու առաջամասը ճշմարտացիորեն պատկերում է այս առասպելական գազանի վիզը, բայց նրա ետնամասը, փոխանակ սիրամարգի պոչի ձևով վերջանալու, ներկայացնում է ձկան գալարված պոչ, որը հար և նման է վաղ քրիստոնեական շրջանի սարկոֆագների վրա պատկերված ծովային հրեշի պոչի: Սասանյան և հետսասանյան արվեստում ներկայացված կենդանու ոտքերի շուրջը երբեմն ժապավեններ են կապված, իսկ Աղթամարի քանդակագործը դրանց փոխարեն մի տեղ ներկայացրել է այն գնդակները, որոնք բազեների ոտքերին էին ամրացվում բազեպանների կողմից: Զուտ երևակայությունը այստեղ միահյուսված է ճշգրիտ մանրամասնության հետ:
Կազմեց Գայանե Սուգիկյանը